ԱՄՆ-ի քաղաքապետերը չեղյալ են հայտարարում Ադրբեջանի հորդորով հրապարակած ստահոդ հռչակագրերը․ Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր»  թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանի այս շաբաթվա հոդվածը․

Ադրբեջանի կառավարությունը չի գիտակցում, որ չի կարելի մշտապես ստանալ ուզածդ՝   կաշառելով և վճարելով քաղաքական գործիչներին: Կա մի սահման, որից այն կողմ չես կարող փողով ոչինչ գնել։ Երբեմն ճշմարտությունն ավելի մեծ արժեք է:

Ադրբեջանի ղեկավարներն այս կարևոր դասը չեն սովորել: Նրանք տասնյակ միլիոնավոր դոլարներ են վատնել՝ վճարելով լոբբիստական ​​ընկերություններին և կոռումպացված քաղաքական գործիչներին։

Նման անօգուտ գործունեության օրինակ է ադրբեջանական մոլուցքը՝ փորձելու շահարկել 1992 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Խոջալուում մի քանի հարյուր ադրբեջանցիների սպանության վիճահարույց միջադեպը: Կան տարբեր վարկածներ, թե իրոք ինչ է տեղի ունեցել Խոջալուում: Այնուամենայնիվ, Ադրբեջանը մեծ ջանքեր է գործադրել աշխարհին կեղծորեն համոզելու, որ հայերը «ցեղասպանություն» են իրականացրել Խոջալուում․․․  

Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում ադրբեջանական սովորական մոտեցումն է՝  կաշառել քաղաքական գործիչներին՝ Խոջալուի սպանությունների տարելիցին նվիրված հռչակագրեր հրապարակելու համար: Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը 1992 թվականին չեխ լրագրող Դանա Մազալովային տված հարցազրույցում ասել է, որ իր ադրբեջանցի քաղաքական հակառակորդներն այս միջադեպը օգտագործել են իրեն իշխանությունից հեռացնելու համար: Նա ասել է, որ հայ զինյալները Խոջալուի   ադրբեջանական բնակչությանը հորդորել են փախչել բաց թողնված ճանապարհով, սակայն Ադրբեջանի ազգային ճակատը խոչընդոտել է նրանց ելքը:

Ադրբեջանին հաջողվել է նավթադոլարներով հասնել նրան, որ Միացյալ Նահանգների 23 նահանգները Խոջալուի մահերը ոգեկոչեն որպես «կոտորած»: Չնայած Ադրբեջանի համառ լոբբիստական ​​ջանքերին, այս նահանգներից ոչ մեկը չի ընդունել Ադրբեջանի ենթադրյալ «ցեղասպանություն» եզրույթը՝ նկարագրելու մի քանի հարյուր ադրբեջանցիների մահը Խոջալուում: Ադրբեջանը նաև իր լիքը գրպաններն օգտագործել է այս սպանությունների ճանաչումը ստանալու ութ երկրների խորհրդարանների կողմից՝ Ադրբեջանի (բնականաբար), Պերուի, Պանամայի, Հոնդուրասի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սլովենիայի, Ջիբութիի և Պարագվայի: Բացի այդ, յոթ երկրների՝ Թուրքիայի, Պակիստանի, Մեքսիկայի, Կոլումբիայի, Չեխիայի, Սուդանի և Գվատեմալայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովները ոգեկոչել են Խոջալուի սպանությունները:

Ադրբեջանն օգտագործել է հիշատակի այս բանաձևերը, որպեսզի վնասի Հայաստանի հեղինակությանը և հակազդի ավելի քան 30 երկրների և ԱՄՆ 49 նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Թեև երբեմն փողը կարող է օգնել ստանալ ձեր ուզածը, սակայն այլ ժամանակներում այն կարող է ձեզ խայտառակել, երբ նրանք, ովքեր ավելի վաղ ոգեկոչել էին Խոջալուի հիշատակը՝ հերքում են տալիս, ներողություն խնդրում և չեղարկում իրենց ճանաչումը, երբ հասկանում են, որ իրենք խաբված են եղել:

Այն ինչ տեղի ունեցավ Սան Դիեգոյում՝ Կալիֆորնիայի երկրորդ մեծ քաղաքում, վերջին նման խայտառակ օրինակն էր: Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական լրատվամիջոցները և Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը պարծենալով հայտարարեցին, որ Սան Դիեգոյի քաղաքապետ Թոդ Գարսիան հռչակագիր է հրապարակել՝ 2021 թ․  հոկտեմբերի 18-ը սահմանելով որպես «Ադրբեջանի անկախության վերականգնման օր»:

Հռչակագրում կեղծորեն պնդում էին, որ «Ադրբեջանը միջազգայնորեն համարվում է որպես հաջողակ օրինակ մահմեդականների, քրիստոնյաների և հրեաների խաղաղ ու ներդաշնակ համակեցության համար»: Գլխավոր հյուպատոս Աղաևը բոլորին հիշեցրեց, որ 2021 թվականին «լրանում է Բաքու-Սան Դիեգո համագործակցության տասնամյակը»: Աղաևը նաև նշեց, որ «1991 թվականից ի վեր, ադրբեջանական ժողովուրդն առաջին անգամ այս տարեթիվը նշելու է որպես հաղթանակած ժողովուրդ, որը վերականգնել է իր երկրի տարածքային ամբողջականությունը»:

Սակայն, գլխավոր հյուպատոսի ոգևորությունը տևեց ընդամենը մեկ օր: Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը տարածեց մամուլի հաղորդագրություն՝ կոչ անելով Սան Դիեգոյի քաղաքապետին չեղյալ համարել իր հռչակագիրը, որը «արդարացնում է Ադրբեջանի մարդու իրավունքների ոտնահարումները»: Նույն օրը Սան Դիեգոյի քաղաքապետը չեղյալ հայտարարեց իր ավելի վաղ ընդունած ադրբեջանամետ հռչակագիրը: Քաղաքապետը գրեց․ «Ցավով եմ նշում, որ այս հռչակագրի հրապարակումը սխալմունք էր և պետք է ավելի մանրակրկիտ ստուգվեր անձնակազմի կողմից, քանի որ այն հաշվի չէր առնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները, պատմությունը և ընթացիկ իրադարձությունները»: Ավելի կարևոր է, որ նա հայտարարեց․ «Մինչ Սան Դիեգո քաղաքը հռչակագրեր հրապարակել է Ադրբեջանի անկախության օրվա և նմանատիպ առիթներով նախկին վարչակազմերի կողմից, իմ գրասենյակն այլևս չի բավարարելու այդ խնդրանքները: Այդ նպատակով ես չեղյալ եմ համարում այս հռչակագիրը, իսկ Սան Դիեգո քաղաքը չի ճանաչի այն հոկտեմբերի 18-ին։ Խնդրում եմ ընդունեք իմ խորին ափսոսանքն այս սխալմունքի համար, միաժամանակ ընդունեք գնահատանքս՝ իմ ուշադրությունը այս հարցի վրա հրավիրելու համար»։

Սա «Բաքու-Սան Դիեգո համագործակցության» ավարտն է: Զարմանալի չէ, որ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը մկան պես լուռ էր այն պահից, երբ քաղաքապետը չեղյալ հայտարարեց իր հռչակագիրը, և ոչ մի բառ չի արտաբերել․․․

Չեղյալ հայտարարված ադրբեջանամետ հռչակագրերի շղթան Սան Դիեգոյով չի ավարտվում: 2021 թ․ փետրվարի 26-ին Բոստոնի քաղաքապետ Մարտին Ուոլշը հռչակագիր հրապարակեց «Խոջալուի օրը» նշելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, 2021 թ․ մարտի 10-ին քաղաքապետը փոխեց իր կարծիքը և գրեց․ «Ես կցանկանայի ներողություն խնդրել ամերիկահայ համայնքից…. Ամերիկահայ համայնքի ղեկավարների հետ զրույցներից հետո մենք հասկանում ենք, որ այս հռչակագիրը վիրավորական է եղել ձեզանից շատերի համար… Ես որոշել եմ չեղյալ հայտարարել այս հռչակագիրը»: Քաղաքապետ Ուոլշը, որն այժմ ԱՄՆ աշխատանքի նախարար է, բարձր գնահատական է տվել տեղի հայ համայնքին և անդրադարձել Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը: Այն, ինչ սկսվեց որպես ադրբեջանական քարոզչական ջանք, ավարտվեց որպես Հայաստանի և հայերի հանրային կապերի մեծ հաղթանակ:

Նույն սցենարը կրկնվեց Մեյն նահանգի Պորտլենդ քաղաքում: Քաղաքապետ Քեթլին Սնայդերն ի սկզբանե հռչակագիր էր հրապարակել 2021 թ․ փետրվարի 17-ին՝ ի հիշատակ «Խոջալուի հիշատակի օրվա»: Այնուամենայնիվ, 2021 թ․ ապրիլի 1-ին քաղաքապետը գրեց. «Ես որոշեցի չեղյալ հայտարարել քաղաքապետի հռչակագիրը»: Նա հավելեց․ «Մեկ անգամ ևս ներողություն եմ խնդրում այն ցավերի և վիրավորանքի համար, որ պատճառել է այս հռչակագրի հրապարակումը…»:

Նմանապես, Կալիֆորնիայի Թորանս քաղաքը հայտարարություն է տարածել 2021 թ․ հոկտեմբերի 15-ին՝ «Ադրբեջանի օրը» նշելու մասին։ Այն Սան Դիեգոյի կողմից արված հռչակագրի ճշգրիտ պատճենն է: Նույն օրը ավելի ուշ, Թորանս քաղաքի քաղաքապետ Պատրիկ Ֆյուրին հայտարարեց, որ քաղաքը «սխալմամբ հռչակագիր էր հրապարակել: Նախկինում քաղաքային իշխանությունները Թորանս քաղաքում հայտարարել էին Ադրբեջանի ազգային օրը` դրա ուժի մեջ մտնելու օրը: Համապատասխան տարածաշրջանում վերջին իրադարձությունների լույսի ներքո, քաղաքը հարգանքով խնդրել է Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունից հանել հռչակագիրը բոլոր լրատվամիջոցներից»: Այնուամենայնիվ, Սան Դիեգոյի և Թորանսի չեղարկված հայտարարությունները դեռևս գլխավոր հյուպատոս Աղաևի ֆեյսբուքյան էջում են:

Սա ևս մեկ օրինակ է Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի քարոզչական անհաջող ջանքերի: Կալիֆորնիայի հայերի բախտը բերել է, որ Ադրբեջանը Լոս Անջելես է ուղարկել նման  ապիկար գլխավոր հյուպատոսի։ Ոչ ոք չպետք է զարմանա, եթե նրան շուտով հետ կանչեն Բաքու:

Բազմաթիվ այլ օրինակներ կան ադրբեջանական քարոզչության անհաջող փորձերի վերաբերյալ: 2021 թ․ փետրվարի 25-ին Մինեսոտայի նահանգապետ Թիմ Վալզը հռչակագիր հրապարակեց «Ադրբեջանի օրվա» կապակցությամբ, սակայն հրաժարվեց ներառել «Խոջալուի» հղումը:  Այդուհանդերձ, ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեղեկություններ տարածեցին, թե իբր  նահանգապետը ստորագրել է «Խոջալուի ցեղասպանության» հիշատակի հռչակագիր:

Փոխանակ չեղյալ հայտարարելու Ադրբեջանի լոբբիստների հորդորով կեղծ հրապարակված հռչակագրերը՝ ամերիկահայ համայնքը պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկի, որպեսզի ադրբեջանամետ կեղծ հռչակագրերն առաջին հերթին երբեք լույս չտեսնեն:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի