Հանրային լակոտների վակխանալիան

Մհեր Արշակյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը հրաժարվում է մեկնաբանել Հունաստանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ անձնական կյանքի իրավունքի շրջանակներում իրականացված քեֆերը: 

Շատ հետաքրքիր զուգադիպությամբ այդ քեֆերի մասին տեսանյութը ի հայտ եկավ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը զուգահեռ, թե Անկախության տոնի միջոցառումները կլինեն մասշտաբային և գունագեղ:

Էլ ավելի հետաքրքիր զուգադիպությամբ այդ տեսանյութը հաջորդեց խորհրդարանում ընդդիմության հետ ՔՊ-ի արած հաշվեհարդարին: Կարճ ասած, եթե ՔՊ-ականները խորհրդարանում մարդ չեն ծեծում, Հունաստանում քեֆ են անում: 

Լրագրողը Հրաչ Հակոբյանին հարցնում է, թե էդ ի՞նչ տեսանյութ է հայտնվել համացանցում ձեր կյանքի հունական էջից, վերջինս պատասխանում է՝ ես ունեմ անձնական կյանքի իրավունք:

Նման մի բան այսօր ասել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Կեցցե՛ք: Երկու բարձրաստիճան պաշտոնյա տղամարդ Հայաստանի աչքից հեռու իրար հետ կայֆեր են անում ու դա համարում են անձնական կյանք: «Անձնական կյանք», երբ դեռ ավելի շարքային մարդիկ սգում են իրենց զոհերի, անհետ կորածների համար ու դեռ չվերադարձած գերիների վերադարձի հույս են փայփայում: 

Իսկ այս մարդիկ պատերազմում ոչինչ չեն կորցրել, ոչ մեկին մխիթարելու բառեր չունեն ու քեֆ են անում: 

Ալեն Սիմոնյանը Հունաստանից նոր է վերադարձել, ու գիտե՞ք նրան ինչ է սպասում՝ պետբյուջեի հաշվին կառավարության սահմանած կարգով ընտանիքի անդամների բժշկական օգնություն ու սպասարկում:

Սա դեռ քիչ է, կառավարության ներկայացրած նախագծով ԱԺ նախագահին պետք է ապահովել անձնական բժիշկով: Հլը հիշեք էն զինվորներին, որոնք այդպես էլ գոնե մի հանրային բժշկի չարժանացան պատերազմի դաշտում: Իսկ այս երիտասարդի սիրտն արդեն անձնական բժիշկ է ուզում: Ու դեռ հաշիվ չի տվել, թե ինչ միջոցներով է Հունաստանում դասավորել անձնական հաճույքը: 

Ո՞ր երկրում ենք ապրում մենք, ինչ-որ մեկն ինձ կհիշեցնի՞: Էս ի՞նչ անձնական կյանք է, որ սրանք 4300 հոգու զոհաբերելուց հետո ուզում են վայելել: Ցույց տվեք էն մարդուն, որը կերաշխավորի, որ Ալեն Սիմոնյանը հենց այն մարդն է, որին ժողովուրդը երազում էր իշխանության բերել հեղափոխությամբ: Կամ թեկուզ Հրաչ Հակոբյանին, որն ավելի վեհերոտ է խոսում Հունաստանում անցկացրած օրերի մասին: 

Ընկերնե՛ր, ևս մեկ անգամ հիշե՞նք դասականի այն միտքը, ըստ որի՝ կեցցե՜ այն Հայաստանը, որ վաղն է գալու: Թե՞ դա թողնենք ադրբեջանցիներին, որոնք արդեն իսկ ստանում են այդ Հայաստանը:

Եթե մենք թքած ունենք պատերազմից ուշքի չեկած ժողովրդի անձնական զգացումների վրա, թող այս մարդիկ պաշտոնավարեն, ադրբեջանցին էլ թքած ունի, ռուսն էլ թքած ունի, բոլորն էլ թքած ունեն: Բայց նրանք ժամանակ առ ժամանակ նայում են մեզ ու փորձում հասկանալ (ինչպես Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտն էր ակնարկել)՝ բոլոր ազգերից ո՞ւմ է ամենաշատը վերաբերում Հայաստանը: 

Մհեր Արշակյան

MediaLab.am