Իշխանությունը փորձում է ԵՔՀ գագաթնաժողովը տեղավորել իր նեղ թիմային՝ ընտրական գործընթացների համատեքստում. Տիգրան Աբրահամյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը 

– Պարո՛ն Աբրահամյան, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստան է այցելել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, որի այցը տարբեր արձագանքներ է առաջացրել։ Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ նշանակություն ունի այս այցը և կարո՞ղ է այն որևէ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա։

– Այս պահին շատ դժվար է գնահատել, թե ինչ ազդեցություն կունենա Զելենսկու այցը Հայաստան: Դա նախ կախված է գագաթնաժողովում տեղի ունեցող միջոցառումներից, հնչող հայտարարություններից ու դրա բնույթից և մեծապես պայմանավորված է Հայաստանի իշխանությունների դրսևորած վարքագծով:

Զելենսկու այցը, ֆորմատային առումով, կարող է տարբեր նշանակություն ունենալ, իհարկե սա երկկողմ այց չէ, որ կազմակերպվել է, սա մեծ միջոցառման շրջանակներում տեղի ունեցող այց է, բայց, կրկնում եմ, շատ կարևոր է, թե Հայաստանի իշխանություններն ինչպիսի մոտեցումներ ու դիրքորոշումներ կարտահայտեն, որն ուղղակի կամ անուղղակի կվերաբերի նաև Ռուսաստանին, ու ընդհանուր առմամբ գագաթնաժողովն ի՛նչ ընթացք կունենա, ու դրա հիմքում ինչ ընդհանուր մեսիջներ կհնչեն:

– Ադրբեջանի ղեկավարը հեռավար մասնակցեց գագաթնաժողովին, կարծիքներ հնչեցին, որ կարող էր ժամանել Երևան։ Ինչո՞ւ չժամանեց Հայաստան, դա լավ առիթ չէ՞ր խաղաղության համատեքստում ցույց տալ, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղությունն արդեն անշրջելի իրողություն է, ինչպես հայկական կողմն է պնդում։

– Չեմ կարծում, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները այնպիսի կետի են հասել, որոնք պետք է ենթադրեն ղեկավարների մակարդակով այցեր: Վերջին ամենաբարձր մակարդակի այցը եղել է փոխվարչապետի մակարդակով, որի հիմքում առաջին հերթին սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների աշխատանքներն էին, որոնք համակարգում են երկու երկրի փոխվարչապետները:

Չեմ կարծում, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև մինչև պայմանագրի ստորագրումը կամ դրան մոտենալը կարելի է ենթադրել ղեկավարների մակարդակով այցեր: Համենայնդեպս, կան պրոցեսներ, որոնք կուլիսներում են ընթանում ու տեսանելի չեն, ու այս պահին դժվար է ասել, թե Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ի՛նչ մակարդակի վրա են, ի՛նչ են ակնկալում ու ինչպե՛ս են ընթանալու: 

Կա որոշակի կանխատեսում, որ Ադրբեջանն իր հերթին որոշակի քայլեր կանի, նաև հաջակցություն Փաշինյանի, որը ցույց կտա, թե խաղաղությունը մոտ է, բայց մյուս կողմից՝ Ադրբեջանից հնչում են Սահմանադրության փոփոխության պահանջով հայտարարություններ, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև ընտրությունները ֆիզիկապես ու տեխնիկապես հնարավոր չէ փոփոխություններ կատարել, ապա դժվար է ասել, թե ի՛նչ կունենանք ընտրություններից հետո այս առումով: 

– Պարո՛ն Աբրահամյան, ի՞նչ ազդեցություն է ունենալու այս գագաթնաժողովը, ի՞նչ բնույթի սպասելիքներ կարելի է ունենալ։

– Թվում է, թե սպասելիքները պետք է բարձր լինեն, հաշվի առնելով, որ մեծ միջոցառում է անցկացվում՝ մեծ թվով եվրոպական պատվիրակությունների, այդ թվում նաև՝ եվրոպացի ղեկավարների կամ ազդեցիկ դերակատարների մասնակցությամբ, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի այս իշխանությունը փորձում է այս գագաթնաժողովը տեղավորել իր նեղ թիմային՝ ընտրական գործընթացների համատեքստում և ըստ այդ ստանալ եվրոպական սատարում:

Իհարկե ակնհայտ է՝ երբ, եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծ թվով եվրոպական կառույցների ներկայացուցիչներ, եվրոպական երկրների ղեկավարներ շահագրգռված են ընտրություններում գործող իշխանությունների հաջողություն ունենալու, ու որևէ մեկը չի էլ թաքցնում, որ այս միջոցառումը Երևանում անցկացվում է նաև այդ աջակցությունը ապահովելու տեսանկյունից: Այսինքն՝ խնդիրն այն է, որ սա շատ ավելի նեղ քաղաքական, թիմային ակնկալիք է ձևավորել գործող իշխանության համար: Իսկ ինչ վերաբերում է համահայկական կամ հայկական շահերի ներկայացմանը՝ շատ ավելի գլոբալ առումով, դրանում որևէ արտահայտություն չի գտել: 

Մեկ այլ խնդիր է, թե այս գագաթնաժողովն ի՛նչ մեսիջներ կփոխանցի նաև արտաքին հանրությանը: Նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ այս գագաթնաժողովը տարբեր տարիներին եղել է հակառուսական հարթակ, ու եթե նույնը տեղի ունենա նաև Երևանում, բնականաբար, խնդիր է դառնալու Հայաստանի համար: 

Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, թեև անդամակցությունը սառեցված է, Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, Ռուսաստանի հետ ունի դաշնակցային հարաբերություններ, որոնք հատկապես վերջին տարիներին տարբեր մեկնաբանությունների ու քննարկումների առիթ են դարձել, այնուամենայնիվ, Ռուսաստանի ու Հայաստանի միջև եղած պայմանագրային այդ բազան չեղարկված չէ: 

Մյուս կողմից՝ հասկանալի է, որ սա Ռուսաստանի համար սա խիստ զգայուն հարց է, ու նման հանդիպումները, որոնք հաճախ ունենում են ընդգծված հակառուսական բնույթ, բնականաբար, Ռուսաստանի կողմից էլ համապատասխան հակազդեցության են արժանանում, ու քանի որ հարթակը Հայաստանն է, բնականաբար, այդ հակազդեցությունը շատ ավելի կոշտ կարող է լինել: Շատ բան կախված է, թե վերջնական ինչ հայտարարություն կլինի, Հայաստանի հետ կապված ինչ պայմանավորվածություն ձեռք կբերեն, ու տարբեր հարցերի հետ կապված Հայաստանի դիրքորոշումն ինչպիսին կլինի: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am