Այս ընտրությունները մի շատ կարևոր բան ցույց տվեցին՝ ժողովրդավարության անշրջելիությունը ՀՀ-ում. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունները ցույց են տվել, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունն անշրջելի է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողության ժամանակ ունեցած ելույթում։ 

«Նախ ուզում եմ Տիգրան Ավինյանին շնորհավորել Երևանի քաղաքապետ ընտրվելու առիթով։ Սա իսկապես շատ մեծ պատասխանատվություն է ոչ միայն Տիգրան Ավինյանի համար, ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար, այլև բոլոր այն մարդկանց համար և այն մարդկանց առաջ, ովքեր մասնակցել են Երևանի ավագանու ընտրություններին, արտահայտել են դիրքորոշումն այդ առիթով։ Եվ մարդիկ, որևէ մեկի օգտին քվեարկելիս՝ անկախ նրանից, թե ում օգտին են քվեարկել, ունեցել են մի նպատակ՝ տեսնել ծաղկուն Երևան և տեսնել երջանիկ երևանցի։ Սա, թվում է թե բարդ, բայց կատարման համար անխուսափելի խնդիր է։ Եվ այս խնդիրը լուծելը միայն քաղաքապետի գործը չէ, այլ նաև՝ Երևանի ավագանու ամբողջ կազմի։ Ես ուզում եմ շնորհավորել  նաև Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով խմբակցություն ձևավորված բոլոր կուսակցություններին և մաղթել նրանց պտղաբեր աշխատանք հանուն Երևանի և երևանցիների։ Այս ընտրությունները մի շատ կարևոր բան ցույց տվեցին՝ ժողովրդավարության անշրջելիությունը Հայաստանի Հանրապետությունում։ Ընտրությունների ամբողջ գործընթացը, իհարկե, անցավ լարված, բայց ընտրությունների և Հայաստանի ժողովրդավարական էությունը որևէ կերպ չստվերվեց, և սա շատ կարևոր արձանագրում է»,- ասաց ՀՀ վարչապետը։ 

Նրա խոսքով՝ այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին իշխող ուժի անբեկանելի հավատարմությունը 2018 թվականի հեղափոխության արժեքներին, որի առաջնային նպատակը ժողովրդին, ՀՀ քաղաքացուն օժտելն էր անբեկանելի իշխանությամբ՝ ձևավորելու իշխող ինստիտուտներ և մարմիններ։ Փաշինյանը կարծում է, որ այս ընտրություններն ապացուցեցին այդ տրամաբանության անշրջելիությունը Հայաստանում։ 

«Շատ կարևոր է արձանագրել, որ ընտրությունների արդյունքներով Հայաստանի մայրաքաղաքում կառավարման նոր մոդել է փորձարկվելու։ Մայրաքաղաքի կառավարումը գործադիր հատվածում իրականացնելու են «Քաղաքացիական պայմանագիր»  և «Հանրապետություն» կուսակցությունները, և այս պատասխանատվության առումով շնորհավորում եմ «Հանրապետություն» կուսակցությանը և հաջողություն մաղթում։  Բայց Երևանի մասին օրենսդրության համաձայն՝ Երևանը կառավարվում է ամբողջ ավագանու կողմից, և պետք է արձանագրել, որ Երևանի ավագանու և քաղաքապետի ու քաղաքապետարանի գործունեությանը հետևելիս, մարդիկ մի հարցի պատասխան են ցանկանալու լսել և զգալ՝ ինչքանով են իրենց ձայներով ավագանի ձևավորած ուժերը նվիրված Երևանի և երևանցու խնդիրների լուծմանը։ Ես համոզված եմ, որ այս ճանապարհին մենք իսկապես կլինենք հետևողական»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչապետը հավելեց, որ 2018 թվականին իրենց քաղաքական թիմը, ստանձնելով Երևանի կառավարման պատասխանատվությունը, էական, տեսանելի և շոշափելի փոփոխություններ է իրականացրել մայրաքաղաքում։ 

«Ես համոզված եմ, որ այս նոր փուլում այդ փոփոխություններն ավելի շոշափելի կլինեն։ Եվ ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանի կառավարությունը ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է լինել Երևանի քաղաքապետի կողքին, Երևանի ավագանու կողքին՝ հանուն Երևանի և հանուն երևանցու»,- եզրափակեց վարչապետը։