Պարո՛ն վարչապետ, այդ գրիչն արդեն ծիծաղելի չէ

Մհեր Արշակյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր անհամարժեք հարվածը։ Պարզվում է՝ Հրայր Թովմասյանը հեղափոխությունից հետո «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների առաջին նիստին վարչապետին գրիչ է տվել ու հրաժարվել է հետ վերցնել։

Փաշինյանը երկար է մտածել՝ պահի՞ մոտը, թե՞ նետի աղբանոցը։ Ի վերջո պահել է որպես «ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն»։ 

Այստեղ խնդիր կա։ Այն էլ՝ ի՜նչ խնդիր։ Առաջինն այն է, որ դուք՝ որպես համայն հայության սիրո և հանդուրժողականության մարմնացում, ձեզ մոտ պահում եք քծնանքի մասունքը՝ գրիչը, որ հետո բոլորին ցույց տաք, թե տեսե՛ք՝ ահա՛ այս իրեղեն ապացույցը, թե ինչպե՛ս են ինձ քծնում։

Դուք դա կարող էիք դեն չնետել, ոչ մի խնդիր, բայց պետք է լռեիք, քանի դեռ Հրայրն ինքը չի ասել, որ «երախտամոռ» վարչապետն ինձնից ընդունել է թանկանոց նվեր՝ գրիչը։ Երկրորդն այն է, որ վերցնելով՝ դուք հենց մարդկայնություն եք ցուցաբերել ՍԴ ոչ լեգիտիմ նախագահի հանդեպ՝ հասկացնելով, որ գրիչն ընդունելու մեջ քենն անելիք չունի, խռովկան երեխաներ չեք։

Բայց հետո, պարզվում է, չէ՛, դուք հաշիվներ ունեք այդ գրիչի հետ։ Դուք ձեր մարդկայնությունը շուռ եք տվել Հրայրի դեմ, որը, այո՛, մարդ չի եղել մի ամբողջ պետության հասցեին։ Երկու տարի առաջ դուք այսօրվա համար սյուժե եք գծել, որ խաղարկեք։ Տեղն եկել է, ու խաղարկել եք։ Բայց դա գրիչ է, գրո՛ղը տանի, գրիչի հետ ի՞նչ գործ ունեք։ 

Հա՛, «վարչապետ ջան»-ը ծիծաղելի է, հա՛, ոչ մեկը չի կասկածում, որ Հրայրն իր աթոռը պահպանելու համար հաստատ քայլեր ձեռնարկած կլինի, բայց՝ գրիչո՞վ։ Դուք գրիչը վերցրել եք սիրո ու հանդուրժողականության անունից, այդպես է ընկալել Հրայրը, այդպես են ընկալել Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը, բայց հասարակությանը մատուցում եք որպես քծնա՞նք։ Նույնիսկ եթե այդ մարդն իսկապես քծնել է։ 

Այս երկու տարվա ընթացքում ովքե՞ր են եղել ձեր խորհրդականները, թե՞ դուք ոչ մեկին չեք լսում։ Ձեզ պիտի ասած լինեին, որ պետության ղեկավարը նման տեղեր մտնելու կարիք չունի։ Եթե իր գործն արդար է, անարդարը դուրս կմղվի հենց սիրով ու հանդուրժողականությամբ։

Արժե՞, որ համաժողովրդական ամբողջ վարկանիշը մի գրիչով ջարդվի Հրայր Թովմասյանի վրա։ Ինչո՞ւ եք մեզ շփոթեցնում։

Թե՞ մեր էթիկայի դասերը վաղուց սպառել են իրենց, և մարդուն ոչնչացնելու բոլոր միջոցներն ընդունելի են։ Ինչո՞ւ ձեզ հետ չհամաձայնողն այսօր պիտի վախենա հակահեղափոխական երևալ։ Ինչու չունե՞նք անհամաձայնության այնպիսի թեմա, որտեղ և՛ մեր, և՛ ձեր գլուխը կարող է բարձր մնալ։ 

Ինձնից ձեզ խորհուրդ. քծնանքի այդ «մասունքը» դեն նետեք և ձեր կյանքից ջնջեք այդ էջը։

Այդ գրիչն արդեն ծիծաղելի չէ, այդ գրիչն արդեն խժռում է հեղափոխությունը։ Այս պետությունն ավելի լուրջ փաստերի է արժանի հակահեղափոխականների դեմ պայքարի համար։

Բոլորն այդ պայքարում իրավունք ունեն հաջողելու կամ ձախողելու բարձր գլխով, մեր գլուխները մի՛ հավասարեցրեք գետնին։ Հրայր Թովմասյանը պատմություն կդառնա իր խայտառակ Սահմանադրությամբ, իր «վարչապետ ջան»-ով, ձեր դեմ ներկայացրած իր ապարդյուն դատական հայցով, Հանրապետականի հետ իր համագործակցությամբ, բայց պատմությունը ձեզ համար արժանապատվության ավելի մեծ տարածություն է պահել։

Այդ տարածության մեջ մենք էլ կանք, մի՛ խանգարեք մեզ միասին քայլենք այդ տարածությունը։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am