Կանադայի խորհրդարանի Կանադա-Հայաստան բարեկամության խումբը կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին. Պատգամավոր

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կանադայի խորհրդարանի Կանադա-Հայաստան բարեկամության խումբը հանդես է եկել Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոյին ուղղված նամակով, որում հայցել է վերջինիս աջակցությունը հետևյալ խնդիրների բարձրաձայնման հարցում։

Մասնավորապես․

– կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը ամբողջությամբ ներգրավվել Արցախյան հիմնախնդրի բանակցություններում և իրենց ջանքերը գործադրել հետպատերազմական պատշաճ հավասարակշռության հաստատման գործում։

– համոզմունք է հայտնել, որ հիմնախնդրի արդար և տևական լուծման հասնելու միակ ճանապարհը Հելսինկիի Եզրափակիչ ակտի բոլոր սկզբունքների, այդ թվում` ազգերի ինքնորոշման իրավունքի ապահովումն է։

– կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, ինչպես նաև՝ երաշխավորել իր հսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը»։