Կքննարկվեն հայ-ճապոնական համագործակցության հարցեր. Վահան Քերոբյանը Ճապոնիայում է

Նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը գտնվում են Ճապոնիայում՝ «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին հայտավորված երկրների մասնակիցների հանդիպում 2023» միջոցառմանը մասնակցելու և երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի  նախարարությունից: 

Այցի շրջանակում Վահան Քերոբյանը նոյեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ առևտրի ընկերակցության (ROTOBO-Japan Association for Trade with Russia and NIS) գործադիր տնօրեն Կյոիչի Սուզուկիի և ասոցիացիայի անդամ Միզուկի Չումանի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը։

«Ռոտոբո» ասոցիացիան խոշորագույն կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է ճապոնական ձեռնարկությունների և Եվրասիայի նախկին սոցիալիստական պետությունների միջև գործարար համագործակցության զարգացման խթանմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սարքաշինության և մեքենաշինության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև այս ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։

Ներկայացնելով Գյումրիի «չոր նավահանգստի» նախագիծը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է ճապոնական կողմին դիտարկել այդ նախագծում ճապոնական ընկերությունների ներգրավման հնարավորությունը։

Նախարարը ներկայացրել է նաև R&D նորարարական գրասենյակների հիմնադրման համար Հայաստանում ստեղծված բարենպաստ պայմանները։