Արոնյանը Goldmoney Asian Rapid-ի կիսաեզրափակիչում է և կմրցի աշխարհի չեմպիոնի հետ

 Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթները Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մրցաշարի փլեյ-օֆֆի խաղային երկրորդ օրը Արոնյանը կրկին մրցեց հնդիկ Արժուն Երիգաիսի հետ: Բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի և որոշիչ եղավ թայ-բրեյքը, որտեղ ավելի ուժեղ էր Արոնյանը:

Մրցաշարի կիսաեզրափակիչում հայ շախմատիստի մրցակիցն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Մյուս զույգը կազմել են Դին Լիժենը և Վլադիսլավ Արտեմիևը:

Goldmoney Asian Rapid մրցաշարի կազմակերպիչներն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը: Մրցաշարն ունի 1,6 միլիոն մրցանակային ֆոնդ:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին: