Փառուխի ու Քարագլխի պատմամշակութային ժառանգությունը նույնպես վտանգված է ադրբեջանական բռնազավթման ներքո. Արցախի ԿԳՄՍՆ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և բացահայտ զեղծարարությունների մասին:

Հայտարարության մեջ նշվում է, որ 2022 թվականի մարտի 24-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով թշնամու բռնազավթման տակ է անցել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շրջակայքը և Քարագլուխ նախկին բնակավայրն ու համանուն բարձունքը, և ադրբեջանական զինված ուժերը միանգամից անցել են բռնազավթված այդ տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման հայտնի ձեռագրին:

«Ունենալով Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դառը փորձը, երբ այդ երկիրը ամենաբարձր մակարդակով կազմակերպում և խրախուսում է մշակութային վանդալիզմը Արցախի բռնազավթված տարածքներում՝ վստահաբար հայտարարում ենք, որ Փառուխի ու Քարագլխի պատմամշակութային ժառանգությունը նույնպես վտանգված է ադրբեջանական բռնազավթման ներքո»,- նշված է Արցախի ԿԳՄՍ-ի հայտարարության մեջ: