Օսկանյանի տունը արժե ոչ թե $350.000, այլ $500.000. «Հենց այսպիսի կյանք եմ թողել բարեկեցիկ Ամերիկայում ՝ տեղափոխվել Հայաստան»

Օսկանյանի տունը արժե ոչ թե $350.000, այլ $500.000. «Հենց այսպիսի կյանք եմ թողել բարեկեցիկ Ամերիկայում ՝ տեղափոխվել  Հայաստան»
Օսկանյանի տունը արժե ոչ թե $350.000, այլ $500.000. «Հենց այսպիսի կյանք եմ թողել բարեկեցիկ Ամերիկայում ՝ տեղափոխվել Հայաստան»

«Առաջին լրատվականի» հրապարակմանը արձագանքել է ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որին մեղադրում էն «փողերի լվացման»:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցի «Ի՞նչ փողերով է Վարդան Օսկանյանը գնել ԱՄՆ-ի իր առանձնատունը» հրապարակման մեջ խոսվում է այն մասին, որ թեեւ ԱԳ նախկին նախարարը Հայաստանում տուն չունի, սակայն «անձնական հետաքննությամբ» պարզել են, որ փոխարենը հսկայական տուն ունի Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում:
«Հետաքննության արդյունքում «Առաջին լրատվական»-ը պարզեց, որ Գլենդել քաղաքում իր տունն Օսկանյանը ձեռք է բերել 1996թ. հունիսի 3-ին` 325-350 հազար դոլարով: Առանձնատունը երկհարկանի է, ունի 9 սենյակ, 3 ննջարան, 3 սանհանգույց, կառուցված է 1975 թ.-ին, որը ԱՄՆ-ում համարվում է բավականին թարմ: Միայն տան մակերեսը 218 քմ է, իսկ կից հողամասը՝ լողավազանով, 2,351 քմ, որն ահռելի տարածք է: Տունը վերջին անգամ մասնագետը գնահատել է անցած տարի,-նշված է հրապարակման մեջ:
Դեռ 1996-ին Օսկանյանի վճարած շուրջ 350 հազար դոլարը համարվել է շատ լուրջ ներդրում և ահռելի կապիտալ: Ընդ որում`այն ժամանակ ԱԳ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Վ. Օսկանյանը միայն իր աշխատավարձով նման ներդրում չէր կարող իրականացնել, և հայտնի չէ, թե ինչ միջոցներով է ՀՀ ԱԳ փոխնախարարը գնել այս շքեղ առանձնատունը»:
Այս հրապարակմանը Վարդան Օսկանյանն այսօր անդրադառնալով, որակել են այն որպես իրեն վարկաբեկելու փորձ եւ որոշ պարզաբանումներ տվել:

«Որոշ լրատվամիջոցներ արդեն սկսել են ինձ վարկաբեկելու գործը։ Նրանցից մեկը, տեղադրելով Կալիֆոռնիայում իմ սեփականությունը հանդիսացող տան նկարը, գրել է, թե ես այն գնել եմ 1996թ. (երբ արտաքին գործերի փոխնախարար էի), 350 հազ. դոլարով, և հարց է տվել, թե ինչ փողերով է Օսկանյանը գնել այդ տունը։

Նախ ասեմ, որ այդ տունը ես գնել եմ 1988թ., երբ դեռ գոյություն ուներ Խորհրդային Միությունը, և Հայաստանը դեռ անկախ պետություն չէր։ Գնել եմ ոչ թե 350 հազ. դոլարով, այլ 500 հազ-ով։ Իմ փոքր տղան՝ Արմանը, 1988թ. հենց այդ տանն է ծնվել։

Երկրորդ, ինձ չճանաչողների համար ասեմ, որ Օսկանյանների ընտանիքը Մարաշից սկսած երեք սերունդ զբաղվել է ոսկերչությամբ և ադամանդագործությամբ։ Հիմնական գործունեությունը ծավալվել է Հալեպում, որտեղից և հետագայում ճյուղավորվել է Լիբանան, Բելգիա և Միացյալ Նահանգներ,-Ֆեյսբուկ սոցիալական ցանցի իր անձնական էջում գրել է Վարդան Օսկանյանը։

Պետք է ասեմ, որ բոլոր ժամանակներում էլ մեր ընտանիքը առաջատար է եղել այս ոլորտում։ Յուրաքանչյուր բանական մարդու համար երևի թե հեշտ պիտի լինի եզրակացնել, որ 150 տարի ոսկերչությամբ ու ադամանդագործությամբ զբաղվող ու այդ ոլորտներում միշտ առաջատար դիրքերում եղող ընտանիքը պիտի որ այդ տարիների ընթացքում ինչ-որ բան կուտակած լիներ՝ հատկապես հաշվի առնելով ոսկու այսօրվա աննախադեպ բարձր գները։

Բայց վերևում ասվածը էականը չէր, իմիջիայլոց էր։

Իսկ էականն այն է, որ 1991-ից ես հենց այսպիսի կյանք եմ թողել բարեկեցիկ Ամերիկայում ու ընտանիքով տեղափոխվել եմ Հայաստան, որովհետև հավատացել եմ գաղափարի, ունեցել եմ նպատակ և երազ։ Այսօր, հակառակ այս ամենին, ինձ մոտ ոչ մի բան չի փոխվել։ Ես շարունակում եմ հավատալ, որ հնարավոր է կառուցել մեր երազած երկիրը։ Ու եթե որևէ բան այս ընթացքում փոխվել է, ապա միայն ավելի է ամրապնդել այս երազանքը»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Օսկանյանը հարցաքննության է կանչվել ԱԱԾ: ըստ ԱԱԾ հաղորդագրության, քննչական վարչության կողմից 25.05.2012թ. հարուցվել է քրեական գործ՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու /փողերի լվացում/ դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

««Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը ինձ որպես վկա հրավիրել էր ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է ինձ և իմ հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությանը:

Հիմնադրման օրվանից՝ Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությունը եղել է թափանցիկ և օրենքի տառին ու ոգուն համապատասխան»,-գործի հետ կապված հայտարարություն էր տարածել Վարդան Օսկանյանը:

Ինձ համար զարմանալի և տարօրինակ է, որ իմ և Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությունը որևէ կերպ կարող է շաղկապվել հանցավոր և անօրինական փողերի հետ: Առավել զարմանալի է, որ նման հարց առաջ է քաշվում հենց այն ժամանակ, երբ ես ներգրավվել եմ քաղաքական գործընթացներում:

Ակնհայտ է, որ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա»,-նշել էր նա:

Վարդան Օսկանյանի հայտարարությանն արձագանքելով, ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Օսկանյանին եվս մեկ անգամ հիշեցրել է», որ «ՀՀ-ում քաղաքական պատվերների, հետապնդումների եւ ռեպրեսիաների ժամանակներն անցյալում են, եւ որ այսօր ՀՀ-ն կառուցում է ժողովրդավարական արժեքների վրա հիմնված երկիր»:

Դիաննա Գալստյան

© Medialab.am