«Սովորաբար ընտրություններից առաջ ԼԳԲՏ թեման շահարկվում է, սա աքսիոմ է դարձել». Մամիկոն Հովսեփյան

«Սովորաբար ընտրություններից առաջ ԼԳԲՏ թեման շահարկվում է, սա աքսիոմ է դարձել». Մամիկոն Հովսեփյան
«Սովորաբար ընտրություններից առաջ ԼԳԲՏ թեման շահարկվում է, սա աքսիոմ է դարձել». Մամիկոն Հովսեփյան

ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի Երևանում անցկացնելը չեղարկելն ու դրա շուրջ աղմուկն ընտրություններից առաջ արհեստական խնդիրներ ստեղծելու նպատակ է հետապնդում՝ կարծում են ԼԳԲՏ մարդկանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները:

«Սովորաբար ընտրություններից առաջ ԼԳԲՏ թեման շահարկվում է, սա աքսիոմ է դարձել։ Մենք էլ հոկտեմբերին ֆորում արեցինք։ Բայց այն շրջանցեցին։ Իրենք ունեին ավելի աղմկոտ բան, քրիստոնեություն բառն էր կիրառված ու այդ բառը ավելի հեշտ էր շահարկելը»,- «Մեդիալաբին» ասել է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ («Փինք Արմենիա») գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը՝ նկատի ունենալով «Հանուն ազգային արժեքների» նախաձեռնության բողոքի միջոցառումները ֆորումի անցկացման դեմ։

Այսօր էլ սոցիալական ցանցերում ատելության կոչերը շարունակվում են, օգտատերերը շարունակում են պայքարել «քարոզի դեմ», ինչը, ըստ հայաստանյան իրավապաշտպանների, չի կարող երբևէ լինել ֆորումի միջոցով։

Կոմիտաս վարդապետ Հովնանյանի ֆեյսբուքյան էջի կոչերին՝ «ո՛չ ասել ԼԳԲՏ-ներին» ու պայքարել այն մարդկանց դեմ, որոնք կործանում են հայ ընտանիքները «դրսի փողերով» ու «հայի ձեռքով», ֆեյսբուքյան օգտատեր Ավետիս Չեքմեյանն արձագանքել է՝ գրելով. «Հարկավոր է ակտիվորեն քարոզել միամիտ ժողովրդին գալիք արհավիրքների մասին բարոյալքման ու այլասեռության պատճառով, որպեսզի մեկ համասեռամոլ մնա և այն էլ՝ կայարանում: Հ.Գ. մեծ ճամպրուկներով»:

Օգտատեր Արտյոմ Մինասյանը նշել է, որ «դրանց վռնդել է պետք Հայոց հողից», ու հավելել, որ «ԼԳԲՏ-ն աղանդավորների զենքն է, ու թափ է առնում Սորոսի աջակցությամբ»։

ԼԳԲՏ մարդկանց թիրախավորող մեկ այլ օգտատիրոջ գրառման տակ Գագիկ Շիբոյանը գրել է. «Սերժ [Թանկյան] չէ, վարչապետ չէ, ով ուզում ա լինի, ով էդ հանցագործ այլասերվածներին տեղ տվեց ու դեմ տվեց, ազգիս չէ, աշխարհիս ու մարդկության թշնամին ա, իսկ թե ինչ են անում թշնամիներին, բոլորն էլ գիտեն…»

Բողոքի միջոցառումներն ու սոցիալական ցանցերում տիրող մթնոլորտը, Հովսեփյանի դիտարկմամբ՝ «ագրեսիայի մասշտաբայնությամբ, կազմակերպվածությամբ ու ֆինանսավորմամբ» անսպասելի էին, ինչպես և կառավարության արձագանքը։

«Կառավարությունը վախեցած է, նրանք ուզում են լուռ ու մունջ իրենց պոպուլիստական հռետորաբանությամբ ընտրություններին մասնակցել, իրենց ընտրազանգվածի սիրտը շահել ու մոռանում են, որ իրենց ընտրազանգվածի մի մասը նաև իրավապաշտպաններ են, ԼԳԲՏ մարդիկ»,- նշել է ԼԳԲՏ մարդկանց խնդիրներով զբաղվող իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ, ինչպես նախկին իշխանությունները, նաև ներկաները, նույն պոպուլիստական օրակարգն ունեն, «այն է՝ մեծ մասի սիրտը շահելը»։

«Մեդիալաբն» ավելի վաղ մեջբերել էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի խոսքը, որ համաժողովը չեղարկվել է ոստիկանության կողմից ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետ տարված բացատրական աշխատանքից հետո։

«Հայաստանի Հանրապետությունում այդ ֆորումը չի անցկացվելու, որովհետև այս պահին ես նպատակահարմար չեմ գտնում, որպեսզի անցկացվի՝ նաև անվտանգությունից ելնելով: Մենք ինքներս բացատրական աշխատանքներ տարանք նրանց շրջանակներում, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ հավաքը»,- ասել էր Վալերիյ Օսիպյանը:

Հովսեփյանի խոսքով՝ ոստիկանությունը չի կարող որոշել՝ «40 հոգու ինչ-որ դահլիճում հավաքվելը նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ». «Հայաստանում ժողովրդավարություն չկա։ Դա հաստատեցին Օսիպյանի խոսքերը։ Ոստիկանությունը, պետությունը չապահովեցին հավաքների ազատությունը, ոչինչ չարեցին, չուզեցին անել»։

«Բայց, կարծես, ավելի նպատակահարմար է, որ եկեղեցու ներկայացուցիչները հակասահմանադրական բաներ անեն, ատելություն քարոզեն, ինչ-որ խմբերի նկատմամբ ատելության կոչեր անեն, ու այդ կառույցը շարունակի գործել առանց որևէ խոչընդոտների»,- հավելել է նա։

Սառա Խոջոյան

MediaLab.am