Արա Մարտիրոսյանը «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում

Երգիչ Արա Մարտիրոսյանը «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Նաիրի» բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Աննա Ղազարյանը։

«Ի պատասխան լրատվամիջոցների զանգերի` հարգելի գործընկերներ, ցանկանում ենք տեղեկանցնել, որ երեկ`դեկտեմբերի 15-ի, ժամը 16:20-ին սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել երգիչ Արա Մարտիրոսյանը: Ցուցաբերվել է համապատասխան օգնություն, ժամեր շարունակ բժիշկները պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, գրանցվել է սրտի կանգ:

Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ Արա Մարտիրոսյանն ունեցել է ուղեկցվող հիվանդություններ, որոնք ենթակա չեն հրապարակման: «Նաիրի» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում արտիստի հարազատներին, ընկերներին և երկրպագուներին»,- գրել է Ղազարյանը։

Դեկտեմբերի 15-ին 46 տարեկանում կյանքից հեռացել է երգիչ Արա Մարտիրոսյանը։