«Տեր-Պետրոսյանն ուզում է խաղադրույք դնել իր վրա՝ որպես պրոռուսական գործիք և քաղաքական ուժ»․ Ստյոպա Սաֆարյան

«Տեր-Պետրոսյանն ուզում է խաղադրույք դնել իր վրա՝ որպես պրոռուսական գործիք և քաղաքական ուժ»․ Ստյոպա Սաֆարյան
«Տեր-Պետրոսյանն ուզում է խաղադրույք դնել իր վրա՝ որպես պրոռուսական գործիք և քաղաքական ուժ»․ Ստյոպա Սաֆարյան

ՀԱԿ համագումարում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի առանցքային խնդիրների շուրջ «Մեդիալաբը» զրուցել է քաղաքական վերլուծաբան, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» (ՄԱՀՀԻ) հիմնադիր և հետազոտական ծրագրերի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ:

֊Պարոն Սաֆարյան, ի՞նչ մեսիջներ էր պարունակում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը:

֊Տեր-Պետրոսյանի ելույթում մի քան բան չափազանց նկատելի է: Նախ առաջինը՝ արդարացնել սեփական քաղաքական գիծը և սեփական անձին, որն 1998 թվականից հեռացվեց իշխանությունից Ղարաբաղյան խնդրին դավաճանելու համար: Տեր-Պետրոսյանը փորձում է այժմ էլ հիմնավորել, որ այն, ինչ ինքը պատրաստվում էր կյանքի կոչել` որպես լուծում, լավագույնն էր և պահի, և բովանդակության առումով:

Մի կողմից ինքն ասում է, որ 18 տարի անիմաստ զրկանքներ ենք կրել, բայց նաև այժմ կոչ է անում գնալ այդ լուծմանը՝ փաստացի ակնալելով կամ հույս փայփայելով, որ հենց դրանով կարդարացվի 18 տարի առաջ առանց այդ գինը վճարելու նման լուծման գնալու անհրաժեշտությունը: Բայց ես կարծում եմ, որ սա դատապարտված է ձախողման, ինչպես 1998 թվականին է ձախողված եղել Տեր-Պետրոսյանի քաղաքական գիծը: Հետևաբար, անձնական այն մոտիվացիան հասկանանք, որը նրան դրդում է նման թեզերով հանդես գալ: Առավել վտանգավոր եմ համարում այն, որ Տեր-Պետրոսյանը բացահայտ աջակցություն է հայտնում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ռուսական պլանին:

֊Ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը, թե հիմնախնդրի լուծման բանալին ռուսական կողմում է:

֊Դա մի հայտարարություն է, որն, ի դեպ, բազմիցս արել է նաև Իլհամ Ալիևը: Եվ սա նշանակում է, որ ինքը փորձում է ուղղակի իրեն առանձնացնել հայաստանյան ներկապնակում, իրեն անվանում է միակ, չգիտեմ իրականությանը սթափ նայող քաղաքական ուժ: Ինքը փորձում է ուղղակի ցույց տալ, թե Ռուսաստանը ում հետ պետք է խաղա: Մյուս կողմից կողմից ինքը քննադատության է ենթարկում Սերժ Սարգսյանի շրջապատը, որ նրանք փոխզիջումներից չեն խոսում՝ կարծես թէ, այսպես ասած, վառելով Սերժ Սարգսյանին, որ՝ ահա, եթե նրա շրջապատը չի խոսում, սա նշանակում է, որ նրանք այդ գծի կողմնակիցներ չեն: Եվ սա ներքաղաքական առումով, կներեք, վերին աստիճանի տգեղ, անարժանապատիվ և ինտրիգային պահվածք է, անկախ նրանց, թե ինչպիսին է նրա վերաբերմունքը իշխանության նկատմամբ: Նաև փորձ անել դրդել, համոզել Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով բոլորին միանալ և նրան օգնել, որպեսզի այդ խաղաղությանը գնա, սա նշանակում է, որ ուղղակի ամենաէժանագին ձևով վրեժխնդրություն է անում՝ մրցակցին գցելով փոսը՝ լավ հասկանալով, թե դա ինչ է արժենում իշխանությունների համար՝ ի նկատի ունենալով նաև սեփական փորձը: Ի վերջո, Տեր-Պետրոսյանը միամիտ չէ, որ չհասկանա, թե ինչպիսի կարծրացման բերեց ապրիլյան պատերազմը հանրային տրամադրությունների առումով, երբ այլևս ոչ մի միամիտ մարդ չես գտնի, որին կապացուցես, որ Ալիևը խաղաղություն է վաճառում և Ալիևի հետ կարելի է գնալ խաղաղություն կնքել: Եվ այս կտրվածքով միակ վտանգավոր պահը դա թերևս ռուսական պլանին համաձայնություն հայտնելն է: Իհարկե, հասկանալի է, որ Տեր-Պետրոսյանն ուզում է խաղադրույք դնել իր վրա՝ որպես պրոռուսական գործիք և քաղաքական ուժ:

֊Նա ասում է, որ Հայաստանն իր անվտանգ գոյությունը պահպանելու համար պարտադրված չէ դիմելու ազգ-բանակ ստեղծելու ծայրահեղ քայլին, քանի որ Ղարաբաղի խնդիրը լոկալ ու լուծելի է: Սա ի՞նչ է նշանակում:

֊Վերին աստիճանի զարհուրելի է այն, որ նա ուղղակի քիչ է մնում հիմնավորի, որ մեր ազգը բանակի կարիք չունի: Գիտեք, հիմնավորել, որ մենք Իսրայել չենք, մենք Շվեյցարիա չենք, անհեթեթ զուգահեռներ տանել, թե այդ երկների հարևաններն ինչպիսին էին, սա ուղղակի վերին աստիճանի տխուր հանգամանք է: Այն, որ մենք քննադատում ենք ազգ-բանակ գաղափարախոսության շրջանակներում 1000 դրամներ մուրալը, դա անհերքելի է, բայց որ հիմնավորես, թե մենք ավելի լուրջ մակարդակի պաշտպանական համակարգի կարիք չունենք, սա, կներեք, կամ քաղաքական տհասություն է, կամ ուղղակի միտումնավորություն: Հույս տածել, որ Ղարաբաղյան խնդրի լուծումը, այն էլ Ադրբեջանի ու Ռուսաստանի ցանկալի տարբերակով, բերելու է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, լինել այդքան միամիտ, որ հայ-թուրքական արձանագրությունների պատմությունից չհասկանալ, որ Թուրքիայի համար առաջին պլան բերված Ղարաբաղյան խնդիրն իրականում այդքան էլ առաջին պլանի խնդիր չէ, առաջին պլանի խնդիրը դա Հայոց Ցեղասպանության խնդիրն է, Ղարբաղյան խնդիրը ներկայացնել որպես գլխացավանք, որից օր առաջ պետք է ազատվել, սա աններելի է քաղաքական գործչի համար:

֊Նա նաև տարածքների հանձնման խնդրին է նորից անդրադառնում՝ ասելով, որ այսօր բանակցությունների սեղանին դրված է կարգավորման ու փոխզիջումային տարբերակի նույն առաջարկը, ինչը 1997 թվականին, «այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ»:

֊Մի տարբերություն կա այսօրվա և 1997 թվականի միջև, բայց Տեր-Պետրոսյանը դա չնկատելու է տալիս: Երբ նա գովաբանում է ռուսական նախաձեռնությունը, չեմ կարծում, թե չգիտի, որ խոսքը վերաբերում է ռուս խաղաղապահների տեղակայմանը: Ինքը շատ խնամքով թաքցնում է այդ հանգամանքը՝ մի կողմից անվերապահ աջակցություն հայտնելով Ռուսաստանի նախաձեռնությանը՝ լավ իմանալով, որ դրա տակ մտնում է ռուս խաղաղապահների տեղակայումը, բայց մյուս կողմից էլ, խոսելով 97 թվականի լուծման տարբերակի մասին, որտեղ այն ժամանակ իսկապես խոսք էր գնում միջազգային խաղաղապահների մասին: Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի, որ 2016 թվականին խոսքն արդեն ռուս խաղաղապահների մասին է: Եվ հետևաբար, հենց դրանով է վտանգավոր դառնում, որ նա ամբողջովին զորակցություն է հայտնում ռուսական պլանին:

֊Եթե ամփոփենք համագումարը, ՀԱԿ-ը ի՞նչ հայտ է ներկայացնում այս փուլում քաղաքական դաշտում:

֊Ես ցավում եմ, բայց վերին աստիճանի մարգինալ բևեռ է դառնում: Կարծում եմ, որ կհաջողվի հասարակության ինչ-որ տոկոսի մոլորեցնել խաղաղություն, բարիդրացիականություն և նման բառերի տակ, բայց այն ակնհայտորեն կապիտուլյացիոն տրամադրություններ ներարկելու մարգինալ մի բևեռ է դառնում: Ցավալի է, որ առավել ևս այս շրջանում, երբ կա Ադրբեջանի ռազմական սպառնալիքի խնդիր, հայ հասարակության մեջ գտնվում է մի քաղաքական ուժ, որը կարող է իր վրա վերցնել նման անպատվաբեր առաքելություն:

Էմմա Մանուկյան

MediaLab.am