Արցախում սոցիալական խնդիրների մոտ 98 տոկոսը պետական աջակցությամբ լուծում է ստացել. Մանե Թանդիլյան

Պետական ֆինանսական ուղիղ աջակցություն է ստացել արցախցի 108 հազար ընտանիքից՝ մոտ 100 հազարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացրել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ Աժ նիստի հարցուպատասխանի ընթացակարգի ժամանակ:

Մեկնաբանելով՝Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Մոսիյանի այն հարցադրմանը, որը  վերաբերում է Արցախում սոցիալական խնդիրների լուծված լինելու հանգամանքին, Մանե Թանդիլյանը  հայտնել է, որ  հրատապ լուծում պահանջող  խնդիրների մոտ 98 տոկոսը  պետական  ֆինանսական ուղիղ աջակցությամբ լուծում է ստացել: 

« Արցախցի միջին՝ 5 հոգանոց ընտանիքը ստացել է 2 միլիոն դրամի չափով  պետական ուղիղ աջակցություն: Այդ շրջանակներում  բազմաթիվ ընտանիքներ ապահովվել են կենցաղային տեխնիկայով,գույքով,կացարանով:

Սոցիալական մի շարք խնդիրների լուծման հարցում՝ առկա են որոշ ենթակառուցվածքային խնդիրներ, որոնք պատրաստ չէին պատերազմական ու հետպատերազմական  իրավիճակին: Ամենօրյա ռեժիմով ստանում ենք այդպիսի բազմաթիվ խնդիրների վերաբերյալ բարձրաձայնումներ և  հետամուտ ենք դրանց լուծմանը: Հրատապ ու չլուծված խնդիրներից է բնակարանային ապահովումը:

Այս հարցի լուծումը դիտարկում ենք գյուղական բնակավայրերում: Այժմ քննարկում ենք այնպիսի ծրագիր, որի միջոցով մարդիկ համոզված կլինեն՝  երբ և ինչպիսի բնակարան կստանան»,-ասաց Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարը՝ հավելելով, որ Արցախ վերադառնալու և  Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների՝ մեր  վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում վերահաստատվելու կոչին, արդեն 300 քաղաքացի է արձագանքել: