«Նախաձեռնություն չեմ կարող ցուցաբերել, քանի որ վստահ եմ՝ չեն լսելու, չեն գալու». Թեւան Պողոսյան

«Մեդիալաբի» հարցազրույցը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ

– Հիմա շատ խոսում, հայտարարում են, որ քաղաքական ճգնաժամ կա, դուք ի՞նչ եք կարծում, կա՞ քաղաքական ճգնաժամ։ 

– Չէ՛, ես կարծում եմ, որ կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Հիմա դուք դրան ճգնաժամ կանվանեք թե ինչ, բայց խնդիրներ կան, ու դրանք պետք է լուծվեն։ Իսկ թե ինչպե՛ս պետք է լուծվեն, դա այլ հարց է, որի մասին մի քանի անգամ խոսել եմ՝ սկսած 2018 թվականի հունիսից։ 

Իմ պատկերացմամբ՝ այս բոլոր տրանսֆորմացիաներից հետո, երբ տեղի ունեցան 2018-ի ապրիլ-մայիսի իրադարձությունները, Հայաստանին անհրաժեշտ էր ձևավորել քաղաքական կոնսենսուսի բանակցային սեղան, երբ բոլոր ուժերը կկարողանային գալ, հավաքվել մի տեղ ու աշխատել ազգային օրակարգի ձևավորման հարցի շուրջ։ 

Ես գիտակցում եմ՝ իրավիճակը սրելով մենք տեղ չենք հասնելու։ Դա ինձ համար կարևոր է։ Կարևոր է հասկանալ՝ ինչպես խոսել միմյանց հետ, որ դիմացինը պատրաստ լինի լսելու։ Եվ միմյանց լսելու մթնոլորտում մենք կկարողանանք միասնական ճիշտ օրակարգ որոշել, ու այդ դեպքում, վստահ եմ, շատ դժվարություններ միասին ավելի հեշտ ենք հաղթահարելու։ 

Սեղանին պետք է դրվեն բոլոր խնդիրները, մշակվի ճանապարհային քարտեզ, ընտրվեն առաջնահերթություններ՝ առաջ գնալու համար։ 

– Պարո՛ն Պողոսյան, դուք այսպես տեսական բաներ եք ասում, խնդրում եմ գործնական ներկայացնեք՝ ինչպե՞ս եք պատկերացնում կոնսենսուսի հասնելու ճանապարհը։

– Ճիշտ եք, ասածներս կարող են տեսական մտքեր թվալ, բայց ճանապարհները երկուսն են՝ կա՛մ մենք գիտակցում ենք, որ մեր այս-այս գործողությունները կունենան նման հետևանքներ և միասնական գնում ենք խնդիրների լուծման, կա՛մ անկանխատեսելի պարտադրանքը հավաքում է մեզ մի տեղ, մի սեղանի շուրջը։ 

Սեղանը, ընդհանրապես, պետք է ձևավորվի, ստեղծվի իշխող քաղաքական ուժի կողմից, որովհետև այսօր կայացված որոշումների պատասխանատվությունն իրենցն է։ 

Ցավոք, ճանապարհը, որի մասին ասում եք, այն սցենարը չէ, որի մասին երազում եմ։ Բայց մեկ-մեկ կյանքն այնպես է դասավորվում, որ, ի՞նչ իմանաս, գուցե բանը դրան էլ հասնի։ 

Ասենք՝ եթե վաղը Ադրբեջանը սանձազերծի ռազմական գործողություններ, հասկանալո՞ւ ենք, որ միասնական ենք այդ նավի մեջ։ Բայց, ախր, պարտադի՞ր է, որ նման բան լինի։ 

Եթե վաղը աղետալի իրավիճակ լինի, նայելո՞ւ ենք՝ կողքինը հանրապետական էր, ռամկավար էր, դաշնակցական, իմքայլական էր, ԲՀԿ-ական, լուսավոր էր։ Թե՞ միասին գնալու ենք այդ բնական աղետից տուժած մարդկանց օգնելու ենք։ Ես չեմ ուզում, որ նման բան լինի, նոր սկսենք գիտակցել, ես ուզում եմ, որ մեր կյանքի փորձից դա սկսենք գիտակցել։ Ես վստահ եմ, որ ավելի հզոր Հայաստանը գալու է այն ժամանակ, երբ բոլորս միասին ենք լինելու, միասնական ենք աշխատելու։ 

Ստեփանակերտի հրապարակում 2019-ի սեպտեմբերին հեռահար մի ծրագիր հնչեց՝ մինչև 2050 թվականին պետք է ունենանք 5-միլիոնանոց Հայաստան։ Իսկ դրա համար մենք պարզապես պետք է փորձենք հասկանալ՝ արդյոք իմ, մեր այսօրվա գործողություններով նպաստում ենք 2050-ին սպասվող ծրագրի իրագործմանը։ Եթե ոչ, ուրեմն սխալ ուղղության վրա ենք, պետք է փոխել դրանք։ Ասում են, չէ՞, խելոքները սովորում են ուրիշի սխալների վրա։ 

– Պարոն Պողոսյան, դուք խոսեցիք անկանխատեսելի պարտադրանքի մասին, էդպիսի մի իրավիճակ է ստեղծել նաև կորոնավիրուսի համաճարակը, որը շատերն համեմատում են պատերազմի հետ։ Բայց  Ձեր ասած միասնականությունը չկա, իշխանությունն ասում է միայնակ են, ավելին այսօր հայտարարվեց, որ նույնիսկ կան անձինք, ովքեր իրենց հայտարարություններով մարդանց մղում են մահվան։ Այդ պայմաններում կոնսենսուսը, միասնականությունը ո՞նց եք պատկերացնում։

– Փորձեմ օրինակ բերել իրական դեպքերի վրա․ եթե համաճարակը համեմատում ենք պատերազմի հետ, ես էլ օրինակը պատերազմական դաշտից բերեմ՝ 90-ականների սկզբից Ադրբեջանը սկսել էր գործողություններ իրականացնել տարբեր անկյուններում։ 

Մենք ունեինք, չէ՞, ինքնապաշտպանական ջոկատներ՝ Դաշնակցությունն իրենն ուներ, Անկախության բանակն ուներ իր խումբը, ՀՀՇ-ն իր ռազմական թևն ուներ։ Տարբեր խմբեր էին։ Այդ նույն ժամանակահատվածում բոլորն իրենց պայքարի մեջ էին մտել։ Եվ այդ ամենը բերեց այն կետին, որ մենք ուզեցինք ու ստեղծեցինք մեկ մեծ բանակ, ու մեր հաջողությունները սկսեցին հաջորդաբար գալ։ 

Ես շատ շնորհակալ եմ այդ հարցի համար, որովհետև եթե մենք այսօրվա վիճակը համեմատելու ենք պատերազմի հետ, ապա իմ առաջարկն է՝ վերցրեք տեսեք՝ ինչ է ցույց տալիս մեր պատմությունը, երբ ենք մենք հասել հաղթանակի։ 

Այն ժամանակ, երբ միասնական ենք եղել։ Վերընթերցեք՝ Վազգեն Սարգսյանը Մահապարտների ջոկատը ձևավորելիս երբեք չհարցրեց՝ դու նախկինում ո՞ր ջոկատից ես եղել, կամ քեզ ընդունում եմ, թե ոչ։ 

Ուրախ կլինեմ, որ մեկը գտնվի և նման կոչ անի՝ միասնականության կոչ, որ միավորվենք ու կորոնավիրուսի դեմ միասին պայքարենք։ Իսկ դրա համար պետք է լինել հեղինակություն, խոսել այնպես, որ դիմացինդ ցանկանա քեզ լսել։ Երբ միմյանց սովորենք լսել, մեր քննարկումների ժամանակ ճիշտ ռազմավարությունը կորոշվի, ու կքայլենք միասին առաջ։

– Այսօր Ազգային ժողովում քաղաքական դաշտը մաքրելու անհրաժեշտության մասին հայտարարվեց։ Ե՛վ ԱԺ նախագահը, և՛ վարչապետը հայտարարեցին, որ պետք է քաղաքական ասպարեզ գան մաքուր ուժեր, ուժեր, որոնք ընտրակաշառք չեն տվել, որոնք պաշտպանում են հեղափոխության արժեքները։ Դուք ի՞նչ կարծիքի եք, կա՞ կարիք։

– Պետք է ոչ թե մաքրել, այլ պետք է ձևավորել այնպիսի դաշտ, որ մարդն իր հայրենիքում այնքան ազատ զգա, որ եթե ինքը զարգացման տեսլական ու քաղաքական ցանկություններ ունենա, ունակ լինի ձևավորելու իր քաղաքական օրակարգը, մշակել ծրագրեր, մասնակցել ընտրություններին ու դրանք առաջարկել ժողովրդին, և եթե ստանա քվե, իրականացնի գործունեություն։ 

Դա կոչվում է ժողովրդավարություն։ Եթե ժողովուրդն է որոշում, ապա ես ո՞վ եմ, որ նրա անունից որոշեմ՝ ով պետք է մաքրի քաղաքական դաշտը։ Իսկ օրենքնե՞րը։ 

Օրենքները պետք է գործեն այնպես, որ թույլ չտա խոսքը հասցնել ժողովրդին անօրինական ձևով ու անօրինական ձևով էլ ժողովրդից քվե ստանա։ Բայց մինչ այդ գոյություն ունի անմեղության կանխավարկած, որը նույնպես ժողովրդավարական արժեք է։ Եվ երբ հայտարարում են մաքրել, պետք է դա էլ կատարվի օրինական ձևով։ 2023-ից առաջ լավ կլիներ խոսեինք՝ ինչպես ենք միասնական պայքարելու կորոնավիրուսի հետևանքները վերացնելու համար։ 

Պետք է այնպիսի Ընտրական օրենսգիրք լինի, պետք է քաղաքական կյանքի ձևավորման համար այնպիսի օրենքներ լինեն, որ ընտրակաշառքը այլևս չաշխատի։ Ցավոք սրտի, այսօր կոռուպցիայի դեմ և այլ երևույթների դեմ պայքարը միայն ու միայն կախված է մեկ մարդու քաղաքական կամքից։

– Եվ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է․․․

– Առայժմ՝ այո՛, պետական ինստիտուտների մեջ, որովհետև ես չեմ տեսել այն մակարդակի օրենքների փոփոխություն, որ հնարավոր չլինեն բաներ։ Չեմ ուզում անդրադառնալ հազարավոր բամբասանքների՝ սկսած տարբեր տենդերներից։ Բայց մենք տեսնում ենք, չէ՞, մեկ անձից գնումների քանակն ավելանում է։ 

Գրվա՞ծ է, որ գնումներն արվում են մրցակցային, ուրեմն դրանք պետք է մրցակցային լինեն։ Ես չեմ տա անուններ, կասկածներ չեմ հայտնի, ես անմեղության կանխավարկածի կողմնակիցն եմ, դա ինձ համար արժեք է։ Ես չեմ մեղադրում, չեմ պիտակավորում։ Իմ առաջարկն այս է՝ օր առաջ գիտակցենք, որ պետք է գանք, իրար կողքի նստենք, խոսենք, քննարկենք։ 

Պետք է ձևակերպենք մի բան՝ եթե համաճարակային պատերազմ է, պետք է բոլորս միասին կարողանանք իրար ձեռք ձեռքի տված դուրս գալ դրա միջից․ եթե փոթորիկի ժամանակ նավը խորտակվում է, նավաստիները միասին թիավարում են, փրկում նավը։ Այդ նավը մեր հայրենիքն է, մենք բոլորս իրար պետք է հարգենք, սիրենք, փայփայենք, գուրգուրենք, որ լավ պահենք մեր նավը։

– Այսպես խոսում եք, ես հիշեցի, որ մի անգամ ստանձնել եք այդ հաշտարարի դերը։ Պատրա՞ստ եք մեկ անգամ էլ ստանձնելու։

– Չէ՛, այն ժամանակ էլ իմ կոչը երկուսին (Էդմոն Մարուքյանին և Նիկոլ Փաշինյանին-հեղ․) եղել է հանուն մեր երեխաների չկրկնենք անցյալի սխալները։ Հիմա ես կոչով դիմում եմ բոլորին, քանի որ այն ժամանակ իրավիճակն այլ էր, քան հիմա։ Նախաձեռնություն չեմ կարող ցուցաբերել, քանի որ վստահ եմ՝ չեն լսելու, չեն գալու։ Բայց եթե իմ մասով կարող եմ նպաստել, օգնել, որ կոնսենսուսը կայանա, կնպաստեմ ամեն ինչով՝ իմ գիտելիքներով, իմ փորձով։

Եթե կոնսենսուս կայանա, վստահ եմ՝ ոչ միայն ես, այլ նաև Հայաստանի ու Արցախի գինեգործները իրենց գինին նվեր կտան՝ միասնականության կենացը խմելու համար։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am