Մեղրի պես քաղցր, արցունքի պես աղի. զրոյից սկսելով ավելի լավ կյանքը. Իննա Սարգսյան / «Դափնե»

«Մեդիալաբի»՝ «Դափնե» նախագծի հաջորդ պատմությունը Հադրութից Երեւան տեղափոխված Իննա Սարգսյանի մասին է։ «Դափնեն» նախագիծ է, որը պատմում է մարդկանց մասին, որոնք անցել են բազում դժվարությունների միջով, սակայն կարողացել են հաղթահարել և նոր կյանք սկսել։ «Ոչ թե զոհ, այլ հաղթած» կարգախոսով մեր հերոսների պատմությունները  www.DaphneArmenia.com կայքում:

«Դափնե»- Բարձրահարկ շենքի առաջին հարկի փոքր փռում ամեն ինչ իր տեղում է՝ գրտնակը, ալյուրը, վառարանները: Ամեն ինչ կա, բայց միևնույն է, Իննայի սրտով չէ: Իր սիրտն իր տանն է, տունը՝ թուրքի ձեռքին:

Վառարանում թեժ կրակի վրա բարձրանում է փափուկ խմորը ու պնդանում՝ ճիշտ Իննայի կամքի նման, որ կարծրանում է ամեն հարվածից:

«Ես նեղացած եմ, բայց ոչ մարդկանցից, ես բախտից եմ նեղացած: Կորցրածիս մասին չեմ մտածում՝ տուն, տեղ, խանութ, բիզնես… Մարդիկ պատերազմին ամենաթանկը տվեցին՝ իրենց երեխաներին, ես ինչի՞ց բողոքեմ, քար ու շենքի՞ց: Նորից կստեղծենք, նորից կանենք: Մարդիկ էլ չկան, մարդիկ… Ես այդ մարդկանց երեխաների աչքերին ինչպե՞ս նայեմ, այրիացած, ջահել կանանց»,- ասում է Իննան, որ Հադրութից Երևան է բերել միայն որդու նվիրած գերմանական կարմիր հարիչը, երեխաների լուսանկարները ու բաղադրատոմսերի երկու տետրերը:

Տիկին Իննան պատմում է, որ Հադրութի իրենց մեծ տանը երբեք մենակ սեղան չեն նստել: Իր տան դռները միշտ բաց էին եկողի համար: Ասում է՝ աշխարհի տարբեր ծայրերից հյուրեր էին ունենում, բոլորին ընդունում էր բաց սրտով ու լիքը սեղանով: Հադրութ մտնելիս առաջինն իրենց խանութն էր: Այն նաև վերջինը դարձավ պատերազմի օրերին:

«Երբ պատերազմը սկսվեց, երեխաներին ուղարկեցինք Երևան, ես և ամուսինս մնացինք Հադրութում: 10 օր մնացի քաղաքում ու դուրս եկա միայն այն ժամանակ, երբ հասկացա, որ այլևս հնարավոր չէ:

Ողջ ընթացքում խանութը մի օր չենք փակել: Քաղաքում երկու փուռ կար, որ հաց էին թխում ու բերում մեզ մոտ, միակ բաց խանութը Հադրութում, որում այլևս ոչինչ չէինք վաճառում: Ներսում մեծ սեղան էինք դրել՝ հացը վրան, տնից բերված պահածոներով, խանութում եղած մթերքով:

Մտնողը մինչև կուշտ չուտեր, չէի թողնի գնար: Հիմա մտածում եմ զոհվածների մասին, որ պատերազմից առաջ գրեթե ամեն օր խանութ էին գալիս, մեկն ընտանիքի մասին էր պատմում, մեկը նեղված էր լինում, սիրտն էր բացում, մյուսը դիրքերից զանգում էր, խնդրում ընտանիքի համար վարձով տուն գտնել…

Ավելին՝ այստեղ