Մենք իրավիճակը փոխելու շատ փոքր շանս ունենք , քանի որ շատ քայլերի վերաբերյալ Ադրբեջանը և Ռուսաստանը արդեն պայմանավորվել են. Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը

– Պարո՛ն Նավասարդյան, վաղը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ կան: Մամուլը գրում էր մոսկովյան հանդիպման մասին, փոխարենը Բրյուսելում կայանալու է այս հանդիպումը:

Ես կարծում եմ՝ մեկը մյուսի փոխարեն չի, քանի որ բանակցությունների ամեն մի ուղղություն, ձևաչափ ունի իր օրակարգը, որոնք ցանկալի է, որ ինչ-որ մի տեղ խաչվեն, սակայն դա կարծես մինչ այսօր տեղի չի ունենում, քանի որ մոսկովյան ձևաչափը հիմնականում շատ կոնկրետ ուղղություններով ենթադրում է հարցերի քննարկում: Դա և՛ սահմանի հետ կապված հարցն է, և՛ հաղորդակցությունների ապաշրջափակումը: 

Բնականաբար, այնտեղ կարող են քննարկվել Արցախը և Հայաստանը միացնող միջանցքի հարցերը՝ հաշվի առնելով, թե որքան արդիական են դրանք այսօր: Բրյուսելի ձևաչափում ավելի շատ անդրադարձ կա ընդհանուր կարգավորման հարցին, և ակնհայտորեն Ադրբեջանը փորձելու է օգտագործել այդ հանգամանքը, որ պնդի, որ հնարավորինս արագ պետք է ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը: 

Ինչպես գիտենք, Մոսկվան նման զարգացումների մեջ առանձնապես շահագրգռված չէ: Այնպես որ, մի կողմից դրանք փոխլրացնող ձևաչափեր և հարթակներ են, բայց մյուս կողմից՝ եթե ամեն մի հարթակում որպես առաջնահերթություն հենց իր օրակարգը դրված լինի՝ առանց հաշվի առնելու մյուսի օրակարգը, դա կարող է նաև խանգարող հանգամանք լինել ընդհանրապես փոխըմբռնման և լուծումների որոնման համար:

– Նշում եք, որ բրյուսելյան այցը հերթական շանսն է Հայաստանի և Արցախի համար անցանկալի զարգացումները կանխելու, սակայն հիմա շանսն ավելի փոքր է: Ի՞նչ զարգացումների մասին է խոսքը:

– Ես առաջին հերթին նկատի ունեմ, որ կան բազմաթիվ կոնկրետ հարցեր, որոնց շուրջ պետք է անմիջապես բանակցեն Հայաստանը և Ադրբեջանը: Եվ կարծես թե Շառլ Միշելի նախաձեռնությունը միտված է նրան, որ ստեղծվի նման ուղիղ հաղորդակցության հնարավորություն, քանի որ Շառլ Միշելը ոչ այնքան միջնորդի, որքան մոդերատորի դերակատարություն է ստանձնել: Եվ այստեղ կարևոր է նշել այն, ինչի մասին հիմա բավականին ինտենսիվ խոսվում է, որ Շառլ Միշելն այստեղ ունի նաև ԱՄՆ աջակցությունը: 

Հիմա որտե՞ղ ենք մենք, ըստ իս, շանսերը բաց թողնում. մենք շարունակում ենք կոնկրետ հարցերը քննարկել միայն Մոսկվայի ձևաչափով, որտեղ, ցավոք, առաջնային դերերում Ռուսաստանն ու Ադրբեջանն են, և նաև քողարկված ձևով այնտեղ բավականին լուրջ մասնակցություն ունի Թուրքիան: 

Եվ մենք ականատես ենք եղել, թե ինչպիսի ինտենսիվ հանդիպումներ կային Պուտին-Էրդողան-Ռայիսի ձևաչափում, և ցավալին այն է, որ այդ շփումների արդյունքում Հայաստանի առջև դրվում են արդեն պատրաստի լուծումներ, որոնք որոշ չափով համաձայնեցված են Ադրբեջանի հետ, բայց Հայաստանի հետ չեն քննարկվել կամ այնպես չեն քննարկվել, որպեսզի Հայաստանը կարողանա իր այլընտրանքային պատկերացումները ներկայացնել: 

Եթե նման գործընթացը շարունակվի, մենք զրկվում ենք Բրյուսելի հարթակից, մի ձևաչափ, որտեղ կարող ենք անմիջապես Ադրբեջանի հետ քննարկել և լուծումներ գտնել մեզ համար կարևոր հարցերի շուրջ: Եվ դա տեսնելով՝ Ադրբեջանը բավականին ինտենսիվ է օգտագործում Ռուսաստանի հետ իր կապերը, և, փաստորեն, մոտակա պլանները, իմ պատկերացմամբ, արդեն համաձայնեցված են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, իսկ մենք ամեն անգամ փաստի առաջ ենք կանգնում: 

Բնական է, որ դա որևէ կերպ չի արտացոլում Հայաստանի և արցախահայության առաջնահերթությունները: Կրկնում եմ՝ մենք շանս ունենք փոխել իրավիճակը, բայց մեր շանսը հիմա ավելի փոքր է, քան եղել է դեկտեմբերին, ապրիլին կամ մայիսին, քանի որ այդ ժամանակահատվածում արդեն բավականին շատ քայլերի վերաբերյալ Ադրբեջանը և Ռուսաստանը պայմանավորվել են: 

– Պարո՛ն Նավասարդյան, նշվում է, որ բրուսելյան հանդիպմանը կհաջորդի մոսկովյան հանդիպումը, ապա Թեհրանում 3+3 ձևաչափով հանդիպում տեղի կունենա: Ի վերջո, բոլոր այս ձևաչափերից ո՞րն է կենսունակ լինելու: Մինսկի խմբի ձևաչափը որքանո՞վ կկարողանա կենսունակ լինել:

Կարծում եմ՝ իր բովանդակցությամբ, ոչ թե վերջնարդյունքով, բրյուսելյան ձևաչափը կհաջողի միայն այն դեպքում, եթե Հայաստանն իրեն պրոակտիվ պահի, այսինքն՝ փորձի սեղանին դնել շատ կոնկրետ խնդիրներ, իր մտահոգությունները, կասկածները գործընթացների վերաբերյալ և իր այլընտրանքային առաջարկները, նաև ակնկալիքները Ադրբեջանից: 

Եթե դա տեղի չունենա, ապա հիմնական լուծումները Բրյուսելի ձևաչափում չեն լինի: Այնտեղ լավագույն դեպքում կարող է ստորագրվել ընդհանուր մի փաստաթուղթ, որի հետևում բովանդակային առումով կան կոնկրետ հարցեր, որոնց այդ փաստաթղթում անմիջական անդրադարձ չի լինելու: 

Իսկ կոնկրետ խնդիրները լուծվելու են այլ ձևաչափով՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան հանդիպումների ընթացքում, ինչպես նաև պայմանական 3+3 ձևաչափով, որտեղ, ինչպես փորձը ցույց է տալիս, ակտիվ բանակցություններ գնում են Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ, իսկ Հայաստանի՝ բովանդակային առումով մասնակցությունն ու առաջարկությունը համարյա չկան կամ շատ պասիվ է: Այսինքն՝ հիմնական խնդիրների լուծման ճանապարհին հաշվի են առնվում ոչ թե մեր, այլ չորս երկրների շահերը: 

Նաև հաշվի առնելով, որ ներկա պայմաններում իրար հետ ավելի հեշտ են լեզու գտնում Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան, նաև Իրանի շահերը կամ մոտեցումները երկրորդական դերակատարություն ունեն, և Իրանը, չունենալով ավելի մեծ հնարավորություններ, հարմարվելով՝ իր շահը որոշ չափով իրացնում է, բայց Հայաստանը, փաստորեն՝ ոչ:

Մանե Հարությունյան

MediaLab.am