5-րդ ՄԻՊ-ը ստանձնեց պաշտոնը․ ամփոփելով նախորդ ՄԻՊ-երի գործունեությունը․ FIP.am

Հայաստանի Մարդու իրավունքների հինգերորդ պաշտպան Քրիստինե Գրիգորյանը պաշտոնն ստանձնեց այսօր՝ 2022 թ․ փետրվարի 24-ին։ Նրան Ազգային ժողովի հաստատմանն էր ներկայացրել կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Նախկին պաշտպան Արման Թաթոյանը միակն էր Հայաստանի օմբուդսմեններից, որ պաշտոնավարեց մինչև իր ժամկետի ավարտը։

Մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է հասկանալ՝ ովքե՞ր են եղել նախկին պաշտպանները, ե՞րբ են դադարեցրել պաշտոնավարումը, ինչու չեն պաշտոնավարել մինչև ժամկետի ավարտը և ինչ հարաբերություններ են ունեցել քաղաքական իշխանության հետ։ 

Հայաստանում Մարդու իրավունքների առաջին պաշտպանը Լարիսա Ալավերդյանն էր։ Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2004-ին՝ նախագահի հրամանագրով։ Երկու տարի անց Ալավերդյանը դադարեց զբաղեցնել պաշտպանի պաշտոնը։ Պատճառն այն էր, որ 2005-ին ընդունված սահմանադրական փոփոխությունների համաձայն, Մարդու իրավունքների պաշտպանին պետք է ընտրեր խորհրդարանը։ Սակայն Լարիսա Ալավերդյանը պաշտոնավարման ավարտից հետո քանիցս խոսել է քաղաքական ճնշումների մասին՝ նշելով, որ իրեն «վերևներից» ասել են՝ պետք է հրաժարական տա՝ չհստակեցնելով, թե ով է ասել։ Սակայն հանրային դաշտում կա կարծիք, որ Ալավերդյանի հեռանալու իրական պատճառը նրա՝ Հյուսիսային պողոտայի բնակարաններից զրկված քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվելն էր։

Ալավերդյանին անգամ թույլ չտվեցին ներկայացնել տարեկան երկրորդ զեկույցը։ Ազգային ժողովի այդ ժամանակվա նախագահ Արթուր Բաղդասարյանն Ալավերդյանին հղած պատասխանում նշել էր, որ հաշվետվությունը պետք է ներկայացնի նոր պաշտպանը։ 

Լարիսա Ալավերդյանին Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում հաջորդեց իրավագիտության դոկտոր Արմեն Հարությունյանը։ Հարությունյանը ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցրեց շուրջ 5 տարի, բայց նա ևս չհասավ ժամկետի ավարտին։ Արմեն Հարությունյանի պաշտոնավարման տարիներին տեղի ունեցան 2008-ի մարտի 1-ի հայտնի իրադարձությունները, որից հետո Հարությունյանը քննադատեց իշխանությունների անհամաչափ գործողությունները։ Սա առիթ դարձավ, որ 2008-ի մարտի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրան համարի իր «ամենաանհաջող կադրը», որը «չի տիրապետում իրավիճակին, չի հասկանում, թե ինչ է խոսում»։ 

Արմեն Հարությունյանը հրաժարական ներկայացրեց 2011-ի սկզբին, քանի որ պետք է ստանձներ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի ներկայացուցչի պաշտոնը։ Լրագրողների հարցին, թե որն է պաշտոնից հեռանալու պատճառը, Հարությունյանն ասել էր․ «Ես ոչ թե չեմ ուզում լինել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, այլ ուզում եմ աշխատել այլ պաշտոնում, դա ուզենալու հետ կապ չունի։ Նման պաշտոնից հրաժարվելը կլիներ… պաթոլոգիա, քանի որ այդպիսի պաշտոնի հնարավորություն հարյուր տարին մեկ է լինում»:

2011-ի մարտին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց իրավական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Կարեն Անդրեասյանը։ Նրան այս պաշտոնում առաջադրել էր կառավարող կոալիցիան՝ Հանրապետական կուսակցության առաջարկությամբ։ Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց 2016-ի hունվարին՝ դարձյալ ժամկետից շուտ՝ դրա մասին ազդարարելով ֆեյսբուքյան գրառմամբ։ Հրաժարականին նախորդել էր Անդրեասյանի աղմկահարույց զեկույցը, որտեղ ի թիվս այլ խնդիրների, օմբուդսմենը ներկայացրել էր դատական համակարգում գործող կոռուպցիոն սխեմաները՝ նշելով յուրաքանչյուր ատյանում կաշառքի գները։ Զեկույցն իշխող ուժի ներկայացուցիչների բուռն քննադատությունը հարուցեց, իսկ Ազգային ժողովում Անդրեասյանի զեկույցի ներկայացման եզրափակիչ ելույթի ժամանակ ՀՀԿ-ից պատգամավոր Սամվել Ֆարմանյանը զեկույցը համարեց «փնթի և խոշոր հաշվով ոչինչ չասող զեկույց»։

«Եթե 2016 թվականին էլ հենց ես մնայի օմբուդսմեն, ապա այս կարևորագույն ինստիտուտն այլևս չէր լինի այնքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների չարչարանքի շնորհիվ»,- իր հրաժարականի տեքստում գրել էր Անդրեասյանը՝ հրաժարականի պատճառների մասին հստակ բացատրություն չտալով։ Այդ շրջանում մամուլում լուրեր էին տարածվում, որ Կարեն Անդրեասյանի հրաժարականի պատճառն իր ու Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի միջև ստեղծված անձնական լարված հարաբերություններն էին։

Իսկ 2019-ին Factor.am-ին տված հարցազրույցում Կարեն Անդրեասյանն ասել էր․ «Դա կոնֆլիկտ չի եղել։ Անձնական խնդիր չեմ ունեցել ո՛չ Միքայել Մինասյանի, ո՛չ որևէ մեկի հետ ամբողջ պետական ապարատում։ Իմ դատական զեկույցից՝ 2013 թվականից հետո տեղի են ունեցել հստակ ու շատ կոնկրետ հալածանքներ տարբեր կառույցների կողմից, և ես կարող եմ ասել, որ Միքայել Մինասյանն ընդամենը գործիքներից մեկն էր։ Այն ժամանակ, երբ երկրի բարձրագույն իշխանությունը որոշում էր որևէ մեկին ոչնչացնել, հալածել, հետապնդել, մի գործիքը կարող էր լինել ԱԱԾ-ն, մի գործիքը՝ ոստիկանությունը, մյուսը՝ դատարանը, մեկն էլ՝ լրատվական դաշտը։ Քանի որ լրատվական դաշտի գործիքը բարձրագույն իշխանության ձեռքով ղեկավարում էր Միքայել Մինասյանը, տպավորություն էր ստեղծվել, որ դա իմ ու իր միջև կոնֆլիկտ էր»։

Այսպիսով, միայն չորրորդ ՄԻՊ Արման Թաթոյանն էր, որ պաշտոնավարեց մինչև իր լիազորությունների ավարտը։ Նա այս պաշտոնում ընտրվեց 2016-ի փետրվարին։ Արման Թաթոյանը պաշտոնավարեց մինչև ժամկետի ավարտը, սակայն նրա և քաղաքական իշխանության միջև հարաբերությունները ևս հարթ չէին։ 

Մասնավորապես, ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի զեկույցի քննարկումն անցավ լարված մթնոլորտում։ Իշխանական պատգամավորներն իրենց ելույթներում նշում էին, որ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հնչեցված բռնության կոչերին ՄԻՊ-ը պատշաճ չի արձագանքում։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, մասնավորապես, ասել էր․ «Ես ձեր գործունեության մեջ երկակի ստանդարտներ եմ տեսնում: Ինչպե՞ս է լինում, որ դուք կայծակնային արագությամբ արտահայտում եք ձեր վերաբերմունքը այս ամբիոնից մեր գործընկերոջ հնչեցրած տեքստի նկատմամբ, բայց խորքային գնահատական չեք տալիս ստեղծված իրավիճակին: Ի՞նչ է, հակառակ կողմն իր համար նստած հաց ու սոխ էր ուտում, և մեր գործընկերը եկավ ու վիրավորական տե՞քստ հնչեցրեց: Ես ձեզ  խոհեմության, անաչառության և իրավիճակն ավելի խորքային նկարագրելու կոչ եմ անում»։ 

Ի պատասխան, Արման Թաթոյանը հորդորել էր չսպառնալ իրեն․ «Չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել իմ վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հետ, և մյուս անգամ չփորձեք սպառնալ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին։ Կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները, ավելին՝ Դուք նույնիսկ չեք տիրապետում, որ ՄԻՊ-ը չի աշխատում կանոնադրությամբ, ես Ձեզ հետ քննարկելու ոչինչ չունեմ»։

2018-ի Թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանության ներկայացուցիչներն այս տարիներին քանիցս խոսել են օմբուդսմենի գործունեության քաղաքական մոտիվների մասին։ Իր հերթին, Թաթոյանը խոսել է ՄԻՊ-ի ինստիտուտի դեմ գործողությունների, մասնավորապես, Հանրային հեռուստատեսությամբ նրա գործունեության թերի լուսաբանման մասին։ 

Իսկ  «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցներից մեկում նա խոսել է նաև իրեն ուղղված սպառնալիքների մասին՝ չհստակեցնելով, թե ումից է ստանում սպառնալիքները․ «Ես, օրինակ, ինքս ամեն օր սպառնալիքներ եմ ստանում, ամեն օր ստանում եմ, բայց ես չեմ ասում: Մարդկային մոտեցման հարց է, ես չեմ կարող ամեն օր հայտարարել` ինձ սպառնում են, ծեծում են ու գնամ, մարդու իրավունք պաշտպանեմ, բա ես ո՞նց պիտի մարդու իրավունքները պաշտպանեմ»։

2022-ի հունվարի 24-ին Ազգային ժողովը Մարդու իրավունքների պաշտպան ընտրեց ՔՊ խմբակցությունից առաջադրված Քրիստինե Գրիգորյանին, որը, ինչպես և Արման Թաթոյանը, նախկինում զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Գրիգորյանը Հայաստանի Մարդու իրավունքների հինգերորդ պաշտպանն է և երկրորդ կինը այս պաշտոնում։   

Փաստերի ստուգման հարթակ