ՀՀ ԱԳ փոխնախարարը և Իրաքի խորհրդարանականներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մարտի 16-ին ընդունել է Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը՝ խմբի նախագահ Մուհամմադ Սադիկ Մուհամմադի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ողջունելով պատվիրակության անդամներին՝ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել Իրաքի հետ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման առկա դրական դինամիկան՝ այս առնչությամբ առանձնահատուկ ընդգծելով երկու երկրների խորհրդարանների դերակատարությունն ու գործադրվող ջանքերը:

«Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում հայ-իրաքյան փոխգործակցությունը տնտեսության, առողջապահության, կրթության և զբոսաշրջության ոլորտներում: Շեշտվել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի: Նախարարի տեղակալը համապարփակ ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Վահան Կոստանյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը՝ նշելով, որ Հայաստանը ավանդական բարեկամական հարաբերություններ ունի արաբական պետությունների ճնշող մեծամասնության հետ: 

Նշվում է, որ Վահան Կոստանյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Իրաքի անկողմնակալ դիրքորոշման համար: