Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․
Առաջիկա 8 տարիներին Հայաստանում 18,7 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կարվի՝ նոր անտառային տարածքներ հիմնելու համար։
Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։
Այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: Ծրագրի նպատակն է 2.5 տոկոսով ընդլայնել անտառային տարածքները, առնվազն 30 տոկոսով կրճատել գյուղաբնակ համայնքների վառելափայտի պահանջարկը, նպաստել կայուն և կլիմային հարմարեցված անտառկառավարմանը և ապահովել տեխնոլոգիաների փոխանցումը գյուղական համայնքներին, մասնավոր հատվածին ու պետական մարմիններին՝ անտառ-էներգիա փոխկապակցված մոտեցման համատեքստում:
Կանաչ կլիմայի հիմնադրամի ութնամյա ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն 18.7 միլիոն ԱՄՆ դոլար է, կխարսխվի Հայաստանի կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության, Բոլցանո ինքնավար նահանգի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և ՊԳԿ-ի տրամադրած ֆինանսավորման և տեխնիկական հմտությունների վրա։
Սա Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՊԳԿ-ի առաջին լայնածավալ նախագիծն է, որին աջակցում է Կանաչ կլիմայի հիմնադրամը (ԿԿՀ) և երկրի անտառային տնտեսությանն ուղղված՝ առաջին ֆինանսավորման առաջարկն է: