Արցախում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ կտան

Արցախի խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է Արցախի պաշտոնական լեզու դարձնել «գրական հայերենը և ռուսերենը»:

Արցախի Ազգային ժողովի պատգամավորները, որոնք հեղինակել են օրինագիծը, այս փոփոխությունն առաջարկում են հետևյալ հիմնավորմամբ.

«Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների  պատմական հիշողությանը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը: Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ  պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի  իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը:

Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում  համագործակությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում»:

Փոփոխություն են առաջարկում նաև Արցախի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում, որի համաձայն, ռուսաց լեզուն օտար լեզու չի համարվում և կարող են ռուսերեն հաղորդումներ հեռարձակվել առանց թարգմանության: