««Եղնիկներում» Սերգեյը պահել ա թիկունքը»․ Եդիգարյանների համար մեծ ցավը ամոքում են Սերգեյի մասին հիշողությունները

44-օրյա պատերազմից Եդիգարյան երկու եղբայրներից վերադարձել է կրտսերը՝ Սամվելը, իսկ Սերգեյը զոհվել է թշնամու դեմ մարտնչելիս։ Եդիգարյանները երբևէ չեն մտածել, որ պատերազմում կկորցնեն որդուն և հիմա երախտապարտ են Աստծուն՝ չարաբաստիկ պատերազմում գոնե որդիներից մեկը փրկվել է։ 

«Աստված ինձ էնքան սիրեց, որ գոնե մյուսը էկավ-հասավ»,- հուզված է տղաների մայրը՝ 48-ամյա Գայանե Սահակյանը։

Սամվել և Սերգեյ Եդիգարյանները ժամկետային զինծառայողներ էին, ծառայել են հայտնի «Եղնիկներ» զորամասում։ Դեռ նախքան պատերազմը սկսվելը բարձրացել են տարբեր դիրքեր: «Սամվելս վարորդ էր, զենք էր տեղափոխում, իսկ Սերգեյս մեծ զենքի վրա էր, դրա համար միասին չէին»,- ասում է Գայանեն: Նա պատմում է՝ պատերազմի առաջին օրը զենք տեղափոխելիս որդիները հանդիպել են իրար, բայց արդեն հաջորդ օրվանից Սամվելը որևէ լուր չի ունեցել Սերգեյից։

Ընտանիքը ևս չի կարողացել կապ հաստատել Սերգեյի հետ, սակայն մայրն ասում է՝ չէր կասկածում, որ որևէ դեպք պատահած կլինի նրան, քանի որ բոլոր ծանոթ- անծանոթներն ասում էին՝ «Եղնիկներում» կապ չկա, դրա համար էլ տղաների հետ կապ հաստատել չի ստացվում։

«Հետո Սամվելը զանգեց, ասեց՝ լսել ա, որ ամբողջ դիրքով տղաները չկան, պոստը գոյություն չունի, բայց իրան էլ չէին ասել՝ ինչ ա կատարվել»,- հիշում է մայրը:

Եդիգարյանները մինչ պատերազմի ավարտը հույսով սպասել են, որ որդին մի որևէ տեղից կհայտնվի։ Սակայն սպասումներն այդպես էլ չեն իրականացել։

«Պատերազմն ավարտվել էր, նոյեմբերի 22-ն էր, Սամվելս զանգեց, ասեց՝ Սերգեյի մարմինը գտել են, ուղարկում են Հայաստան, ինձ էլ թողնում են՝ հետը գամ»,- հիշում է Գայանեն։ Որդու զոհվելու հանգամանքների մասին ևս Եդիգարյանները բավական ուշ են իմացել, երբ տղայի ԴՆԹ պատասխանն արդեն հաստատվել էր։

«Զինակից ընկերները պատմեցին, որ Սերգեյը պահել ա թիկունքը, մյուսներին ասել ա՝ փախեք։ Բոլորը փախել են, ինքն ու մի տղա դիրքը պահել են։ Հետո թուրքերը մոտեցել են՝ հայերեն խոսալով, ու կրակոցներն ակտիվացել են, էդ ժամանակ տղաս ու մյուս տղան զոհվել են»,- ասում է որդեկորույս մայրը։

Սերգեյ Եդիգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, որը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար: Նրան հուղարկավորել են ծննդավայրում՝ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի եղբայրական պանթեոնում։

Գայանեն պատմում է՝ երկու տարի է՝ գրեթե ամեն օր որդու գերեզման են այցելում։ Գերեզմանի մոտ ծաղիկներ են ցանել, ամուսնու հետ ջրում են, խնամում ծաղիկները, զրուցում որդու հետ, պատմում իրենց առօրյայի մասին ու տուն վերադառնում։ Որդուն կորցրած մոր համար երեխայի շիրիմը դարձել է իր երկրորդ տունը. «Որ ինձ հարցնում են՝ ուր էիր գնացել, ասում եմ՝ տղիս տուն։ Տղես ուզում էր Երևանի կենտրոնում 3 սենյականոց բնակարան գնել, բայց գերեզմանը դարձավ իր բնակարանը»,- ասում է մայրը։ 

Գայանեն ասում է՝ ընդամենը 100 օր էր մնացել, որ որդին ծառայությունն ավարտեր ու գար, արդեն նախապատրաստել էին՝ ոնց պետք է նրան դիմավորեն, զարդարանքներով, բայց փոխարենը՝ սև լենտ կապեցինք։

Սերգեյը շատ նպատակներ ուներ, դպրոցն ավարտելուց հետո մեքենաների վերանորոգում էր սովորել, որոշել էր բանակից վերադառնալ ու եղբոր հետ արհեստանոց բացել, սակայն բոլոր ծրագրերը անավարտ մնացին:

Կիսատ է մնացել նաև Եդիգարյանների ուրախությունը։ Պատերազմը նրանց կյանքը երկու մասի է բաժանել՝ պատերազմից առաջ և պատերազմից հետո: Գայանեն ասում է՝ ոչ մի միջոցառման չեն կարողանում մասնակցել, ոչ մի ուրախություն իրենց ցավին դարման չի դառնում։ Միակ ամոքիչը Սերգեյի մասին հիշողություններն են. «Սերգեյս շատ ակտիվ, հումորով, կատակասեր էր, մեր տանը միշտ ուրախություն կար, իսկ հիմա մենք ոչ մի բանի սիրտ չունենք»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am