Մեր նպատակն է օգնել տարանջատելու իրական լրատվամիջոցներին ֆեյք լրատվամիջոցներից, անանուն աղբյուներից. հեղինակ պատգամավորը՝ վիճահարույց օրինագծի մասին

Արթուր Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորական խումբը «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, որն առաջացրել է լրագրողական դաշտի դժգոհությունը: Կներկայացնեք՝ ի՞նչ եք առաջարկում:

– Ամբողջ խնդիրն այն է, որ այսօր տեղեկատվական դաշտում հայտնվել են աղբյուրներ, որոնք ամենևին լրատվամիջոց կոչվելու իրավունք չունեն և ավելին, կարծում եմ՝ դրանք լրատվամիջոց համարելով՝ լրագրողներին վիրավորած կլինեմ: Դրանք աղբյուրներ են, որոնց ծագումնաբանությունն անհայտ է, ու դրանց տնօրինողներին հնարավոր չէ նույնականացնել:

Մեր գնահատմամբ, հաշվի առնելով նաև նախկին մի շարք օրինակներ, նմանատիպ աղբյուրների տնօրինողները հնարավոր է արտաքին ուժերի կողմից ուղղորդվեն՝ երկրի ներսում իքս նպատակով տարբեր տիպի լարվածություններ ու խնդիրներ առաջացնելու համար: Սա անվտանգությանն առնչվող հարց է:

Բացի այդ, նման աղբյուրների հրապարակումները տարածում են իրական լրատվական գործունեություն իրականացնող ընկերությունները՝ փաստացի հղում տալով ու գովազդելով այդ աղբյուրներին, հանրության մոտ այդ աղբյուրները ասոցացվում ու լեգիտիմացվում են որպես իրական լրատվամիջոցներ և շատ դեպքերում ավելի հայտնի են դառնում, քան իրական լրատվամիջոցներն են, որոնք ունեն 30 հոգանոց աշխատակազմ ու ամբողջ օրը նյութ են գեներացնում, որ մատուցեն հանրությանը: 

Դրա համար մենք օրենքում առաջարկում ենք սահմանել անանուն աղբյուր հասկացությունը, որը բացվում է հետևյալ կերպ՝ «համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի օգտահաշիվ, կամ համացանցային կայքի ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից»: 

Հաջորդ քայլով առաջարկում ենք արգելել լրատվական գործունեություն իրականացնողներին հղում կատարել այս աղբյուրներին:

Այս դեպքում ամենակարևորն այն է, որ մենք որևէ կերպ չենք արգելում լրագրողների տեղեկություն տարածելու իրավունքը: Մենք ասում ենք՝ սիրելի լրագրողներ, ինչպես նախկինում, երբ չկային տելեգրամյան ալիքներ, և դուք համացանցում ինչ-որ ինֆորմացիա էիք գտնում ու որպես լրագրող ստուգում էիք դրա իսկությունը ու հետո որոշում հրապարակել, հիմա էլ արեք նույն բանը՝ վերցրեք այդ տեղեկությունը և հրապարակեք ձեր կայքում, բայց որևէ կերպ մի՛ գովազդեք անանուն աղբյուրները, որոնք ազգային անվտանգության սպառնալիք կարող են դառնալ:

– Ձեր կռիվը անանուն աղբյուրի կամ հիմա շատ տարածված տելեգրամյան ալիքների դե՞մ է, թե՞ դրանցով տարածվող տեղեկությունը, ինչպես դուք եք ասում, գովազդող լրատվամիջոցների: Ես ձեր խոսքից հասկացա, որ կռիվ ունեք դրանք տարածող լրատվամիջոցների դեմ:

– Առաջնային խնդիրը այդ աղբյուրների անանուն լինելն է և դրանով պայմանավորված ռիսկերը, որոնք ընդհուպ կարող են սպառնալ ազգային անվտանգությանը: Այո՛, մեզ համար նաև խնդիր են այնպիսի լրատվական միջոցները, որոնք գովազդում են աղբյուրներ, ինչպիսիք կարող են ազգային անվտանգության ռիսկեր առաջացնել: Այս շղթայի մեջ, իհարկե, խնդիրներ կան, և դա լուծելու համար մենք առաջարկում ենք այս գործիքը:

Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ առանց այս կարգավորման էլ այսօր կան մի շարք բարեխիղճ լրատվամիջոցներ, որոնք երբեք նման բան չեն անում: Կարելի է ասել, որ էթիկայի բացակայության և դրա՝ սարսափելի վատ վիճակում գտնվելու հետևանքով մենք ստիպված ենք էթիկայի սկզբունքը բերել-դարձնել օրենք:

Իմ կարծիքով՝ այս հարցը պետք է լուծեր լրագրողական էթիկան, բայց մենք ականատես ենք լինում, որ, ո՛չ, լրագրողական էթիկան, լրագրողական պատասխանատվությունը չեն լուծում այդ խնդիրը:

Ստացվում է՝ մենք մեր քաղաքացիներին հրամցնում ենք աղբյուրներ, որոնք կարող է բացված լինեն որևէ ադրբեջանցու կողմից, որևէ սրճարանում նստած, որևէ նոութբուքով: Ու դրանք գալիս հավասարվում են Հայաստանում 30 հոգանոց աշխատակազմ ունեցող լրատվամիջոցին: Սա, կարծում եմ՝ առաջին հերթին անընդունելի է հենց լրագրողների համար:

– Դուք քանի որ նախկին լրագրող եք, փորձեմ այսպես ճշտել. լրագրողների շրջանում երեկ, երբ օրինագիծը սկսել էր շրջանառվել, մտահոգություն էր առաջացրել այն, որ ձեր առաջարկվող նախագծով արգելվում է սեփական աղբյուրների հիման վրա նյութերի հրապարակումը: Այնինչ խոսքը ստեղծված անանուն լրատվական ալիքների, օգտահաշիվների մասին է: Ճի՞շտ եմ հասկացել:

– Այո՛, ճիշտ եք հասկանում: Մենք որևէ կերպ չենք սահմանափակում տեղեկատվության ազատության սահմանափակումը, մենք որևէ կերպ չենք անդրադառնում տեղեկատվության աղբյուրների պաշտպանությանը, մենք ասում ենք՝ դուք չեք կարող հղում անել ու այդպիսով գովազդել աղբյուրների, որոնց նույնականացումը հնարավոր չէ: Սրա մասին է խոսքը:

– Բայց այդ աղբյուրները, որոնք հետո պարզվում է՝ սուտ տեղեկություն են տարածում, կարող են գործել անխափան, ունենալ տասնյակ հազարավոր սպառողներ…

– Տեսեք՝ առհասարակ տեխնիկական իմաստով, այս պահին նաև համաշխարհային խնդիրը սա է, որ հնարավոր չէ արգելել… Բայց, կներեք, ովքե՞ր են այդ տելեգրամյան ալիքները տարածում, գովազդում, ովքե՞ր են այդ տելեգրամյան ալիքները լեգիտիմացնում որպես լրատվական միջոց մեր հանրության աչքերում: Ովքե՞ր: Իհարկե՝ լրատվամիջոցները:

Հետևաբար չի կարող լինել մի իրավիճակ, երբ ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող աղբյուրը գովազդվի լեգիտիմ լրատվամիջոցների կողմից: Սա անընդունելի է, և, կարծում եմ, անընդունելի պետք է լինի բարեխիղճ լրատվական կազմակերպությունների, խոսքի ազատության ջատագովների համար:

Մեր նպատակն է օգնել տարանջատելու իրական լրատվամիջոցներին ֆեյք լրատվամիջոցներից, անանուն աղբյուրներից: Դրանք շատ արագ, իրար հետևից օրը հարյուր հատ կարող են բացվել մեր սահմանակից երկրներից որևէ մեկում և լրջագույն սպառնալիք հանդիսանալ ազգային անվտանգությանը, մեր քաղաքացիների հոգեկան առողջությանը և ներքաղաքական կայունությանը: Մենք առաջարկում ենք այս լուծմամբ գոնե մեղմել այդ ռիսկերը:

Խոսքի ազատությունը հիմա բոլորովին այլ տեսք է ստանում, և մենք էլ՝ որպես օրենսդիրներ, պարտավոր ենք օրենսդրությունը համապատասխանեցնել առկա իրողություններին: Գիտեք, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը 2003 թվականին է գրվել, իսկ կատարված փոփոխություններն էլ բովանդակային իմաստով բան չեն փոխել: Ուղղակի աբսուրդ է 2021 թվականին ունենալ 2003 թվականին գրված «Զանգվածային լրատվության մասին» օրենք:

– Նախագծում նաև լրատվամիջոցների եկամտի աղբյուրների հրապարակման մասին կա փոփոխություն: Այս մասով ի՞նչ եք առաջարկում, ինչպես նաև պատասխանատվության կամ տուգանքների մասին փոփոխությունը, խնդրում եմ, ներկայացրեք:

– Մենք առաջակում ենք մի քիչ ավելի բացել հաշվետվության մասը, նախ՝ սահմանել, թե որտեղի՛ց են գոյանում լրատվամիջոցների եկամտի աղբյուրները, այսինքն՝ գովազդից, վճարովի եթերաժամանակից, այն ամեն ինչը, որից լրատվամիջոցները գումար են ստանում:

Ինչպես նաև սահմանել, թե կոնկրետ ի՛նչ պետք է հրապարակվի այդ հաշվետվության մեջ, այդ թվում՝ այն, թե կոնկրետ ով ինչ մասնակցություն ունի այդ իրավաբանական անձի կապիտալում: Տարեկան հաշվետվությունը հրապարակվում է տարեկան մեկ անգամ՝ մարտին:

Չհրապարակելու դեպքում մեծացրել ենք տուգանքը. 2003 թվականի օրենքը չհրապարակելու դեպքում, որպես տուգանք, նախատեսում էր նվազագույն աշխատավարձի տասնապատիկը, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ ցանկացած լրատվամիջոց կարող է 10 հազար դրամը բերել վճարել և ուղղակի չհրապարակել իր մի քանի միլիոն դոլարների հասնող դրամաշրջանառությունը իր լրատվական կազմակերպությունում:

Այսինքն՝ մենք փորձել ենք բերել իրականության դաշտ այն ամենը, ինչ կատարվում է մեր շուրջը: Անանուն աղբյուրին հղում կատարելու և հաշվետվությունը չհրապարակելու դեպքում առաջին անգամվա համար տուգանքը սահմանվելու է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով, կրկնվելու դեպքում՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով:

Օրինագիծը դրել ենք շրջանառության մեջ, ունենք մեկ ամիս առաջարկությունների համար, և մենք պատրաստ ենք ցանկացած առաջարկություն քննարկելու համար: Շատ ուրախ կլինենք, որ հենց լրագրողական համայնքից գան այդ առաջարկները:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am