Երկու նոր փոքր ՀԷԿ պետական արգելավայրերի տարածքում. Բնապահպանների ահազանգը

Երկու նոր փոքր ՀԷԿ պետական արգելավայրերի տարածքում. Բնապահպանների ահազանգը
Երկու նոր փոքր ՀԷԿ պետական արգելավայրերի տարածքում. Բնապահպանների ահազանգը

Համահայկական բնապահպանական ճակատը պնդում է, որ «Արփա-3» և «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-երը կառուցվում են պետական արգելավայրերի տարածքներում և պետք է ստանան բացասական եզրակացություն: Այսօր մենք բնապահպանության նախարարություն ենք ներկայացրել պաշտոնական նամակ այս խնդրի վերաբերյալ, որում մասնավորապես նշված է.

«Ջինջ Արփա» ՍՊԸ-ն ս.թ. փետրվարի 14-ին փորձաքննության է ներկայացրվել «Արփա-3» ՓՀԷԿ-ի շինարարության նախագիծը, որտեղ նշված է, որ տվյալ ՓՀԷԿ-ի կառուցվածքների զբաղեցնող տարածքներն ընդգրկված չեն «Ջերմուկի  ջրաբանական» արգելավայրի տարածաշրջանում և գտնվում են ավելի քան 2 կմ հեռավորության վրա: Հասկանալու համար, թե ինչքանով է այս փաստը համապատասխանում իրականությանը, մենք ուսումնասիրեցինք արգելավայրի տեղադիրքը, կանոնադրությունն ու սահմանների նկարագիրը և համեմատեցինք դրանք նախատեսվող ՓՀԷԿ-ի կառույցների տեղադիրքի հետ:

Պարզվում է, որ «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրը գտնվում է ծովի մակարդակից 2100-2470 մ բարձրության վրա, Արփա գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի տարածքի սահմաններում` ակունքից մինչև եզրափակման կետը՝ «Ջերմուկ» առողջարանի հիդրոլոգիական կետը: Իսկ արգելավայրի կանոնադրության 6-րդ կետում հստակ գրված է, որ այդ տարածքում արգելվում է` նոր հիդրոէլեկտրակայանների կառուցումն ու գետերից ջրառը: Քանի որ «Արփա-3» ՓՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել Արփա գետի վրա` ծովի մակարդակից 2146-2287 մ բարձրության վրա, պարզ է, որ այն ուղղակի չի կարող արգելավայրի տարածքից դուրս գտնվել: Հետևաբար, այս նախագծին բնապահպանության նախարարությունը միանշանակ պետք է տա շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության բացասական եզրակացություն:

Ինչ վերաբերում է «Մեգաէներջի» ՍՊԸ-ին, որը վերջին 2 տարվա ընթացքում մի քանի անգամ բնապահպանական փորձաքննության է ներկայացնում Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում կառուցվող «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի անընդհատ փոփոխվող նախագծերը, ապա նշենք, որ հերթական՝ թվով երրորդ նախագծի հանրային լսումները կայացան ս.թ. փետրվարի 17-ին: Այս նախագծում, ինչպես նախորդներում, նույնպես նշված է, որ ուսումնասիրվող տարածաշրջանում բնության հատուկ պահպանվող տարածքներ (պետական արգելոցներ, ազգային պարկեր, պետական արգելավայրեր) չկան: Լսումների ժամանակ Համահայկական բնապահպանական ճակատը մեկ անգամ ևս ներկայացրեց իր հիմնավորված առարկություններն այս նախագծի վերաբերյալ և շեշտեց, որ տվյալ ՓՀԷԿ-ը կառուցվում է «Իջևանի» պետական արգելավայրի սահմաններում (մանրամասները՝ տեսանյութում):

http://www.youtube.com/watch?v=mc9mEQWQS00

Որպես դրա ապացույց՝ լսումների մասնակիցներին ներկայացվեց նաև բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության՝ դեռևս 25.12.2012թ. գրությունը, որով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանը տեղեկացվել է, որ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցի և շենքի կառուցման կոորդինատային տվյալների համադրումից պարզվել է, որ այն գտնվում է «Իջևանի» պետական արգելավայրի սահմաններում, ուստի անհրաժեշտ է առաջնորդվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածների պահանջներով: Հաշվի առնելով այդ ամենը՝ գործակալության պետ Ա. Զիրոյանը գտել է, որ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագիծը հակասում է ՀՀ օրենսդրության պահանջներին: Հարց է առաջանում` այս նախագիծը դեռևս այն ժամանակ մերժելու փոխարեն, ինչո՞ւ է բնապահպանության նախարարությունը մեկ և կես տարի թաքցրել այս փաստը և մնացած օրենսդրական խախտումները, ու ի վերջո տվել փորձաքննական դրական եզրակացություն:

Բազմիցս նշել ենք, որ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի նախագիծն ի սկզբանե եղել է կեղծ, իրականացվել է օրենքի բազմաթիվ խախտումներով, բնության հատուկ պահպանվող տարածքում: Չեն անցկացվել մասնագիտական ուսումնասիրություններ և լուրջ փորձաքննություն, ինչի արդյունքում ոչ միայն էական վնաս է հասցվել շրջակա միջավայրին, այլ գրանցվել է նաև մարդկային կյանքի անդառնալի կորուստ: Իսկ պետական լիազոր ու իրավապահ մարմինները ցուցաբերել են հանցավոր անգործություն և անտարբերություն:

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)