«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը
– Պարո՛ն Բադալյան, այսօր Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրն է, ու այդ առիթով հնչում են տարբեր հայտարարություններ, ուղերձներ, մասնավորապես, որ Արցախի էջը փակված չէ, այն չի կարող փակվել որևէ պայմանագրով: Ի՞նչ ունենք այս պահին Արցախի հարցի հետ կապված:
– Մեծ հաշվով, ցանկացած էջ բացելն ու փակելը այդ մասշտաբի հարցերում լայն իմաստով պայմանավորված է լինում աշխարհաքաղաքական իրողություններով, այսինքն՝ եթե դիտարկենք 90-ականների սկզբին, երբ բացվեց Արցախի էջը, ապա բացվեց ոչ այն պատճառով, որ երբեք չէր փակվել, այլ տեղի ունեցան աշխարհաքաղաքական փոփոխություններ, իրողություններ, ու դրանք ստեղծեցին մի իրավիճակ, երբ ի թիվս մի շարք աշխարհաքաղաքական պրոցեսների, ծավալվեց նաև Արցախյան շարժումը, ու այն ունեցավ իր հաջողությունը մեր ժողովրդի համար:
Ու նաև նույն՝ աշխարհաքաղաքական պրոցեսներով իրավիճակը հանգեց մի կետի, որտեղ «փակվեց» այդ էջը, այդ իմաստով որքան էլ մենք այսօր ունենք խնդրահարույց իրավիճակ, որովհետև վերջին տարիների թղթերը բոլորը մեր դեմ են, բայց իրավիճակը թղթերով չի բացվում ու չի փակվում այսպիսի մասշտաբի հարցերում:
Խնդիրն առաջին հերթին այն է, թե մենք՝ որպես հավաքական հանրություն, որպես պետականություն կրող ժողովուրդ, մեզ համար այդ էջը բա՞ց ենք պահում, թե՞ փակում ենք, ընդ որում՝ բաց պահել ասվածն էլ ստուգաբանման կարիք ունի. բաց պահել զուտ հիշողությունների՞ մակարդակով, թե՞ քաղաքական ու իրավական գիտակցության մակարդակով, որովհետև զուտ հիշողության մակարդակով բաց են պատմության բոլոր էջերը:
Այստեղ հարցն այն է, թե մենք՝ որպես հավաքական հանրություն, կկարողանա՞նք քաղաքական ու իրավական գիտակցության մակարդակում հարցը բաց պահել անգամ այն պարագայում, երբ ակնհայտ է, որ պաշտոնական մակարդակում Հայաստանի իշխանությունը պարբերաբար հայտարարում է հարցը փակված լինելու ու երբեք բացելու ենթակա չլինելու մասին: Այսինքն՝ մենք ունենք ոչ միայն ժամանակի մարտահրավերը՝ աշխարհաքաղաքական իմաստով, այլ նաև հետքաղաքական մարտահրավերը ներքին իմաստով՝ պաշտոնական քաղաքականություն ու գործող իշխանություն:
Այնուամենայնիվ, այս մարտահրավերներով հանդերձ, մենք՝ որպես հավաքական հանրություն, կգտնե՞նք այն մեխանիզմները, որոնք մեզ հնարավորություն կտան հենց այդ քաղաքական ու իրավական գիտակցության առումով հարցը բաց պահել, այդ դեպքում մենք կարող ենք նաև պատրաստ լինել իրավիճակի փոփոխության, նոր հնարավորությունների, նկատի ունեմ՝ լայն աշխարհաքաղաքական հնարավորությունների առաջացման պարագայում սեղանին դնել մեր հարցն ու հետապնդել դրա այս կամ այն ծավալի կամ չափի լուծում:
– Այդ համատեքստում Մինսկի խմբի լուծարման, որն արդեն պաշտոնապես հաստատվել է, հետևանքները որոնք են լինելու մեզ համար:
– Սա իհարկե, փաստաթղթային մակարդակով հարցը փակելու դրսևորումներից մեկն է, եթե, օրինակ՝ Հայաստանի իշխանությունն իր մասշտաբով է հարցը փակում՝ փաստաթղթային մակարդակում, ապա այս դեպքում արդեն միջազգային հանրության մակարդակում է փաստաթղթային առումով փակվում հարցը:
Այս տեսանկյունից սա իհարկե անցանկալի ու անընդունելի իրավիճակ է, սա մարտահրավեր է, այն մարտահրավերներից մեկը, որի մասին նշեցի: Մինսկի խմբի փակման մասին ԵԱՀԿ խորհրդի որոշումը լեգիտիմացնում է այն ագրեսիան ու էթնիկ զտումը, որն իրականացրեց Ադրբեջանը Արցախի հանդեպ, ու նաև այն շանտաժի ու ուժի կիրառման սպառնալիքի քաղաքականությունը, որ Ադրբեջանն իրականացրեց Հայաստանի հանդեպ:
Համենայնդեպս, պաշտոնական Երևանը գոնե Հայաստանի հասարակությանը Ադրբեջանի պայմաններն ընդունելու, դրանց հանդեպ լոյալության քաղաքականությունը բացատրում էր նրանով, որ այդ կերպ ինքը խուսափում է էսկալացիայից, որ Ադրբեջանը ձգտում է էսկալացիայի, իսկ քանի որ իրենք փորձում են լոյալ վերաբերվել Ադրբեջանի պահանջներին, կանխում են էսկալացիան: Սա նշանակում է, որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության վերաբերյալ այս համատեղ դիմումի պայմանը ընդունել է շանտաժի ու սպառնալիքի պարագայում, եթե այդպես չէ, ապա Հայաստանի իշխանությունն է նենգափոխել իրավիճակը մեր հասարակության համար:
ԵԱՀԿ նախարարների խորհուրդը, շատ լավ պատկերացնելով իրերի դրությունը, կարծում եմ, կայացրել է որոշում՝ արդարացնելով ու հիմնավորելով այդ որոշմանը հանգեցրած շանտաժը, ու, ինչպես արդեն նշեցի, Արցախի հանդեպ ադրբեջանական այդ ագրեսիան՝ ջնջելով առնվազն այդ ագրեսիայի փաստաթղթային ու իրավական հենքը։
Մինսկի համանախագահության գործունեության ամբողջ իմաստն այն էր, որ միջազգային մանդատի ներքո պետք է կազմակերպվի արցախյան հակամարտության խաղաղ արգավորման գործընթաց՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդունած միջազգային երեք հիմնարար սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և ուժի չկիրառման ու ուժի սպառնալիքի կիրառման բացառում:
Ադրբեջանը խախտել է այս սկզբունքներն ու ուժի կիրառմամբ «լուծել» արցախյան խնդիրը: Այս ամենի պարագայում ԵԱՀԿ անելիքը պետք է լիներ այս ամբողջը քննության առնելը, բայց փաստացի նրանք սպասում էին, որ ադրբեջանական շանտաժով Հայաստանին պարտադրվի Մինսկի խմբի լուծարման համատեղ դիմում:
Սա փաստացի նաև դարձավ Հայաստանի իշխանության նախընտրական խնդիրների զոհ, այսինքն՝ Հայաստանն ակնհայտորեն զիջեց այս պայմանին Վաշինգտոնում՝ ստանալու համար այդ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, որպեսզի կարողանա ընտրազանգվածին այն ներկայացնել որպես խաղաղության օրակարգի ձեռքբերում:
Մեզ համար ԵԱՀԿ փաստաթղթավորումը, այդ ամբողջ գործընթացի առկայությունը, եթե նույնիսկ այդ խումբը դե ֆակտո չէր աշխատում, ապա միևնույն է, բազա էր, թեկուզ ոչ վճռորոշ ու բոլոր հարցերը լուծող, ու Ադրբեջանը դրա համար էր հետամուտ, որ ջնջվի այդ բազան, ինչպես ասացի։ ԵԱՀԿ դերակատարներն էլ սպասում էին դրան, որովհետև երբ այդ բազան մնում է, ապա իրենք պետք է պատասխան տան՝ երբ Ադրբեջանը խախտել է այդ հիմնարար սկզբունքները, իրենք ի՞նչ են արել դա թույլ չտալու կամ կանխելու համար կամ ի՞նչ են արել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար:
ԵԱՀԿ-ի մասով մեկ այլ կարևոր բան նշեմ. Հայաստանում վերջերս տարածվեց մի թեզ, թե միջազգային հանրությունը Արցախը երբեք չի ճանաչել Ադրբեջանի կազմից դուրս և այլն։ ԵԱՀԿ որոշումը ու արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին բացառիկ այդ մանդատը ինքնին արդեն իսկ Լեռնային Ղարաբաղի ճանաչման ակտ է, ճանաչում ոչ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ, բայց ճանաչում հակամարտության, որը պահանջում է լուծում։
Այսինքն՝ սա ևս ճանաչման տարբերակ էր, ու հենց սրա համար էր, որ Ադրբեջանը միտված էր խումբը դե յուրե նաև վերացնելու հարցում, թեև դե ֆակտո վաղուց այն չէր աշխատում, ու հնարավոր է, որ երբեք էլ չաշխատեր, բայց այդ իրավական բազան, եթե անգամ պետք է տեղի ունենան այլ փոփոխություններ, այլ ձևաչափեր ստեղծվեն և այլն, ապա այդ իրավական բազան մեր ձեռքին խաղաքարտ կամ հիմք էր, որպեսզի մենք դա դնենք սեղանին ու ասենք, որ դա եղել է, ու մեր ակնկալիքները ներկայացնենք։ Այս ամենը, ցավոք, ջնջվեց նախօրեին կայացրած որոշմամբ:
– Այսինքն՝ եթե հետագայում ձեր ասած հնարավորությունները ստեղծվեն, ապա այդ բազայի բացակայությունն առավել դժվարացնելո՞ւ է արցախյան հարցն առաջ մղելու գործը:
– Այո՛, բնականաբար, ավելի բարդացնում է հարցը, առավելևս, որ այդ բազան ջնջվել է նաև Հայաստանի համաձայնությամբ, այսինքն՝ այդ դիմումը ստորագրել է նաև Հայաստանը։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















