«Եթե որևէ պատգամավոր մերժում է վարչապետի խնդրանքը, ապա նրան պետք է հեռացնեն կուսակցությունից». Հովիկ Աղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը

– Պարո՛ն Աղազարյան, ձեր նախկին թիմակից Հակոբ Ասլանյանը նախօրեին՝ ի պաշտպանություն ձեզ, որոշել էր մեկ ամսով դադարեցնել անդամակցությունը ՔՊ-ին, հետո փոշմանեց, բայց, միևնույն է, նրան հեռացրին ՔՊ կուսակցության շարքերից, ավելին՝ ՔՊ խմբակցության քարտուղարն ասել է, որ նա, ով կպաշտպանի ձեր շուրջը ստեղծված իրավիճակը, «կպատժվի»։ Ինչպե՞ս եք գնահատում կատարվածը, ի՞նչ եք արել, որ ձեզ պաշտպանողներին պետք է այդպես պատժեն։

– Ինչ որ արել եմ, ես գիտեմ, իմ արածների համար պատասխան կտամ, իսկ պարոն Ասլանյանի հետ կապված բան չեմ կարող ասել։

– Իսկ ի՞նչ եք արել։

– Այդքան խոսում, ասում են՝ ինչ եմ արել, բավարա՞ր չէ։

– Ճի՞շտ է այն, ինչ խոսում են։

– Իհարկե ո՛չ։ 

– Պարո՛ն Աղազարյան, կպատկերացնեի՞ք, որ ձեր նախկին թիմակիցները նման վարքագիծ կդրսևորեն իրենց այն թիմակցի նկատմամբ, որն ամեն հարցում աջակցել ու պաշտպանել է իրենց, բայց ինչ է թե հրաժարվել է մանդատը վայր դնել, սկսել են նման մեղադրանքներ հնչեցնել։

– Մանդատ վայր դնելուց հենց այնպես չի հրաժարվում, հրաժարվում է, որովհետև, միգուցե սխալվում եմ, բայց ես գտնում եմ, որ այդ խնդրանքի հենքը բավարար չէ, դրա համար էլ հրաժարվել եմ, հո ինքնանպատակ չէ այդ ամենը։

– Բայց դուք ունեք բոլոր օրինական հիմքերը մանդատը վայր չդնելու՝ անկախ բոլոր խնդրանքներից։

– Օրինական հիմքերը թողնենք մի կողմ, դա ամենահեշտն է պաշտպանել, ավելի կարևոր են մյուս հիմքերը։ Ինքս չեմ գտնում, որ արել եմ այնպիսի բան, որի համար պետք է իմ մանդատը վայր դնեմ, դրա համար էլ մերժել եմ վարչապետի խնդրանքը, թե չէ հո ինքնանպատակ չէ։

– Սպասո՞ւմ էիք, որ թիմից կլինի մարդ, որը, թեկուզ մի քանի ժամով, բայց կպաշտպանի ձեզ։

– Չեմ կարող ասել, ես իմ քայլերով արել եմ այնպես, որ ոչ մեկը չտուժի իմ պատճառով, ու իմ թիմակիցներն անհարմար դրության մեջ չընկնեն։ Հենց դրանից ելնելով ես հայտարարեցի, որ դուրս եմ գալիս խմբակցությունից, բնականաբար, վարչության որոշումից հետո։ 

– Պարո՛ն Աղազարյան, իսկ ըստ ձեզ՝ ինչո՞ւ կուսակցությունից հեռացրին Հակոբ Ասլանյանին, չէ՞ որ հետո զղջաց իր հայտարարության համար։

– Պարոն Ասլանյանի հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, իրեն հարցրեք։ Ես ինչքան էլ բան իմանամ, ինչքան էլ բան ենթադրեմ, բոլոր դեպքերում գեղեցիկ չէ, որ ինչ-որ մեկնաբանություն տամ։

– Քաղաքագետների, քաղհասարակության որոշ ներկայացուցիչների գնահատմամբ՝ այն, ինչ անում է իշխող թիմը՝ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, ձեզ հետ կապված ու նաև այն մարդկանց, որոնք հրաժարվում են կատարել Փաշինյանի կամքը, բնորոշ է ավտորիտար համակարգին, այլ ոչ թե՝ ժողովրդավար, որի կրողն է իրեն հայտարարել իշխանությունը։ Համակարծի՞ք եք այս գնահատականին։

– Այն ամենը, ինչ տեղի է ունենում կուսակցական կարգապահական շրջանակներում, ես այդ ամենի հետ OK-եմ, դա ավտորիտարիզմի հետ ոչ մի կապ չունի։

– Այսինքն՝ այն, ինչ անում են՝ այդ կարգապահությունից ելնելո՞վ է։

– Բնականաբար, եթե որևէ պատգամավոր մերժում է վարչապետի խնդրանքը, ապա նրան պետք է հեռացնեն կուսակցությունից, դա ակնհայտ է, եթե ես էլ լինեի վարչության անդամ՝այդ դիրքորոշումը կունենայի։

– Փաստորեն, վտանգ չե՞ք տեսնում, որ այս իշխանությունը շեղվում է ժողովրդավարության ուղուց։

– Այն, ինչ որ եղել է ինձ հետ կապված՝ մտահոգություններ չեմ տեսնում։ Վտանգավորն այն է, որ մտնում են մարդու անձնական կյանքի տիրույթ, սա է վտանգավորը, ինչի դեմ էլ կպայքարենք, որպեսզի մյուս անգամ նման բան չանեն ուրիշների հետ։

– Պարո՛ն Աղազարյան, ձեր խնդրանքով ձեր փաստաբանը դիմել էր Դատախազություն, որպեսզի կառույցը համապատասխան իրավական գործընթաց ձեռնարկի, պարզաբանելու, թե ինչպես է Հակակոռուպցիոն կոմիտեից երրորդ անձանց մոտ հայտնվել ձեզ առնչվող անձնական ինֆորմացիան, անձնական տվյալները, պատասխան ստացե՞լ եք։

– Դեռ ոչ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am