Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում առանցքային է միջպետական սահմանի հարցում առավելագույն որոշակիության ապահովման հարցը. Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ը հրապարակել է ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը մամուլի համար և պատասխանները լրագրողների հարցերին:

«Պարո՛ն նախարար,

Հարգելի՛ ներկաներ, 

Նախ, ցանկանում եմ իմ գործընկեր պարոն Շալենբերգին շնորհակալություն հայտնել Վիեննա այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար: Երկու երկրների միջև շփումներն, իմ և իմ գործընկերոջ, իմ թանկագին բարեկամի միջև, բավականին ինտենսիվ են, և այսօր էլ արդյունավետ քննարկումներ ենք ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի շուրջ։ 

Մեծ գոհունակությամբ արձանագրել ենք Հայաստանի և Ավստրիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել ենք վերջին տարիներին դինամիկ կերպով զարգացող երկկողմ համագործակցության հարցերի՝ տնտեսական, առևտրային, գործարար կապերի, գիտակրթական, մշակութային, մարդկանց միջև շփումների և այլ ոլորտներում։ Նշել ենք այդ ուղղությամբ հայ-ավստրիական առևտրա-տնտեսական և գիտատեխնիկական հարցերով համատեղ հանձնաժողովի դերն ու անելիքներն, առկա մեծ ներուժն արդյունավետ իրացնելու հեռանկարները։

Պարոն նախարար,

Ուրախ եմ ընդգծել երկկողմ առևտրատնտնեսական շրջանառաության էական աճը այս տարվա առաջին կիսամյակին: Այս համատեքստում կցանկանայի վկայակոչել անցյալ տարի Ձեր այցի ժամանակ Երևանում անցկացված հայ-ավստրիական գործարար ֆորումը:

Առանձնահատուկ կարևորում եմ Ավստրիայի հանձնառությունը Հայաստանի կայուն զարգացման ջանքերին աջակցելու հարցում: 2022 թվականին Ձեր այցի ընթացքում Երևանում Ավստրիայի ԶՀԳ համակարգող գրասենյակի բացումն, անշուշտ, խթան է հանդիսացել մեր հարաբերությունների զարգացման գործում: 

Այսօր մտքեր ենք փոխանակել նաև տարբեր միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ շրջանակներում, մեր փոխգործակցության շուրջ։

Մեր հանդիպման օրակարգում է եղել Հայաստան-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: 

Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը ԵՄ շարունակական աջակցության նշանակությանը։ Հատուկ կարևորություն ենք տվել այս տարվա փետրվարից Հայաստանում գործող ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեությանը, որն իր կարևոր նպաստն է ունենում հայ-ադրբեջանական միջպետական սահմանին լարվածության նվազման և էսկալացիայի կանխման հարցում։ Երախտագիտություն եմ հայտնել գործընկերոջս և Ավստրիայի կառավարությանը՝ առաքելության կազմում ավստրիացի դիտորդների մասնակցության համար։ 

Նշեմ, որ քննարկել ենք նաև անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով նաև այս տարվա հունվարին կայացած՝ ՀՀ-ԵՄ անվտանգային ու քաղաքական հարցերով երկխոսության անդրանիկ նիստը։ 

Հարգելի՛ ներկաներ,

Մեր այսօրվա քննարկման առանցքում են եղել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող զարգացումները։ Գործընկերոջս ներկայացրել եմ անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, խաղաղության հաստատման՝ Հայաստանի տեսլականը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ու արդյունքի հասնելուն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ 

Մենք վստահ ենք, և ես կարծում եմ, որ այս հարցում Հայաստանը միայնակ չէ, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով պատշաճ հասցեագրումն ապահովելու պարագայում։ Այս համատեքստում, ցավալի է արձանագրել, որ այս պահին այդ երկխոսության փոխարեն Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում վարում է էթնիկ զտումների քաղաքականություն, որի բացահայտ դրսևորումն է Լեռնային Ղարաբաղի՝ արդեն յոթ ամսից ավել շարունակվող շրջափակումը։ Լեռնային Ղարաբաղը կանգնած է մարդասիրական աղետի եզրին։ Դա տեղի է ունենում ի խախտումն միջազգային մարդասիրական նորմերի և ի հեճուկս միջազգային դերակատարների բազմաթիվ կոչերի, բանաձևերի և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման, որն, ի դեպ, Դատարանը վերահաստատեց հուլիսի 6-ի իր որոշմամբ։

Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում առանցքային է միջպետական սահմանի հարցում առավելագույն որոշակիության ապահովման հարցը։ Այս համատեքստում պետք է ընդգծել, որ նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի ճանաչվել են որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահման։ 

Հայաստանը շահագրգռված է նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում, որը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և իրավազորության վրա և համաձայն հավասարության և փոխադարձության սկզբունքների։

Իհարկե, վերոնշյալ հարցերի շուրջ լուծումների հասնելու նպատակով շատ կարևոր է ընդհանուր մթնոլորտը, ինչին կարող է նպաստել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, շարունակական թշնամանք սերմանելու, ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը, ինչպես նաև հրատապ մարդասիրական հարցերի լուծումը, մասնավորապես Ադրբեջանի կողմից բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելը։

Եզրափակելով նշեմ, որ վերոնշյալ հարցերում, և որպես առաջնային հրատապության հարց՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային դերակատարների, և հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամների գործուն քայլերը։

Պարոն նախարար, թանկագին բարեկամ, 

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության և բովանդակալից զրույցի համար։ Մեծապես հետաքրքրված եմ ակտիվորեն շարունակել այս երկխոսությունը։ 

Շատ շնորհակալ եմ»,- ասել է նախարարը։