«Կորոնավիրուսային համավարակը հաղթահարելու մասին խոսք լինել չի կարող». Ռոմելլա Աբովյան

Լուսանկարը՝ Sputnik Արմենիա

Թեև Հայաստանն այսօր կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված կայուն վիճակում է ու Եվրոպական Միության չափանիշներով կանաչ գոտում, այնուամենայնիվ, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը համավարակը հաղթահարված չի համարում:

«Միանշանակ, այս պահին չենք կարող խոսել հաղթահարման մասին, որովհետև պանդեմիան՝ որպես այդպիսին, չի ավարտվել, դրա մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որևէ հայտարարություն չունի, ինչը նշանակում է, որ դեռևս նոր շտամների ի հայտ գալու վտանգ կա»,- «Մեդիալաբին» ասում է Ռոմելլա Աբովյանը:

Աբովյանի խոսքով՝ վերջին 14 օրվա դեպքերի համեմատությունը նախորդ 14 օրվա դեպքերին՝ փաստում է, որ կա հիվանդացության 56% աճ:

«Թեստավորման դրական արդյունքները վերջին 14 օրվա կտրվածքով կազմում են 0.3%՝ նախորդ 14 օրվա 0,2%-ի համեմատ: Վարակի վերարտադրողականության ցուցանիշը նույնն է, ինչպես նախորդ 14 օրում՝ 1-ից ցածր՝ 0.7»,- ասում է Ռոմելլա Աբովյանը:

Կայուն իրավիճակով պայմանավորված՝ հանրապետությունում չեն գործում մի շարք սահմանափակումներ, որոնք ամիսներ առաջ սահմանել էր առողջապահության նախարարությունը:

«Ընդհանուր առմամբ, դիմակների կրումը խորհրդատվական բնույթ է կրում, մեր երկիր մուտք գործելու պահանջներն են հանվել, այսինքն՝ ՊՇՌ թեստավորման սերտիֆիկատի ներկայացումը, բայց բնակչությունը պետք է զգոն լինի, փակ տարածքներում դիմակ կրի, չմոռանա ձեռքերի ախտահանման ու սոցիալական հեռավորության պահպանման մասին: Հանրային վայրերում QR կոդի պարտադիր պահանջը ևս հանվել է»,- ասում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետը:

Ռոմելլա Աբովյանի խոսքով՝ այսօր էլ քովիդից ստացիոնար բուժվողներ կան հիվանդանոցներում, բայց շատ քիչ թվով մարդիկ են, որովհետև օրական արձանագրվում է 1-2 դեպք:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am