Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում քիմիոթերապևտիկ դեղերի տարեկան փոխհատուցման սահմանաչափը մեկ անձի համար կազմում է 1,2 միլիոն դրամ՝ նախկին 160 հազար դրամի փոխարեն։ Այս մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ նախկինում պետական պատվերի շրջանակում փոխհատուցման սահմանաչափը կազմում էր 160 հազար դրամ, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ 300 հազար դրամ։
«Այսօր մենք փակում ենք 1 միլիոն 200 հազար դրամ, ինչը հնարավորություն է տվել մեր քաղաքացիների հիմնական, ամենաանհրաժեշտ հատվածը բավարարել»,- նշել է Ավանեսյանը։
Միաժամանակ նախարարը խոստովանել է, որ գործող սահմանաչափը բավարար չէ քաղցկեղի բուժման համար կիրառվող բոլոր դեղերի ծախսերը փոխհատուցելու համար։
Նրա պարզաբանմամբ՝ ամսական 10 800 դրամ կամ տարեկան 129 600 դրամ ապահովագրավճարի հիման վրա կատարված հաշվարկները թույլ են տալիս ապահովել ներկայիս ծածկույթը։ Հետագայում նախատեսվում է ընդլայնել փոխհատուցվող դեղերի ցանկը։
Անդրադառնալով դեղերի հասանելիությանը՝ Ավանեսյանը նշել է, որ որոշ բուժհաստատություններում հնարավոր են մատակարարման ուշացումներ՝ պահանջարկի աճով պայմանավորված։
Նախարարը, սակայն, հավաստիացրել է, որ ապահովագրության շրջանակում ֆինանսավորման ուշացումներ չեն եղել և չեն նախատեսվում։



















