Ռազմական ոստիկանությունը կրկին զգուշացնում է

Ռազմական ոստիկանությունը կրկին զգուշացնում է
Ռազմական ոստիկանությունը կրկին զգուշացնում է
Հեղինակ MediaLab

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2012 թվականի աշնանային զորակոչի ընթացքում տարածել էր հաղորդագրություն, որով ՀՀ քաղաքացիներին կոչ էր անում զերծ մնալ զինծառայությունից խուսափելու կամ իրենց բնակավայրին մոտիկ զորամասերում ծառայելու գայթակղիչ, բայց հանցավոր գործարքներից, քանզի դրանք միանշանակորեն դատապարտված են ձախողման:

Այդուհանդերձ եղել են որոշ քաղաքացիներ ու քրեածին տարրեր, որոնք լուրջ չեն ընդունել հաղորդագրությունը և դիմել խարդախության ու կաշառակերության:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խարդախության կասկածանքով ՀՀ ՊՆ ՌՈ օպերատիվ-հետախուզական բաժին է հրավիրվել ՊՆ զորամասերից պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Մ.Բ.-ն: Պարզվել է, որ 2011 թվականից զինված ուժերում ծառայության անցած Մ.Բ.-ն երկկողմ հանցավոր համաձայնության արդյունքում 2012 թվականի նոյեմբերին խոշոր չափի գումար է ստացել քաղաքացի Հ.Մ.-ին, ինչի դիմաց խոստացել է, որ նրա որդին 2012 թվականի աշնանային զորակոչի շրջանակում ծառայության կզորակոչվի ծնողի կամեցած զորամաս: Սակայն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խարդախության դեպքը կասեցվել է: Հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ զգուշացնում է զերծ մնալ հանցավոր գործարքներից, նմանաբնույթ դեպքերում դատապարտելի են ոչ միայն քրեածին տարրերի, այլև այն ծնողների վարքը, ովքեր, կուլ գնալով գայթակղից առաջարկներին, փորձում են իրենց զավակներին զերծ պահել զինծառայությունից կամ տեղափոխել իրենց բնակավայրին մոտիկ զորամասերում: