Ապօրինի ծառահատում Տավուշի մարզում

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Իջևանի բնակչի կողմից ապօրինի ծառահատում կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տվյալներ իրացնելիս պարզվել է, որ 2022թ. փետրվարի 20-ից մինչև փետրվարի 21-ն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրի «Փոքր շամուտ» կոչվող տարածքից ապօրինի հատվել է 46 հատ եղևնի:   

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են  ստացվել այն մասին, որ նշված եղևնիները հատվել են Իջևանի բնակչի կողմից:

Իրավապահների կողմից իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում վերջինիս առանձնատանը կից պահեստարանում հայտնաբերվել է 2.20 մ երկարության, Սոճենու տարբեր տրամաչափի 168 հատ գերան, որոնք առաջացել են ապօրինի հատված վերոհիշյալ 46 հատ Սոճենու հատման արդյունքում: Այս կապակցությամբ հիշյալ բնակիչը հայտարարել է, որ դրանք պատկանում են իրեն, սակայն համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Նկատի ունենանլով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Իջևանի բնակիչը, ապօրինի ծառահատում կատարելու դիտավորությամբ, «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Խաչարձանի» անտառպետության թիվ 1 պահաբաժնի «Փոքր շանուտ» կոչվող անտառամասում,  2022թ. փետրվարի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, մինչև աճի դադարեցման աստիճանը, ապօրինի հատել է 45 հատ «Սոճի» և 1 հատ «Հացի» տեսակի տարբեր տրամաչափերի թաց, կանգուն ծառեր՝ պետությանը (բնությանը) պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 4.335.000 ՀՀ դրամի գույքային վնաս: 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Իջևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումն որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Այդ մասին հայտնում են ՔԿ-ից։