Գեղարքունիքի մարզում իրավիճակը հանդարտ է, անվտանգային առումով որևէ փոփոխություն չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Անվտանգային առումով իրավիճակը նույն է, հանդարտ է, ոչ մի փոփոխություն չունենք։ Ինչպես պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, այդ նույն իրավիճակն է»,- ասաց մարզպետը՝ հավելելով, որ կրակոցներ ևս չեն արձանագրվել։
Անդրադառնալով Սոթքի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակին՝ մարզպետը նշեց, որ հանքավայրը մասնակի է աշխատում։
«Փակ հանքում աշխատանքները շարունակվում են, իսկ բաց հատվածը մի քանի ամիս է չի աշխատում»,- նշեց մարզպետը։