Հայաստան վերադարձած բոլոր տասը գերիները հարցաքննվել են, «ձերբակալման որոշում չկա»․ Ազատություն

Կիրակի օրը Հայաստան վերադարձած բոլոր տասը գերիներն արդեն հարցաքննվել են, ձերբակալման որոշում չկա, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամլո քարտուղար Վարդան Թադևոսյանը: Բոլոր վերադարձածներն իրենց ընտանքիների հետ են, գրում է «Ազատությունը»։

«Տասը գերիները հայրենիք վերադարձան, և հաջորդ օրը Քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչությունում բոլորն էլ հարցաքննվել են, հիմա քննչական ու դատավարական գործողությունները շարունակվում են: Վարույթն իրականացնող մարմինը պաշտոնապես կհրապարակի արդյունքների մասին», – ասաց նա:

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էր երեկ թվիթերյան լուսանկար տարածել, որում հայ գերիներն էին ինքնաթիռում՝ տունդարձի ճանապարհին, ապա ինքնաթիռից իջնելիս Եվրամիության դրոշի ներքո: Կլաարը նաև շեշտել է՝ Եվրամիությունը կշարունակի աշխատանքը՝ կառուցելու արդյունավետ հանդիպումներ երկու երկրների առաջնորդների հետ:

Տասը գերիների վերադարձը հաջորդեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպմանը: Վերադարձած բոլոր գերիները պայմանագրայիններ են, որ գերեվարվել էին նոյեմբերին 16 -ին Իշխանասարի մարտական հենակետերից:

Ընտանիքներում մեկ ամսից ավելի այս օրվան էին սպասում:

32 զինծառայող էր գերեվարվել Իշխանասարի մարտերի ժամանակ, երեկ վերադարձան 10, ևս 11 զինծառայող ավելի վաղ էր վերադարձվել: Մյուսները դեռևս Բաքվի բանտերում են: Դեկտեմբերի սկզբին վերադարձած հայ զինծառայողներից 4-ն էլ Հայաստանի բանտերում են:

«Վերադարձախ գերիներից 5-ի նկատմամբ Քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացնում է ծանր հետևանքներ», – նշեց ՔԿ նախագահի մամուլի քարտուղարը:

Ըստ Քննչական կոմիտեի՝ մարտական հերթապահություն իրականացնող դիրքերի զինծառայողները` դիրքի պատասխանատուն, ավագը, և երկու դիտորդներ հակառակաորդի հարձակման մասին տեղեկացել ու նրանց զինաթափելու, վնասազերծելու փոխարեն փորձել են բանակցություններ վարել ադրբեջանցի զինվորների հետ: Ըստ փաստաբանների՝ իրենց պաշտպանյալները վերադասին զեկուցել են, որ ադրբեջանցիներն օրեցօր առաջանում են, իրենց դիրքերը շրջափակման մեջ են հայտնվում, բայց կրակելու հրաման չեն ստացել:

Այս 4 զինծառայողներից բացի, մեղադրանք է առաջադրվել նաև գումարտակաի հրամանատարի տեղակալին, դատարանը, սակայն, նրա կալանքի միջնորդությունը մերժել է:

«Ուղղակի խափանման միջոց ընտրելու հիմքերը, ինչը ներկայացրել է դատախազությունը, հիմքերը նվազ էին, իսկ ներկայացվել էր, որ ունի երկու երեխա անչափահաս, կինը հղի է` երրորդ երեխային է սպասում», – ասում է մայոր Երիմյանի փաստաբան Կարմեն Պողոսյանը:

Նա տեղեկացրեց՝ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել` պնդելու իր պաշտպանյալի կալանքի անհրաժեշտությունը: Նիստի օրը դեռևս պարզ չէ: Կալանավորված գերիներն առողջական խնդիրներ ունեն, նրանց վերականգնողական բուժում է պետք, 4-ից մեկն էլ երկկողմանի թոքաբորբով է բանտախցում, տեղեկացրեց փաստաբան Թումասյանը. «Երկկողմանի թոքաբորբ է իր մոտ, այստեղ բուժում է ստացել, հենց խափանման միջոցն ընտրվել է, իրեն տեղափոխել են ավտոմատ Արմավիր ՔԿՀ»:

Կալանավորված 4 զինծառայողներից երկուսի շահերը ներկայացնում է փաստաբան Սիրանուշ Սահակյանը: Նա նաև հայ գերիների շահերի ներկայացուցիչն է Ստրասբուրգի դատարանում: Ըստ Սահակյանի՝ ամեն ինչ անելու են, որ վերադարձած գերիներն ազատության մեջ լինեն քննությանը զուգահեռ։ Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանը ևս գերիների կալանավորման իրավաչափությունը համոզիչ չէր համարել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում