Հայկական կողմը այս ճանապարհով հասնելու է ոչ թե խաղաղության, այլ՝ լայնածավալ ռազմական գործողությունների. Հրաչյա Արզումանյան

Հրաչյա Արզումանյանը (Լուսանկարը՝ անձնական արխիվ)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը 

– Պարո՛ն Արզումանյան, բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը կարևորեց Աղդամով հումանիտար մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը, միաժամանակ շեշտեց, որ Արցախը Հայաստանին կապող միակ՝ Լաչինի ճանապարհը պետք է բացվի։ Հաշվի առնելով հայտարարության այս ու մյուս կետերը, ինչպե՞ս եք գնահատում այս հանդիպումը։

– Այս ամենը վկայում է, որ հայկական կողմը քայլ առ քայլ պարտվում է, հայկական կողմն ամեն անգամ մի քայլ հետ է անում, իսկ Ադրբեջանն առաջ է գալիս։ Հիմնական սխալն այն է, որ հայկական կողմը համաձայնում է Արցախի խնդիրը ներկայացնել միայն որպես հումանիտար խնդիր՝ «մոռանալով», որ Արցախի հարցը քաղաքական ու աշխարհաքաղաքական խնդիր է։ 

Արցախյան խնդրում թողնել միայն հումանիտար կետը ձեռնտու է Ադրբեջանին և, իհարկե, Արևմուտքին, որովհետև դա հեշտացնում է որոշ խնդիրների լուծումը հենց Արևմուտքի համար։ Այս համատեքստում ամեն բան հասկանալի է, անհասկանալի է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը, ինչո՛ւ է սեփական ձեռքերով քաղաքական ասպեկտները հանում գործընթացից։

– Գուցե ռեսուրսնե՞ր չունի հայկական կողմը, որ ավելի կոշտ դիրքերից հանդես գա, ինչպես նշում են որոշ մեկնաբաններ ու քաղաքական գործիչներ։

– Ո՛չ, դա հետևանք է պատերազմի, բայց 94 թվականին հայկական բանակը ջախջախեց Ադրբեջանին, ու Ադրբեջանը՝ որպես պետություն, կանգնած էր ոչնչացման եզրին, բայց այդ վիճակում ադրբեջանական դիվանագիտությունը երբեք չհամաձայնեց զիջել իրենց համար սկզբունքային մոտեցումները, նրանք չհամաձայնեցին ու ոչ մի տեղ չստորագրեցին, որ Արցախը կարող է լինել անկախ։ Այդ վիճակում գնում էին բանակցությունների, քննարկում, բայց ոչինչ չէին ստորագրում, իսկ հայկական կողմը միանգամից ընդունում է ու պատրաստ է ստորագրելու այն մոտեցումների տակ, որոնք անընդունելի են հայկական կողմի համար։ 

Ցանկության դեպքում ռեսուրսն ու հնարավորությունները երկրորդական են դառնում․ չունե՞ս հնարավորություններ, թո՞ւյլ ես, ժամանակ շահիր նման բանակցություններով, ինչպես անում էր Ադրբեջանը մինչև 2002-2003 թվականները, շահիր ժամանակ։ 

2020 թվականին չունեի՞նք հնարավորություն, բայց հիմա ունենք, ունենք ուրիշ հարթակներ, որտեղ այդ հարցը կարելի է բարձրաձայնել, բայց դու ուզում ես փակել Արցախի հարցը, նրանից թողնել միայն հումանիտար ասպեկտը՝ արցախահայության իրավունքների ու անվտանգության ապահովումը, բայց այդ իրավունքներից հիմնականը՝ ազատությունն ու սեփական պետություն կառուցելու իրավունքը,  արցախահայությունն արդեն իսկ նվաճել է, արդեն ունի։ 

Հանձնել դե ֆակտո կառուցած պետությունը, բանակը ու թողնել միայն հումանիտար խնդիրը, հետո դրա շուրջ փորձել համաձայնության գալ, որ Քաշաթաղի ճանապարհը չի լինելու, այլ լինելու է միայն Աղդամի ճանապարհը, սրանք զիջումներ են, որի իրավունքը հայկական կողմը չունի: Այս ճանապարհով լուծում չկա, միայն պատերազմ է։ Հայկական կողմը չի հասկանում, որ այս ճանապարհով հասնելու է ոչ թե խաղաղության, այլ՝ լայնածավալ ռազմական գործողությունների, դա չպետք է թույլ տալ։ 

– Պարո՛ն Արզումանյան, եթե հայկական կողմը, նկատի ունեմ նաև Արցախի իշխանությանը, համաձայնի Աղդամի ճանապարհով հումանիտար օգնություն ստանալ, դա ի՞նչ կնշանակի։

– Պետք է հասկանալ, որ այսօր Ստեփանակերտի իշխանությունները հակահայկական են, վերջին երկու ամիսներին ես այս մասին խոսում եմ, դրա համար էլ հասկանալի է, որ իրենք կատարում են այն, ինչ թելադրում են Ռուսաստանն ու Թուրքիան։ Եթե դու համաձայնում ես գնալ Աղդամի ճանապարհով, նշանակում է հանձնում ես Արցախի պետական ինքնիշխանությունը։ Ստեղծված իրավիճակում բավական դժվար է աշխատել, որովհետև Երևանի իշխանությունը ևս համաձայն է դրան։ 

Ես կարծում եմ, որ մենք՝ որպես ժողովուրդ, չունենք պետական գործիչ, որը կպաշտպանի մեր շահերը միջազգային հարթակներում՝ ՄԱԿ-ում, ԵՄ-ում և այլն, այդ տեղերում աշխատում են պետությունները, ոչ թե հասարակությունները: Եթե դու չունես դա, բավականին դժվար վիճակում ես հայտնվում, երբ քո պետական գործիչները աշխատում են քո պետական շահերի դեմ, պատրաստ են հանձնելու քո պետական ինքնիշխանությունը: Այդ պատճառով է, որ հայ ազգը կանգնել է խայտառակ դժվար հարցի առջև․ պետք է պայքարես արտաքին ագրեսիայի դեմ ու նաև քո ներքին գործիչների, որոնք չեն ուզում, որ դու ունենաս պետություն։ Ինչո՞ւ են այդպես անում. այս հարցը, իհարկե, պետք է տալ իշխանություններին։

– «2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս, ինչն արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնցում ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորակազմի վիճակը։ Մենք կարծում ենք, որ այս պարագայում Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը չպետք է դնել երրորդ երկրների վրա». մեջբերումը Ռուսաստանի արտգործնախարարության հուլիսի 15-ի հայտարարությունից է, ինչպե՞ս կգնահատեք այն։

– Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը հաստատում է իմ խոսքը, որ դու հանձնում ես քո դիրքերը ու քայլում ես ճանապարհով, որը քեզ տանում է դեպի պատերազմ։ Ուղիղ ասում են, որ դո՛ւ ես հանձնում, դո՛ւ ես ճանաչում, դո՛ւ ես պատրաստ ստորագրելու մի խաղաղության պայմանագիր, որում Արցախ չկա։ 

Բայց Հայաստանն իրավունք չունի ստորագրելու Արցախի հայության ապագային վերաբերող որևէ փաստաթուղթ։ 30 տարուց ավելի է՝ կա այդ խնդիրը, դրա համար ստեղծվել էր Մինսկի խումբը, իսկ դու հրաժարվում ես արցախահայության պետական շահերը պաշտպանելուց։ Եթե հայկական կողմը հանձնում է, բնական է, որ մյուս խաղացողներն էլ կհամաձայնեն, նրանք դեմ կլինեն՝ եթե դու պայքարես, բայց դու հանձնում ես, եթե դու չես պաշտպանում քո շահերը, ոչ ոք քո փոխարեն դա չի անի։ 

Ռուսաստանը և՛ սխալ է, և՛ ճիշտ է։ Սխալ է, որովհետև ինքն է պարտավորություն ստանձնել ապահովելու արցախահայության անվտանգությունը ու չի կատարում, բայց ճիշտ է այն առումով, որ հայկական կողմը հանձնում է, չի պայքարում Արցախի համար՝ որպես քաղաքական խնդիր, ու հնարավորություն է տալիս Ռուսաստանին ու մյուսներին նման հայտարարություններ անելու։ 

Այսօր Հայաստանում ու Արցախում ոչ մի պետական մարմին չի ելնում պետական շահից, նրանք զբաղված են լոկ իշխանության խնդիրներով, իրենց անձնային շահերով, ես չեմ տեսնում պետական շահ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am