«Եթե Հայաստանը չընդունի Ադրբեջանի առաջարկությունները, Թուրքիան ճնշում կգործադրի, վստահ եմ». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, ադրբեջանական կողմը Հայաստանին է ներկայացրել հարաբերությունների կարգավորման հինգ կետից բաղկացած առաջարկություն: Հայաստանն էլ պատասխանել է Ադրբեջանին ու նաև դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբ՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ սկսելու խնդրանքով: Քանի որ ադրբեջանական կողմը հրապարակել է այդ կետերը, կխնդրեմ ասեք՝ որքանո՞վ են դրանք բխում թուրք-ադրբեջանական տանդեմի համատեղ շահերից:

– Ադրբեջանն այդ կետերի մասին բազմաթիվ անգամներ, տարբեր ձևերով, տարբեր պաշտոնյաների միջոցով առանձին-առանձին ասել է, հետևաբար այդ կետերում ոչինչ նոր չէ: Իմ գնահատմամբ՝ այդ կետերը մեզ համար ընդունելի չեն:

Իսկ դրանք բխում են նաև թուրքակա՞ն շահերից:

– Գիտեք, Շուշիի հռչակագրից հետո Թուրքիան ու Ադրբեջանը էլ ավելի են խորացրել իրենց հարաբերությունները, և, բնականաբար, ինչը բխում է Ադրբեջանի շահերից, բխում է նաև Թուրքիայի շահերից:

Պարո՛ն Սաֆրաստյան, այդ դեպքում ինչ է ստացվում, որ Թուրքիան մի կողմից փորձում է Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորել, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանի միջոցով լրիվ այլ քաղաքականությո՞ւն է վարում:

– Այո՛, այդպես է, բայց, մյուս կողմից էլ, ես կարծում եմ, որ եթե Հայաստանը չմտներ այդ բանակցային գործընթացի մեջ, ավելի վատ կլիներ, որովհետև կմեկուսանայինք, առանց այդ էլ մեկուսացած ենք: Բոլոր գերտերություններն էլ ողջունեցին Հայաստանի այդ քայլը, այնպես որ, պետք է բանակցել՝ ունենալով շատ հստակ պատկերացում մեր ազգային շահերի մասին, որոնք ոչ մի դեպքում չի կարելի խախտել:

Ասացիք, որ այդ կետերը մեզ համար ընդունելի չեն, բոլո՞ր կետերն են անընդունելի, ու ի՞նչ հիմնական վտանգներ են դրանք պարունակում:

– Այդ առաջարկություններում, վտանգավորության առումով, շատ կարևոր հանգամանքներ կան, բայց ամենակարևորն ինձ համար այն է, որ Արցախի հիմնահարցը դեռևս լուծված չէ, Արցախի կարգավիճակը պարզված չէ, իսկ հենց առաջին կետով փորձ է արվում այնպես անել, որ Հայաստանն ընդունի, որ Արցախի հարցը լուծված է, ու այն Ադրբեջանի մաս է կազմում, իսկ դա միանգամայն անընդունելի է:

Ես համոզված եմ, որ դա անընդունելի է ոչ միայն մեզ, այլ նաև Մինսկի խմբի համանախագահողների համար, ու պատահական չէ, որ Հայաստանը դիմել է Մինսկի խմբին, որ դրա շրջանակներում այդ ամենը տեղի ունենա:

Կարծում եք, որ Մինսկի խումբը ընթացք կտա՞ Հայաստանի դիմումին ու կսկսի՞ բանակցությունները:

– Չեմ կարող ասել, որովհետև Մինսկի խմբի հավաքվելն ինձ համար հարցականի տակ է՝ կկարողանա՞ն հավաքվել, թե՞ չէ՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական այս զարգացումները, բայց, ամեն դեպքում, եթե Մինսկի խումբը կարողանա հավաքվել ու իր գործունեությունը վերսկսել, լավ կլինի, որովհետև դա միակ հարթակն է, որտեղ կարելի է քննարկել Արցախի կարգավիճակի հարցը և ոչ թե համարել լուծված, ինչպես պահանջում է Ադրբեջանը:

Ստեղծված իրավիճակում Հայաստանը հնարավորություն ունի՞ հրաժարվելու Ադրբեջանի առաջարկություններից, պարո՛ն Սաֆրաստյան:

– Եթե Մինսկի խմբի շրջանակներում սկսեն այդ հարցերը քննարկվել, հնարավորությունները մեծ կլինեն, եթե դա չլինի՝ չեմ կարծում, ինչ կարելի է անել, բայց, ամեն դեպքում, ես կարծում եմ, որ այդ պահանջների ընդունումը մեր ազգային շահին դեմ է, չի կարելի դրանք ընդունել:

Իսկ հետևանքները մեզ համար որո՛նք կլինեն, եթե իշխանությունը որոշի Ադրբեջանի առաջարկությունները ընդունել:

– Ես նույնիսկ այդ «եթե ընդունեն»-ն էլ չեմ ուզում քննարկել, որովհետև մենք ունենք ազգային շահեր, որոնց դեմ գնալ չի կարելի:

Պարո՛ն Սաֆրաստյան, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր համարո՞ւմ եք:

– Վերջիվերջո պետք է հաշվի առնել, որ բոլոր պատերազմներն ավարտվում են, իսկ Թուրքիայի հետ, ի վերջո, պետք է ունենանք նորմալ հարաբերություններ, բայց սա չի նշանակում, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ պետք է բարեկամական հարաբերություններ ունենանք:

Ուղղակի ողջ հարցն այն է, թե այդ կարգավորումը ի՞նչ պայմաններով տեղի կունենա, ամենակարևորը դա է: Պետք է այնպիսի պայմաններով դա տեղի ունենա, որ մենք մեր սկզբունքային կարևոր հարցերում զիջումների չգնանք:

Թուրքիայից ևս անդրադարձել են ադրբեջանական կողմի առաջարկություններին՝ նշելով, որ Հայաստանը պետք է ընդունի դրանք, որովհետև դրանք նաև, ըստ իրենց, ձեռնտու են Հայաստանին: Ձեր կարծիքով՝ եթե Հայաստանը մերժի Ադրբեջանի առաջարկները, դա որևէ կերպ կանդրադառնա՞ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա:

– Իհարկե ազդեցություն ունենալու է, եթե Հայաստանը չընդունի՝ վստահ եմ, Թուրքիան ճնշում կգործադրի Հայաստանի վրա, որ վերջինս ընդունի այդ առաջարկությունները: Չընդունելու դեպքում էլ, չեմ բացառում, որ սկսված բանակցությունների գործընթացը դադարեցվի:

Այսինքն՝ Թուրքիան կաշխատի անել հնարավորը, որ Ադրբեջանի շահերը սպասարկվեն, ու պատահական չէ, որ Թուրքիան մինչ այդ էլ հայտարարում էր՝ «երկու պետություն, մեկ ժողովուրդ», նրանց ինտեգրումը շատ ավելի խորն է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am