Անձնագրային տվյալնե՞ր են հավաքում. իշխանությունները թեժ գիծ են բացում, դիտորդները` զարմանում

Անձնագրային տվյալնե՞ր են հավաքում. իշխանությունները թեժ գիծ են բացում, դիտորդները` զարմանում
Անձնագրային տվյալնե՞ր են հավաքում. իշխանությունները թեժ գիծ են բացում, դիտորդները` զարմանում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի կողմից կրթական հաստատություններում և աշխատավայրերում քաղաքացիների անձնագրային տվյալներ հավաքելու մասին լուրերի դատապարտումը դիտորդական կազմակերպությունները համարում են «հանրապետականների կողմից պատասխանատվությունը իրենց վրայից գցելու շատ թույլ հնարք»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը նշում է, որ Հանրապետական կուսակցությունը կարող է հայտարարել, որ դատապարտում է, «բայց չէ՞ որ բոլոր մանկապարտեզները, դպրոցները, բուհերը պատկանում են իրենց, և բոլորի ղեկավարները Հանրապետական կուսակցությունից են»:
«Եվ առանց ղեկավարների թույլտվության ոչ մեկը չի կարող ինքնուրույն որևէ քայլ անել այդտեղ, ծնողների հավաք կազմակերպել, անձնագրային տվյալներ հավաքել և այլն: Դա սուտ կլինի ասել, եթե մեկն առանց վերևից ղեկավարների թույլտվության կարող է նման բան անել»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը:

Նա նշում է, որ այս կերպ ՀՀԿ-ն փորձում է ցույց տալ, թե ազատ, արդար ընտրություններ են անցկացվելու:

«Պարզապես սկուտեղի վրա մատուցված է, որ ազատ, արդար ընտրություններ պետք է անցկացվեն, և Հանրապետականը փորձում է ցույց տալ, որ իրենք այդպես էլ պետք է անցկացնեն: Սա իրենց վրայից պատասխանատվությունը գցելու շատ թույլ հնարք է»,- ասում է Սաքունցը և հավելում, որ իր կազմակերպության դիտորդական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արդեն վարչական ռեսուրսների բազմաթիվ չարաշահումներ են եղել:

Նշենք, որ այսօր ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում պարբերաբար հրապարակվող` ընտրությունների կապակցությամբ աշխատավայրերում քաղաքացիների անձնագրերի հավաքման խնդրին:

«Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը, շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ և իրականացմամբ, հայտարարում է, որ խստորեն դատապարտում է յուրաքանչյուր նման նախաձեռնություն, համարում է, որ նման աշխատանքները (եթե դրանք համապատասխանում են իրականությանը) նվազեցնում են ընտրական գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահությունը և ստվերում ընտրական գործընթացը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ կենտրոնական ընտրական շտաբը հետամուտ է լինելու նման փաստի վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի և իր իրավասության շրջանակներում օրենքով նախատեսված միջոցներ է ձեռնարկելու այդ անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Այս կապակցությամբ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբում գործում է նաև թեժ գիծ, հեռ.` 56 42 97:

Անձնագրեր հավաքելու մասին ավելի վաղ ահազանգել էր նաև «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ըստ որի հանրապետության տարբեր դպրոցներում, մանկապարտեզներում ծնողական ժողովներ են անցկացնում, իսկ տարատեսակ հիմնարկներում, բուհերում աշխատողների և ուսանողադասախոսական կազմի ժողովներ են հրավիրվում և հավաքում անձնագրերի պատճեններ:

«Թե բացի աշակերտների, սաների, ուսանողների, հիմնարկների խնդիրներից, էլ ինչի մասին են խոսում և կամ պատրաստվում խոսել դրանց տնօրենները, ռեկտորներին քաջ հայտնի է: Նաև հավաքում են անձնագրերի պատճեններ` խախտելով մարդու անձնական տվյալների գաղտնիությունը: Նրանք, ովքեր հրավիրված են այդպիսի ծնողական ժողովների, հավաքների, խնդրում եմ ներքին հաղորդակցությամբ կապվել ինձ հետ կամ դիմել Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ»,- ասել էր Սաֆարյանը հայտարարության մեջ:

Այս առնչությամբ Գյումրու «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը նշում է, որ ապօրինի գործողությունների բացահայտման, կանխարգելման, պատժման համար միշտ պետք է պատասխանատու լինի իշխանությունը, «սակայն եթե ՀՀԿ ընտրական շտաբը հայտարարում է, որ մենք դատապարտում ենք, ապա ձեռքերը միայն լվալ անցնելով չի»:

«Քանի որ մեր երկրում իշխանությունը թե´ Ազգային ժողովում, թե´ կառավարությունում կիսում է հենց Հանրապետական կուսակցությունը, ապա միայն ասել, որ դատապարտում են, հեշտ չեն պրծնի: Պետք է իշխանությունը միջոցներ ձեռք առնի, թե  ո´վ է այդ ապօրինությունը կատարել, և բացահայտի, կանխարգելի այն»,- «Մեդիալաբին» ասում է Բարսեղյանը:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am