Մայրը հիշում է որդու խոսքը՝ սաղ մնամ՝ կզանգեմ. «Արմանին ասել են՝ քարշ տա՞նք, ասել ա՝ տղե՛րք, ինձ թողե՛ք, գնացեք»

Ելիզավետա Օհանջանյանը հուզմունքով է հիշում որդու վերջին նամակի տողերը. «Ինչ էլ լինի, գլուխդ բարձր կպահես։ Սաղ մնամ՝ կզանգեմ»։

Մայրն ասում է՝ ընդմիշտ մնաց որդու զանգին կարոտ․ «Կարոտն ու ցավը չեմ կարողանում հաղթահարել, սիրտս պայթում է»։

Ելիզավետայի որդին՝ 23-ամյա Արման Օհանջանյանը, կամավոր է մեկնել առաջնագիծ։

Արմանն առողջական խնդրի պատճառով բանակում չի ծառայել, սակայն ոչինչ չի խանգարել, որ պատերազմի լուրը լսելուն պես Արմանը միանգամից մեկնի մարտի դաշտ։

«Մենք Արցախից ենք տեղափոխվել Հայաստան, ինքն իրեն միշտ արցախցի է համարել, միշտ շատ ա սիրել Արցախը, պատերազմը երբ սկսվեց՝ սեպտեմբերի 28-ին, գնաց գրանցվելու։

Իրա վայեննի բիլետը նայել են, ասել են՝ բայց դու, ախր, ծառայած չես, քեզ չենք կարող ուղարկել, էդտեղ եղած իր դասընկերն ա մեզ պատմել։ Արմանն էլ մի քիչ բորբոքված ասել ա՝ ես չեմ եկել հարցնեմ՝ ինձ տանո՞ւմ եք, թե՞ չէ, ես եկել եմ ասեմ, որ գնում եմ»,- պատմում է մայրն ու հուզվում։

Սեպտեմբերի 30-ին արդեն Արման Օհանջանյանը տեղափոխվել է Ջրական։ Ամենաթեժ կետերում մասնակցել է մարտերին։

Մեկ օր ծնողները չեն կարողացել կապ հաստատել որդու հետ։

«10 մետրից բոյ ա տվել ինքը, էդ օրը ինքը վիրավորվել ա։ Հետո խոսեցի իր հետ՝ ասեցի՝ գալի՞ս ես, չէ՞, ասեց՝ կարո՞ղ ա գիտես դասալիք եմ»,- հիշում է մայրը։

Վերջին անգամ ընտանիքն Արմանի հետ կապ է հաստատել հոկտեմբերի 1-ին, այդ օրը Արմանը հայտնել է, որ դաշտում մենակ է և վիրավոր։

«Զանգել էր հորը, ասել, հետո ես խելագարված զանգեցի, ասեցի՝ որտե՞ղդ ա վիրավոր, ասեց՝ վիզս, ուսս, կողերս, ու էնքան կամաց էր խոսում, հազիվ էի լսում ու հասկանում։ Ասեցի՝ մի հատ համար տուր, զանգեմ, համար ասեց, բայց էնքան կամաց էր, որ չլսեցի»,- արցունքների միջից հիշում է մայրը ու ասում, որ վերջին զանգը որդու հետ եղել է ժամը 2։16 րոպեին։

«Որ խոսեցինք, ասեցի՝ Արմա՛ն ջան, ուժերդ հավաքի, բալե՛ս, դիմացի՛, հեսա գալիս են, որովհետև ինձ ասել էին՝ շտապօգնությունը կգնա, ու էդ պահին նենց գմփոց լսեցի՝ պայթյուն, որ վախից հեռախոսս անջատեցի։ Ու դրանից հետո հեռախոսով կապ չեմ հաստատել»,- ասում է մայրը։

Ելիզավետան ասում է, որ գիշերը ժամը 2-ի հատվածում սիրտը վատ կանխազգացում է ունեցել, իսկ առավոտյան որդու զինակից ընկերներից մեկը զանգել և հայտնել է, որ Արմանն այլևս ողջ չէ։

Արմանի ընկերը այնուհետև հանդիպել է Ելիզավետայի հետ, դեպքի որոշ մանրամասներ պատմել։

«Գեներալն ասել ա, որ որևէ մեկը մեքենայով գնա և դուրս հանի վիրավորներին, մեքենայի վարորդին միացել է նաև Արմանը, և միասին գնացել են: 50-60 մետր գնալուց հետո թուրքեր են հայտնվել, կրակել են, Արմանին ա կպել։ Ընկերը պատմում էր, որ հրամանատարության հետ կապ են հաստատել, իրանց ասել են՝ դուք շատ եք խորացել, մենք չենք կարա գանք, դուք պետք ա գաք։

Արմանը արյան մեջ ա եղել, ասել են՝ վերջին «ՈՒԱԶ»-ն ա գալիս, մոտեցեք, ձեզ տանի։ Ընկերներն Արմանին ասել են՝ քարշ տա՞նք, ասել ա՝ տղե՛րք, ինձ թողե՛ք, գնացեք։ Իրանք վիրավոր են եղել, բայց կարողացել են մինչև ճանապարհը դուրս գան։ Արմանս մնացել ա»,- պատմում է ու կրկին հուզվում Ելիզավետան։

Արման Օհանջանյանը ամուսնացած էր, ունի մեկ որդի։

Մայրն ասում է՝ որդին ուրախ բնավորություն ուներ, բոլորին ուրախություն էր պարգևում՝ խոսքով, կատակներով։ «Շրջապատի մարդիկ իրան երբեք տխուր չէին տեսնի, եթե ինքը նեղված էր, ինչ-որ բան էն չէր, ինձ էր ասում»,- պատմում է մայրը։

Մոր խոսքով՝ որդին մշտապես հասնում էր բոլորին օգնության՝ անկախ նրանից, թե ժամը քանիսն էր։ «Աշխատանքից, հերթապահությունից ուշ ժամի, սոված մտներ տուն, մեկը զանգեր, ասեր՝ ինչ-որ բան ա պետք, թռնում էր»։

Արմանը 3 տարի սովորել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում, ցանկացել է ռազմական բժիշկ դառնալ, սակայն ընկնելուց և ուղեղի ցնցում ստանալուց հետո վարժարանը չի ավարտել և Արցախից վերադարձել է Հայաստան։

Այնուհետև սովորել է Երևանի «Հայբուսակ» համալսարանում, զուգահեռ գիշերային հերթափոխով աշխատել սուպերմարկետում։ «Մենք վարձով էինք ապրում, աշխատում էր, որ օգներ, բայց որոշ ժամանակ անց որոշեց փոխել ուղղությունը, ասեց՝ մա՛մ, որպեսզի լավ բժիշկ դառնամ, պիտի մենակ սովորեմ, ես չեմ կարող համ սովորեմ, համ աշխատեմ, վատ բժիշկ էլ չեմ ուզում դառնամ։ Գնաց հաշվապահական դասերի, վկայական ստացավ։ Այնուհետև ընդունվեց Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարան։ Հետո նշանվեց, ամուսնացավ, որդին ծնվեց, ու պատերազմը սկսվեց»,- ցավով ասում է մայրը։

Որդու զոհվելուց հետո մայրն ասում է՝ կյանքը ծանր է դարձել։ Կարոտը խեղդում է, ցավը անհնար է ամոքել․

«Պահ ա լինում` պայքարում եմ մեռնելու համար, պահ ա լինում` պայքարում եմ ապրելու համար»,- հուզմունքով ասում է որդեկորույս մայրը։ 

Արման Օհանջանյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am