Եթե մեր իշխանությունները գործեին խելամիտ ու արագ, Ադրբեջանի արածները մենք կարող էինք օգտագործել հենց նրանց դեմ. Ադրբեջանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանն արդեն Արցախի երկրորդ քաղաքացուն է առևանգում, նախ կխնդրեմ ասեք, թե այնտեղ այդ մարդկանց որպես ի՞նչ են ներկայացնում, և այս ի՞նչ գործելաոճ է, որը որդեգրել է ադրբեջանական կողմը: 

– Կոնկրետ Վագիֆ Խաչատրյանին փորձում են ներկայացնել որպես պատերազմական հանցագործի, ու հենց այդ պատրվակով էլ Կարմիր խաչի ներկայությամբ նույնիսկ այդ մարդուն առևանգել են ու տեղափոխել Բաքու՝ առաջադրելով մեղադրանք: 

Ինչ վերաբերում է երկրորդ դեպքին՝ ներկայացրել էին, թե նա խախտել է պետական սահմանը: Ադրբեջանը փուլերով գնում է. շրջափակում, կյանքի համար անտանելի պայմաններ, հետո արդեն ահաբեկչություն, որպեսզի մարդիկ վախենան տեղաշարժվել, մտածեն, որ միգուցե պետք է հանձնվել, որպեսզի չձերբակալվեն: 

Որքանով ես եմ հետևում ադրբեջանական հրապարակումներին, նրանց գործողությունների ամբողջ իմաստն այն է, որ «ավելի լավ է գաք, ինքնակամ հանձնվեք, և մենք ձեզ կներենք»: Սա ընդհանուր քաղաքականության մաս է, որ մարդիկ անհնար համարեն Արցախում ապրելն և ուղղակի դուրս գան այնտեղից:

– Կարծում եք՝ այս առևանգումները կշարունակվե՞ն:

– Ցավալիորեն, այո՛, ունեմ այդ տպավորությունը, որ նրանք փորձելու են սա շարունակական դարձնել: Զարմանալու ոչինչ չկա, որովհետև նրանք ամիսներ առաջ Հայաստանի սահմանից առևանգեցին զինծառայողի, տարան Բաքու՝ դատավարություն իրականացնելու, ամիսներ առաջ իրենց դիվերսանտը մտավ Հայաստանի թիկունք ու իրականացրեց մարդասպանություն: Ադրբեջանի նպատակն է ընդհանրապես հայ հանրության մեջ իրենց նկատմամբ համատարած վախ սերմանելն է, որ երբ Ադրբեջանը մի բան ասի, մեզնից ոչ մեկը չասի, որ պետք է դիմադրենք, բոլորս ենթարկվենք իրենց:

– Երեկ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Արցախում ապրող մարդիկ երկու ելք ունեն՝ «կա՛մ դառնում են Ադրբեջանի քաղաքացի ու ապրում մեր օրենքներով՝ որպես փոքրամասնություններ, կա՛մ լքում են Ղարաբաղը»: Եթե ենթադրենք, որ այս երկու տարբերակից էլ օգտվողներ կլինեն, կա՞ երաշխիք, որ այդ մարդիկ իսկապես անվտանգ են լինելու, ու նրանց կյանքին վտանգ չի սպառնալու:

– Եթե մեր իշխանությունները գործեին խելամիտ ու արագ, Ադրբեջանի արածները մենք կարող էինք օգտագործել հենց նրանց դեմ, որովհետև Ադրբեջանն այս պահին ստեղծել է մի իրավիճակ, որն ապացուցում է, որ այդ մարդիկ չեն կարող անվտանգ ու խաղաղ ապրել Ադրբեջանի կազմում: 

Ենթադրենք՝ ընդունեցին Ադրբեջանի քաղաքացիություն, մտնելու են ձերբակալեն հազարավոր տղամարդկանց՝ որպես պատերազմի հանցագործներ ու տանեն Բաքու, ո՞վ է նրանց պաշտպանությունն ապահովելու: Երբ դու գնում ու ճանաչում ես Արցախն Ադրբեջանի մաս՝ առանց ապահովելու միջազգային բավարար ներկայացվածություն, դու գործիք ես տալիս Ադրբեջանին նման կերպ վարվելու:

Միևնույն ժամանակ Ադրբեջանն է մեր ձեռքին գործիք տալիս. ասում էին՝ Աղդամի ճանապարհով մենք ձեզ հաց կտանք, բայց Լաչինի ճանապարհից մարդ են ձերբակալում: Սրանից պարզ չէ՞, որ Աղդամի ճանապարհը դառնալու է ձերբակալությունների վայր: Տարբեր նյութեր են հրապարակվում, որ իրենք բավականին մեծ բանտ են փորձում կառուցել Աղդամում, իհարկե սա դեռ պաշտոնական չէ, բայց տարբեր աղբյուրներ նման նյութեր հրապարակում են:

– Տիկի՛ն Հայրապետյան, այսինքն՝ գլխավոր խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մա՞ս:

– Դա խնդիրներից մեկն է իհարկե, ու մյուս կարևոր վնասը, որ տվել է, այն է, որ ինքնորոշման իրավունքից հրաժարվեց՝ փոխարենը ոչինչ չստանալով: 

– Միջազգային արձագանքն ինչո՞ւ է այսպիսին, ըստ ձեզ, ու ինչ-որ պահի հնարավոր համարո՞ւմ եք, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն:

– Կախված է նրանից, թե կուլիսների հետևում ինչ քննարկումներ են ընթանում, եթե Հայաստանի ղեկավարն ասում է, որ Արցախում կա ցեղասպանության վտանգ, զուգահեռաբար այդ տարածքը ճանաչում է Ադրբեջանի մաս՝ ի՛նչ ենք պահանջում: 

Խնդրի էությունը խեղաթյուրել են ու տարել հումանիտար դաշտ՝ լուծումն առավել քան երբևէ բարդացնելով, ու Ադրբեջանն այդ ամենն օգտագործում է մեր դեմ: Ալիևը երեկ խոստովանեց, որ իր կյանքի նպատակը եղել է պատերազմը, ու առնվազն 20 տարի ինքը պատրաստվել է դրան, իսկ Հայաստանի այսօրվա իշխանությունն այս պարզ իրողությունը թողնում է մի կողմ ու խոսում նախկիններից, ներկաներից ու ապագայից:

– Եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես է, ի՞նչ է սպասում արցախահայությանը:

– Ադրբեջանական իշխանական լրատվական քարոզչամեքենան երեկ նշում էր, որ առաջ ռուսական կողմը մատակարարման խնդիրների պարագայում օգտվում էր Աղդամի ճանապարհից և այլն, բայց վերջին շրջանում ռուսական կողմն առհասարակ հրաժարվել է այդ ճանապարհից օգտվել ու նույնիսկ իրենց պաշտոնական նամակներն անպատասխան է թողնում: Կարծում եմ՝ այս տեղեկատվությունը հենց այնպես չէր հայտնվել «Հաքինազ»-ում: Ես չգիտեմ՝ ռուսական կողմում արդյոք կա՞ գիտակցում, որ այս ամենն ի վերջո բերելու է նրան, որ մարդկանց ճակատագրերը դրվելու են հարցականի տակ, իրենք դառնալու են դրանց պատասխանատուն, չեմ կարող ասել: 

Եթե Հայաստանի իշխանությունները մի քիչ խելացի գործեին, մենք կարող էինք այս ամենն ուղղել Ադրբեջանի դեմ: Պատասխանատվությունը միջնորդ կողմերի վրա դնելը ևս շատ կարևոր է, ինչը չի անում Հայաստանը, որովհետև եթե ինչ-որ կողմ ստանձնել է որևէ պարտավորություն, ինքը պետք է ապահովի դրա կատարումը: Եթե Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն իրեն ստիպել են Արցախի հարցում նշաձող իջեցնել՝ խոստանալով միջազգային բացառիկ կոնսոլիդացիա, ապա պետք է ապահովեն այդ կոնսոլիդացիան, իսկ եթե նման բան չի եղել՝ թող ասեն, որ Նիկոլ Փաշինյանը ստում է, ոչ թե ստանձնեն պատասխանատվություն ու բոլորով այդ մարդկանց հիմա դնեն լրջագույն ռիսկի տակ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am