Իրավապաշտպանը ահազանգում է Նուբարաշենում ցմահ դատապարտյալների «ջարդի» մասին, ՔԿԾ-ն պնդում է՝ իրականացվել են կարգապահական միջոցառումներ

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ահազանգել է, որ Երևանի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 5-րդ հարկում գտնվող ցմահ դատապարտյալների նկատմամբ զանգվածային բռնություններ են իրականացվել։

«Հենց նոր ահազանգ ստացա Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից, որ 5-րդ հարկում բոլոր ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել։ Ինձ ասում են, որ դատապարտյալները արյունլվա ընկած են, և որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։ Հարցնում էին՝ ինչ ենք արել, ինչի համար։ Սա ինչ ջարդ է։ Ում հրահանգով են ջարդում այդ մարդկանց։ Տեղյա՞կ է արդարադատության նախարարության տիրուհին, որ փակված, անպաշտպան մարդկանց են ջարդում։ Թշնամին գրավել է երկիրը, բռնություն է շուրջբոլորը։ Ես արդեն ահազանգել եմ Պաշտպանի գրասենյակ։ Նրանք պարտավոր են հենց այս պահին այցելել ցմահ դատապարտյալներին և հանդես գալ հայտարարությամբ», — գրել է իրավապաշտպանը:

Ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը (ՔԿԾ) հայտնել է, որ միջադեպը կապված է եղել մեկ դատապարտյալի գործողությունների հետ, ով, ըստ գերատեսչության, խաթարում էր հիմնարկի բնականոն աշխատանքը՝ ներկայացնելով անօրինական պահանջներ և հրահրելով մյուս դատապարտյալներին։

«Քրեակատարողական ծառայությունում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը, նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ, տևական ժամանակ է՝ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ և հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։ Քրեակատարողական ծառայությունը որոշում է կայացրել նրան տեղափոխել այլ հիմնարկ», — նշված է ՔԿԾ հայտարարության մեջ։

ՔԿԾ-ի հաղորդմամբ՝ որոշ դատապարտյալներ դրսևորել են անհնազանդություն՝ վնասելով գույք, այրելով ներքնակներ և հարվածելով դռներին։

«Ծառայողները բազմիցս պահանջել են դադարեցնել անհնազանդությունը, սակայն պահանջները չեն կատարվել։ Հետևաբար ՔԿԾ հատուկ նշանակության բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներ են իրականացրել՝ խախտումները վերացնելու ուղղությամբ։ Դատապարտյալները ֆիզիկական ուժի գործադրմամբ դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ։ Կատարված գործողություններից հետո երկու դատապարտյալ հայտարարել է հնարավոր կոտրվածքների մասին, սակայն ռենտգեն հետազոտությամբ կոտրվածքներ չեն հայտնաբերվել», — նշել է գերատեսչությունը։

Իրավապաշտպանների և մեդիայի արձագանքներից հետո հանդես է եկել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

«Ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ է ստացվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակներով անձինք ծեծի են ենթարկել ցմահ դատապարտյալներին։ Սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ստացվել է նաև տեղեկություն, որ դատապարտյալներին որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում», — նշված է Պաշտպանի գրասենյակի հաղորդագրությունում։

Պաշտպանի հանձնարարությամբ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ է մեկնել արագ արձագանքման խումբ՝ «տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ առանձնազրույց ունենալու նպատակով»։