Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետի պաշտոնում կհամակարգի մի քանի ոլորտ

Երևանի նորընտիր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կհամակարգի Երևանի շինբարեկարգման, կանաչապատման,  մշակույթի,  կառավարության հետ իրականացվող ծրագրերի ոլորտները, ինչպես նաև կվերահսկի և կհամակարգի  թաղապետարանների աշխատանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա նշեց, որ  հանրային շահը պետք է գերակա լինի անհատական շահից և հենց այդ բանաձևով էլ պետք  է լուծել բոլոր խնդիրները:

«Մեր երազանքի Երևանը հնարավոր չէ ունենալ առանց երևանցիների օգնության: Երևանի համար պետք է հոգ տանի յուրաքանչյուր բնակիչ, ինչպես մի մեծ ընտանիքում և այդ մշակույթի սերմանումը մեր առաջնային նպատակներից է: Որքան էլ մեր մաքրության պահապանները մեր հետևից հավաքեն, մաքրությունը մեր բոլորիս հանրային պատասխանատվությունն է: Մեր կողմից հասանելիքն անելով՝ վստահ եմ, որ քաղաքում բոլորովին այլ մթնոլորտ կձևավորենք»,-ասաց Ավինյանը՝ հավելելով, որ քաղաքում չկան մանր խնդիրներ , որովհետև հենց մանրուքներն են վնասում առողջ միջավայրը` փչացնելով մեր առավոտն ու երեկոյան հանգիստը:

«Իմ մշտական կապը ես պահպանելու եմ երևանցիների հետ` վարչական շրջայցերով ընդունելություններով, օգտագործելով էլեկտրոնային հարթակները»,-նշեց նա: