«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը
– Պարո՛ն Պետրոսյան, «Զանգեզուրի միջանցքի» մասով թուրքական կողմից վերջին շրջանում հնչում են հայտարարություններ, ու առաջին հայացքից թվում է, թե թուրք-ադրբեջանական տանդեմը հրաժարվում է իր այդ նպատակից: Իսկապե՞ս այդպես է, թե՞ սա միայն թվում է:
– Սա նոր խաղ է՝ նախաձեռնված Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից՝ տարածաշրջանային վերջին իրողությունների համապատկերում, այսինքն՝ հատկապես արցախյան հիմնախնդրի վերջին զարգացումների համատեքստում: Բնականաբար որևէ հիմք չունեմ մտածելու, որ հատկապես Թուրքիան հրաժարվում է միջանցքային տրամաբանությամբ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումից ու հենց Հայաստանի տարածքում:
Ակնհայտ է մի բան, որ այդ ճանապարհը, որն ուզում են ստանալ Հայաստանից, որևէ այլ երկիր, այս դեպքում՝ անգամ Իրանը, որևէ կերպ չի տրամադրի Թուրքիային ու Ադրբեջանին: Նման հայտարարությունները ընդամենը ապակողմնորոշելու, Հայաստանի տարածաշրջանային խաղաքարտերը խառնելու նպատակ են հետապնդում:
Այստեղ մեկ կարևոր հանգամանք էլ կա՝ Ռուսաստանի գործոնը, որը չպետք է անտեսել, որովհետև այս ապաշրջափակման հարցն ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որով ռուսական կողմին վերապահված են որոշակի պարտավորություններ, իսկ վերջին զարգացումներով փորձ է արվում Ռուսաստանին դուրս թողնել այս գործընթացից, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա սա հերթական քայլ է նախ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով ու նաև իրանական կողմից նոր ճանապարհի առաջարկի միջոցով խափանել միջանցքի հնարավորությունը, որովհետև այդ միջանցքի տրամաբանությունն նրանց համար կարմիր գիծ է:
– Որ ասում եք՝ Ռուսաստանին ուզում են դուրս թողնել այդ գործընթացից, ո՞ր պետության մասին է խոսքը, Հայաստանի՞:
– Արևմուտքը, Հայաստանը, տարածաշրջանային երկրների մասով հստակ չեմ կարող պնդել: Առկա պայմաններում տարածաշրջանի երկրների համար ավելի ձեռնտու է նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա այդ ապաշրջափակումն իրականացնել, քան այն սկզբունքով, որն առաջարկվում է արևմտյան հարթակներում, այսինքն՝ պետությունների իրավազորության ու ինքնիշխանության ներքո:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am