«Պետք ա հունվարին ամուսնանար, ընկերուհի ուներ»․ որդեկորույս մայրը դաժան իրականության հետ չի հաշտվում

49-ամյա Շուշիկ Մաթևոսյանը իր յոթ զավակների և ամուսնու հետ Արցախի Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղում տուն էր ստեղծել, այգիներ տնկել, հողագործությամբ էին զբաղվում ու մասնագիտական աշխատանքներ կատարում։

Պատերազմը ոչ միայն խլեց այն, ինչ տարիներ շարունակ կառուցել էին, այլև 28-ամյա որդուն՝ Գոռ Գասպարյանին։

Մայրն ասում է․ «Մի ակնթարթում ամեն ինչ քանդվեց։ Մինչև պատերազմը անհոգ, շատ լավ ապրում էինք, ամուսինս մանկավարժ էր, ես մանկապարտեզում էի աշխատում, տղաներս աշխատում էին, ապրում էինք մեր առօրյա կյանքով։ Իսկ հիմա ինձ համար լրիվ կոտրվել ա։ Կուզեի բոմժի պես ապրեի, բայց էրեխես կողքիս լիներ»: 

Գոռ Գասպարյանը մասնակցում էր արդեն երկրորդ պատերազմին, մինչ այդ Ապրիլյանին էր մասնակցել, արժանացել Արիության մեդալի։

Պատերազմի լուրն առնելուն պես՝ սեպտեմբերի 27-ին, եղբոր հետ կամավոր մեկնել է առաջնագիծ՝ հայրենիքը պաշտպանելու:

4 օր անց ընտանիքին հայտնում են որդու՝ Գոռի զոհվելու լուրը։

«Զոհվել ա սեպտեմբերի 30-ին, 27-ին գնացել ա Ջաբրայիլ, ու դրանից հետո կապ չեմ ունեցել։ 4 օր հետո մահացել ա, մեզ ասել են՝ վիրավոր ա, հետո իմացանք, որ զոհվել է,- հուզմունքով ասում է մայրը և հավելում,- գլխից են խփել, դիվերսիոն խումբ ա մտած էղել»։

Մայրն ասում է՝ տղայի երազանքները ու նպատակները կիսատ մնացին։ Հունվարին պետք է ամուսնանար, ընտանիք կազմեր։ Սովորում էր, տարբեր աշխատանքներ էր անում՝ շենք էր կառուցում, հողագործությամբ զբաղվում, տրակտոր վարում, կահույք հավաքում։ 

«Ինքը արդեն պետք ա հունվարին ամուսնանար, ընկերուհի ուներ, մեծ երազանքներ ուներ ու հենց Ղարաբաղում մնալու համար… Որ ասում էին՝ Գո՛ռ, Ռուսաստան գնա, ասում էր՝ ի՞նչ կա Ռուսաստան, եթե իմ հողը ստեղ ա։

Շատ էր սիրում Արցախը, հենց մի կռիվ էր լինում, ասում էինք՝ ի՞նչ կլինի, մի՛ գնա, ասում էր՝ եթե ես չգնամ, սաղ չգնան, հետ կանգնեն, ո՞վ ա մեզ պաշտպանելու, մեր հողերը ո՞ւմ են տալու։

Տրակտոր էր քշում, գյուղում եթե մի բան էր լինում, ասում էին՝ արի խոտ քաղի, հող վարի, գնում էր, ասում էր՝ եթե ունեմ, պիտի օգնեմ, հո մենակ չե՞մ թողելու ժողովրդին, մենք եկել ենք, որ մեկս մյուսին պահենք»,- հիշում է մայրը։

Ասում է՝ տղան շատ ընկերասեր ու մեծահոգի էր։

Մայրն ասում է, թեև յոթ զավակ ունի, բայց Գոռի կորուստը ոչ մի կերպ չի սփոփվում․ «Ես ունեմ բալիկներ, թոռներ, բայց ամեն էրեխա իրա տեղն ունի, դժվար ա, մենք հլը որ չենք հարմարվում էս կյանքին, էրեխեքի էսքան թափած արյունները, էս ծնողի համար մեծ ցավ ա։

Եթե պետք ա հողերը հետ տային, ընչի՞ համար էսքան զոհեր էղան, ավելի լավ էր՝ սուսուփուս հետ կանգնեինք, հիմա ոչ մի բան չեմ կարում զգամ, սաղ երկրորդական ա դառել»,- հուզմունքով նշում է որդեկորույս մայրը։

Ասում է՝ դեռ չի պատկերացնում ապագան, ամեն ինչ կորցրել է, Արցախ վերադառնալ էլ չի կարող, սահմանին կատարվող վերջին իրադարձություններից հետո՝ առավել ևս:

«Ոչ մի բան չեմ պատկերացնում, Արցախ գնալ վախում եմ, պահ ա գալիս, ամուսինս ասում ա՝ կգնանք, բայց ո՞ւր գնանք, մանավանդ էս վերջին շրջանում, արդեն չէ, չգիտեմ՝ ինչ կորոշեմ, ինչ կանեմ»,- ասում է Շուշիկը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am