Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստան մուտք գործելիս

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իրազելում է․

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքները տեղափոխելիս` կիրառվում է մաքսային հսկողության իրականացման երկուղի համակարգ։ Ֆիզիկական անձինք ինքնուրույն կարող են ընտրություն կատարել «կարմիր» և «կանաչ» ուղիների միջև։ 

«Կարմիր» 
ուղին նախատեսված է ուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման այնպիսի ապրանքներ տեղափոխելու համար, որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման կամ, որոնց նկատմամբ իրականացվում է մաքսային հայտարարագրում՝ ֆիզիկական անձի ցանկությամբ։
«Կանաչ» ուղին նախատեսված է ուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման այնպիսի ապրանքների տեղափոխման համար, որոնք ենթակա չեն մաքսային հայտարարագրման: 

Տեղափոխվող ապրանքները պետք է նախատեսված լինեն ֆիզիկական անձանց՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային և այլ կարիքների համար։ 
ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման թույլատրվում է ներմուծել անձնական օգտագործման հետևյալ ապրանքները (մեկ ֆիզիկական անձի հաշվարկով)՝

  • Ուղեկցվող և չուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող ապրանքներ (բացառությամբ էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի), որոնց արժեքը չի գերազանցում 10 000 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը՝ 50 կգ-ը՝ ներառյալ ծխախոտ և ծխախոտային արտադրանք հետևյալ չափաքանակներով՝  200 սիգարետ կամ 50 սիգար (սիգարիլլա), կամ 250 գրամ ծխախոտ, կամ նշված արտադրատեսակների տեսականին, ոչ ավելի քան 250 գրամ ընդհանուր քաշով։
  • Ալկոհոլային խմիչքներ և գարեջուր՝ 3 լիտր: Անհրաժեշտ է հիշել՝ 3 լիտրից ավելի, բայց 5 լիտրից ոչ ավելի քանակությամբ ալկոհոլային խմիչքներ և գարեջուր ներմուծելիս՝  3 լիտր քանակական նորմի գերազանցման մասով ենթակա են վճարման 1 լիտրի դիմաց՝ 10 եվրո միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքեր, հարկեր։
    Կարևոր է․ Ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանք կարող են տեղափոխել միայն 18 տարին լրացած անձինք։
  • Կանխիկ դրամական միջոցները և ճանապարհային չեկերը՝ անկախ արժեքից ու քաշից, ևս տեղափոխվում են առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման։ Սակայն դրանք ենթակա են հայտարարագրման, եթե ԵԱՏՄ մաքսային տարածք միանվագ ներմուծման կամ ԵԱՏՄ մաքսային տարածքից միանվագ արտահանման ժամանակ դրանց ընդհանուր գումարը գերազանցում է ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը։ Դրամական գործիքները՝ բացառությամբ ճանապարհային չեկերի, ենթակա են մաքսային հայտարարագրման՝ անկախ տեղափոխվող արժեքից։ 

    Անհրաժեշտ է հիշել՝ ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով 100,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցող կանխիկ դրամական միջոցներ և դրամական գործիքներ միանվագ տեղափոխման ժամանակ ուղևորային մաքսային հայտարարագրի ներկայացման հետ միաժամանակ ֆիզիկական անձը պետք է ներկայացնի այդ միջոցների ծագումը հաստատող փաստաթղթեր։