Ինչպե՞ս կարող է Հայոց պատրիարքը նույնքան թուրքամետ լինել, որքան Էրդողանը. Հարութ Սասունյան

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը հերթական անգամ հանդես եկավ թուրքամետ հայտարարությամբ, այս անգամ Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ՝ փորձելով գոհացնել իր թուրք տերերին և արժեզրկել նախագահ Ջո Բայդենի Ապրիլի 24-ի ճանաչումը:

Բոլորս էլ հասկանում ենք, որ Թուրքիայի հայ համայնքը և պատրիարքը պատանդ են Թուրքիայի կառավարության ձեռքում: Որպես այդպիսին, նրանք ճնշման տակ են՝ թուրքամետ հայտարարություններ անելու համար: Այնուամենայնիվ, կան կարմիր գծեր, որոնք ոչ մի հայ չպետք է հատի՝ անկախ հանգամանքներից կամ պատճառներից: Մեր նախնիները զոհաբերեցին իրենց կյանքը ցեղասպանության ընթացքում՝ չտրվելով թուրքական ճնշումներին և ֆիզիկական սպառնալիքներին: Պատրիարքը, որը համարվում է Աստծո մարդը, պարտավոր է ճշմարտությունն ասել նույնիսկ եթե նրա կյանքին վտանգ է սպառնում:

Ինչպես առաջարկել էի ավելի վաղ, եթե պատրիարքը չի ցանկանում խնդիրներ ունենալ Թուրքիայի իշխանությունների հետ, նա պարզապես պետք է բերանը փակ պահի: Նա չպետք է ինքնակամ հայտարարություններ անի ոչ կրոնական հարցերի վերաբերյալ և չպղծի 1.5 միլիոն զոհված հայերի սուրբ հիշատակը:

Չպետք է եզրակացնել, որ ամեն անգամ, երբ պատրիարքը թուրքամետ հայտարարություն է անում, նա անպայման դա անում է հարկադրանքի տակ: Ավելին, պատրիարքը պետք է ինքն իրեն հարցնի՝ արդյո՞ք հայ համայնքը որևէ օգուտ ստացել է իր բազմաթիվ թուրքամետ հայտարարությունների դիմաց:  

Անշուշտ, Թուրքիայի կառավարությունը բազմիցս շահարկել է պատրիարքի խոսքերը` թուրքամետ քարոզչությունն ամբողջ աշխարհում տարածելով:

Օրինակ՝ 2021 թ․ ապրիլի 23-ին, երբ հայտնի դարձավ, որ Բայդենը հանդես է գալու Հայոց ցեղասպանության իր մեծապես ակնկալելի ճանաչմամբ, Թուրքիայի կառավարության պաշտոնական լրատվական ծառայությունը՝ «Անադոլու» լրատվական գործակալությունը, տեղեկացրեց պատրիարք Մաշալյանի կողմից Բայդենի գալիք ուղերձի դատապարտման մասին։ «Անադոլու»-ն իր «լուրը» վերնագրեց պատրիարքի խոսքերով․ «1915-ի միջադեպերի օգտագործումը քաղաքականության համար տխրեցնում է հայերին»:

Ինչպե՞ս կարող էր Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը, որը հայերը ողջունեցին ամբողջ աշխարհում, «տխրեցնե՞լ հայերին»։ Ընդհակառակը, դա վշտացրեց ժխտողական թուրքերին և ոգևորեց հայերին:

Պատրիարք Մաշալյանը պարզապես պետք է զբաղվի միայն կրոնական թեմաներով և դատողություններ չանի այլ հարցերի վերաբերյալ:

Անկախ նրանից, թե Թուրքիայի կառավարության կողմից ճնշում է գործադրվում քաղաքական հայտարարություններ անելու համար, թե նա անում է ինքնակամ, պատրիարքը պետք է զերծ մնա նման դիրքորոշում որդեգրելուց՝ ասելով, որ որպես հոգևորական ինքն զբաղվում է միայն կրոնական թեմաներով:

Ահա հատվածներ պատրիարք Մաշալյանի կողմից 2021 թ․ ապրիլի 23-ին «Անադոլու» գործակալությանն արված հայտարարությունից, որը լայնորեն տարածվեց թուրքական լրատվամիջոցներում.

«Մեզ ցավ է պատճառում, երբ տեսնում ենք, որ մեր ժողովրդի և մեր նախնիների տառապանքները որոշ երկրների կողմից գործիքավորվում են առօրյա քաղաքական նպատակներով:

Տասնամյակներ շարունակ խորհրդարանական օրակարգերում հիմնախնդրի օգտագործման պատճառով առաջացած լարվածությունը չի ծառայել երկու ժողովուրդների մերձեցմանը: Ընդհակառակը, դա թշնամական զգացմունքներ է առաջացնում և հետաձգում խաղաղությունը:

Մենք, ճիշտ ինչպես մեր նախորդներն ու հանգուցյալ պատրիարքները, կշարունակենք մաղթել խաղաղություն, բարեկամություն և բարեկեցություն թուրքերի և հայերի միջև:

Մենք խրախուսելու ենք հարևանության և ընդհանուր հիմքերի վրա հիմնված հարաբերությունների արագ վերականգնումը։ Մենք նախընտրում ենք լինել նրանցից մեկը, որոնք հուսով ակնկալում են բարիդրացիական հարաբերությունների վերականգնում, որոնք բնորոշ են այս հողերին և գոյություն ունեն երկու համայնքների ավանդույթներում`Թուրքիայի և Հայաստանի իշխանությունների միջև:

Հարգելի Ռեջեփ Թայիփ Էրդողանը, և՛ որպես վարչապետ, և՛ որպես նախագահ, Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ եղել է միակ բարձրագույն պետական ​​պաշտոնյան, որն այս առիթով ուղերձներ է հղել։

Այս ուղերձները ցույց են տալիս մի ոգի, որը կիսում է մեր ցավն ու որոշակի հարգանք աքսորում իրենց կյանքը կորցրած մեր ազգի զավակների նկատմամբ։ Մեր կարծիքով, տեղին կլինի դրանք ընդունել որպես դրական քայլեր՝ ուղղված մերձեցմանն ապագայում։

Եթե ​​հնարավոր լիներ ստեղծել նրանց [Թուրքիայի] առաջարկած պատմության համատեղ հանձնաժողովը, ապա առնվազն 15 տարի առաջընթաց արձանագրված կլիներ: Եթե ​​հնարավոր լիներ իրականացնել [Հայ-թուրքական] արձանագրությունները, ապա սահմանները կարող էին բացված լինել։

Այդ դեպքում Ղարաբաղի [խնդրի] լուծումը կարող էր այլ կերպ լինել: Մենք չենք կարծում, որ դեռ ուշ է։ Վեց երկրների հարթակ կառուցելու նախագիծը, որը մեր հարգելի նախագահն առաջարկել է Կովկասի համար, կարող է դարի խաղաղությունը բերել տարածաշրջանի համայնքներին»:

Կասկած չթողնելով պատրիարքի թուրքամետ դիրքորոշման առնչությամբ, Թուրքիայի հաղորդակցությունների գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունը հավանություն տվեց նրա հայտարարությանը.

«Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը տեղին նշեց, որ անցյալի տառապանքները չպետք է օգտագործվեն կարճաժամկետ քաղաքական շահերի համար: [Պատրիարքն ասաց]․ Մենք շարունակելու ենք միասին այս երկրում ապրել խաղաղ և որպես քույրեր ու եղբայրներ»։

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը նույնպես աջակցություն հայտնեց Մաշալյանի խոսքերին. «Նեղ քաղաքական օրակարգի համար պատմությունը չարաշահելը չի օգնում ոչ անցյալին, ոչ էլ ներկային»:

Հետաքրքիր է, որ Էրդողանը ապրիլի 24-ին նամակ է ուղարկել Պոլսո Հայոց պատրիարքին՝ հերքելով Հայոց ցեղասպանությունը և համաձայնվելով պատրիարքի խոսքերի հետ:

Զարմանալի չէ, որ Թուրքիայի կառավարությունը պաշտպանում էր արքեպիսկոպոս Մաշալյանի թեկնածությունը Պատրիարքական ընտրությունների ժամանակ՝ քան այլ նվազ հնազանդների թեկնածությունը։

Պատրիարքը պետք է գիտակցի, որ Թուրքիայի օգտին քարոզչական հայտարարություններ անելով ՝ նա կորցնում է հայերի հարգանքը, ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ դրսում:

Նրա հակահայկական խոսքերը դիտվում են որպես վաճառված թուրքական գործակալի խոսքեր: Հայ եկեղեցին և Թուրքիայում գտնվող հայերը պետք է ճնշում գործադրեն պատրիարքի վրա հրաժարական տալու համար, քանի որ նա կորցրել է հայ համայնքի աջակցությունը և այլևս չի կարող գործել որպես նրանց հոգևոր առաջնորդ:

Ամբողջ աշխարհում միայն հետևյալ երկրներն են քննադատել նախագահ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը․ Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան և Հյուսիսային Կիպրոսի չճանաչված Թուրքական Հանրապետություն: Սա Հայոց պատրիարքին դնում է հայ ժողովրդի թշնամիների ամոթալի ընկերության մեջ․․․

Հարութ Սասունյանը «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիրն է։