«Ձևակերպումը, թե մենք արբանյակ ունենք, ես վերապահումով կանեի, որովհետև շատ հարցեր դեռ անպատասխան են». Արեգ Միքայելյան

Գործադիրի այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ «SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում»։

Որ սա մեր երկրի համար կարևոր ձեռքբերում է ու անհրաժեշտություն, ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը չի հերքում, բայց չի ցանկանում շատ ոգևորվել ու ոգևորել նաև հանրությանը, «որովհետև բացի եղած տեղեկությունից, այլ մանրամասներ հայտնի չեն»։

«Իհարկե, Հայաստանի համար շատ կարևոր է արբանյակ ունենալը, բայց չեմ ուզում առաջ ընկել ու ասել, թե արդեն ունենք սեփական արբանյակ, որովհետև մերը լինելու համար մենք պետք է ամբողջովին տիրապետենք և՛ կառավարմանը, և՛ տվյալների հասանելիությանը, իսկ դրա մասին դեռ ոչինչ չի ասվել, չնայած չենք էլ կարող դա անել, որովհետև կառավարման կենտրոն էլ չունենք»,- «Մեդիալաբին» ասում է Արեգ Միքայելյանը։

Նշենք, որ գործադիրի ղեկավարը նիստի ժամանակ ասաց, որ մինչև 2023 թվականի վերջը Հայաստանի Հանրապետությունում կստեղծվեն արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան։

Միքայելյանի խոսքով՝ հնարավոր է, որ արբանյակն անգամ մերն էլ չլինի, որովհետև հայտնի չէ, թե ով է վճարել դրա ամբողջ արժեքը։

«Հնարավոր է, որ մենք ունենք փոքր մասնաբաժին, չեմ կարող ասել, քանի որ տեղեկությունները շատ քիչ են, գուցե «Գեոկոսմոս» ՓԲԸ-ն կարողանա հստակեցնել, որովհետև իրենք են մասնակիցն այդ գործի։ Չնայած հենց այդպես էլ ասվում է, որ մասնակցում է, այսինքն՝ հավանական է, որ միայն մասնաբաժին ունեն»,- ասում է աստղադիտարանի տնօրենը։

Միքայելյանի խոսքով՝ աշխարհում քիչ չեն դեպքերը, երբ երկրները կամ կազմակերպությունները միավորվում են ու համատեղ են իրականացնում այդ ծրագրերը, եթե արբանյակը շատ թանկ է։

«Անվտանգային առումով էլ դա, բնականաբար, կարևոր է, որովհետև արբանյակը կարող է ծառայել նաև ռազմական նպատակներով, ու դա մեզ համար առաջնահերթ կարելի է համարել։ Մեր թշնամին արդեն երեք արբանյակ ունի արձակած, ճիշտ է՝ այնքան էլ հզոր չեն, բայց ինչ-որ չափով կարող են ծառայել, ու դա պատերազմի ժամանակ առավելություն է, այդկերպ կարելի է հետևել թշնամու զորքերի, զրահատեխնիկայի տեղաշարժերին»,- ասում է Միքայելյանը, իսկ դրա համար, ինչպես ընդգծում է աստղադիտարանի տնօրենը, մենք պետք է ունենանք մեր սեփական արբանյակը կամ էլ անընդհատ գնենք կամ պատվիրենք ինչ-որ ընկերության, որ իր արբանյակն ուղղի թշնամու սահմանին, որպեսզի հետևենք նրա զորքի շարժին, ինչի համար մեծ գումարներ են անհրաժեշտ։

«Ոգևորվածությունը հասկանում եմ, բայց հայտնի է, որ առ այսօր կառավարությունը չնչին գումար չի հատկացրել տիեզերական գործունեությունը զարգացնելու համար, թեև այդ ցանկությունը միշտ հայտնվում է։ Իսկ հիմա հանկարծ պարզվում է՝ մենք արբանյակ ունենք, այսինքն՝ այդ ձևակերպումը, որ մենք արբանյակ ունենք, ես դեռ վերապահումով կանեի։ Դեռ հասկանանք՝ ո՞ւմ արբանյակն է, մեր բաժինը որքա՞ն է, որքանո՞վ կարող ենք տիրապետել դրա տվյալներին, այս ամենից հետո նոր կարող ենք ասել, որ արբանյակ ունենք»,- ասում է Արեգ Միքայելյանը։

Հարցին՝ արդյոք նման պրակտիկա կա՞, որ այս կարգի ծրագրերը գաղտնի են արվում, որովհետև մինչ օրս այս մասին կառավարությունը ոչինչ չէր ասել, Միքայելյանը նշեց, որ գաղտնիությունն ամենևին էլ պարտադիր պայման չէ:

«ԱՄՆ-ում, երբ նման մի պրոյեկտ է արվում, 10-20 տարի առաջ են հայտնում այդ մասին, որովհետև նման պրոյեկտների համար մեծ հատկացումներ են տրամադրվում։ Գաղտնի չի կարող լինել, որովհետև դրա համար պետք է ֆինանսներ տրամադրվեն, իսկ մենք գաղտնի միջոցներ չունենք։ Պետական բյուջեն քննարկելիս պետք է երևար, որ ինչ-որ գումար է հատկացվում այդ նպատակին, իսկ դրա համար մեծ գումարներ են հարկավոր»,- ասում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am