«Եկեք ուս-ուսի տանք և միասնական ջանքերով ապրեցնենք մեր սրտի քաղաք Ստեփանակերտը»․ քաղաքապետի կոչը

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը Ֆեյսբուքի իր թջում գրել է․

«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է իր լուման ներդնել Արցախի Հանրապետության մայրաքաղաքի կենսագործունեության մակարդակի բարձրացման հայրենաշեն գործում: Բոլոր սրտացավ մարդիկ կարող են գումար փոխանցել հատուկ այդ նպատակով ստեղծված` Ստեփանակերտի աջակցման հիմնադրամին, որի հիմնական նպատակը` 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Ստեփանակերտի ռմբակոծության հետևանքները վերացնելն է:

Բացի այդ, աջակցության հիմնադրամի միջոցները նախատեսվում է նպատակաուղղել Ստեփանակերտի բնակչության և պատերազմի հետևանքով թշնամուն անցած բնակավայրերից հարկադիր տեղահանվածների կարիքները հոգալուն, զոհված և անհայտ կորած անձանց ընտանիքներին, ինչպես նաև աշխարհազորայինների, կամավորների, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներին ու հաշմանդամություն ունեցող անձանց աջակցելուն, սոցիալ-կենցաղային և այլ ծրագրերի իրագործմանը, Ստեփանակերտի բարեկարգմանն ու բարգավաճմանն ուղղված ծրագրերի իրականամանը, քաղաքապետարանին ենթակա հիմնարկ-ձեռնարկություններին աջակցելուն, մայրաքաղաքում կրթական, գիտական, մշակութային, սոցիալական, մարզական, առողջապահական, քաղաքաշինական և այլ հանրօգուտ նախագծեր ու ծրագրեր նախաձեռնելուն ու իրականացնելուն:

Այնպես որ, եկեք ուս-ուսի տանք և միասնական ջանքերով ապրեցնենք մեր սրտի քաղաք Ստեփանակերտը։ Վստահեցնում եմ, որ այդ միջոցները նպատակային են ծախսվելու, իսկ ամբողջ գործընթացն իրականացվելու է առավելագուն թափանցիկության պայմաններում»։