Հանձնարարվել է վերացնել 16-ամյա տղային ծեծի ենթարկած Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ հետապնդում չհարուցելու որոշումը. Factor

Factor.am-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզի դատախազներից մեկը հանձնարարել է վերացնել Դիլիջան քաղաքի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը:

Armlur.am-ի՝ այսօր տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես է մի տղամարդ ծեծում երիտասարդ տղայի։ Տղամարդը Դիլիջան քաղաքի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանն է, դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին՝ Դիլիջնի ռեստորաններից մեկում։

Նախ, Քննչական կոմիտեից Factor.am-ի հարցմանն ի պատասխան ասացին, որ տվյալ դեպքով հարուցվել է քրեական վարույթ, սակայն Ղայթմազյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել, քանի որ վերջինս վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել։ Քննչական կոմիտեն գործուն զղջալու, այսինքն՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, բավարարել է Արսեն Ղայթմազյանի՝ քրեական հետապնդում չհարուցելու մասին դիմումը։

ՔԿ-ի պարզաբանումից որոշ ժամանակ անց ոստիկանությունից Factor.am-ին ասացին, որ մայիսի 5-ին Դիլիջան քաղաքի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն: