Նախկին արտգործնախարար եւ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանն օրերս արդեն ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունից ծանուցագիր է ստացել, որի պահանջի համաձայն, այսօր պիտի ներկայանա` որպես մեղադրյալ առաջադրվելու եւ հարցաքննվելու համար:
Օսկանյանի շուրջ խտացող գույներին զուգահեռ, «Սիվիլիթաս» հիմնադրամը Ֆեյսբուկ սոցիալական ցանցի իր էջում գործընթացը դադարեցնելուն ուղղված ստորագրահավաք է սկսել:
ԱԱԾ ներկայանալուց առաջ Վարդան Օսկանյանը Ֆեյսբուկի իր անձնական էջում գրառում է թողել, ուր նշում է, որ գնում է ԱԱԾ միմիայն այն պատճառով, որ օրենքն է պահանջում:
«Այսօր ժամը 12-ին հրավիրված եմ ԱԱԾ, որտեղ ինձ մեղադրանք են ներկայացնելու փողերի յուրացման և փողերի լվացման հատկանիշներով:
Այսօր ոչ միայն ժողովուրդը չի հավատում, որ Օսկանյանը փող է լվացել կամ յուրացրել, այլև թե՛ գործ հարուցողները, թե՛ դրա պատվիրատուները, թե՛ գործի հետաքննությունն իրականացնողները և թե՛ դատախազի միջնորդագրին հավանություն տվողները: Բոլորն էլ գիտեն, որ այս ամենը աբսուրդ է:
Ես ԱԱԾ գնում եմ միմիայն այն պատճառով, որ օրենքն է պահանջում, և շարունակելու եմ օգտվել իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չեմ տալու: Շնորհակալ եմ այս օրերին բոլոր ինձ աջակցություն ցուցաբերողներին»,-գրել է Վարդան Օսկանյանը:
Հիշեցնենք, որ որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ հարուցվել է քրեական գործ ՝ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է «հանցավոր ճանապարհով ստացվածեկամուտներն օրինականացնելը»՝ փողերի լվացում: Ի պատասխան` Օսկանյանն հայտարարել է, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Հոկտեմբերի 2-ին, 64 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ, ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից:
© Medialab.am