Խոսել առանց փաստերի, հենց այնպես դուրս տալ, ուղղակի անբարո է. պատգամավորը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը

– Պարո՛ն Ասլանյան, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում դժգոհություն էր հայտնում ռազմական գործողությունների կազմակերպման վատ ընթացքից, ասում էր, որ փորձառու զինվորականները այս պատերազմին մասնակցություն չեն ունեցել, նրանց կարծիքն անտեսվել է ռազմական գործողությունների ժամանակ:

Դուք ևս մասնակցել եք պատերազմին, հիմնավոր համարո՞ւմ եք այդ հայտարարությունը:

– Ո՛չ, բացարձակապես: Ինչ նա ասում է, ստում է, ստում է անբարո կերպով: Ես երեք պատերազմի միջով անցած մարդ եմ: Այն, ինչ տեսա 2016 թվականին, սարսափելի էր:

Բանակի վիճակը սարսափելի էր՝ սկսած մեքենաների դրությունից, վերջացրած շատ սովորական մեքենաներով:

Բանակը թալանված էր ու թալանվում էր: Ինչի՞ մասին է խոսքը, եթե 2016-ին մենք՝ մահապարտների հատուկ գունդը, որ Մարտունի 3-րդում էինք, տեսել ենք, թե ինչ վիճակում էին մեքենաները, զենքերը: Ուղղակի սարսափելի է:

– Բայց Սերժ Սարգսյանն ասում է, որ նման վիճակը չի խանգարել իրենց, որ հաղթեն թշնամուն: Նա ասում է՝ 92-94-ին, 2016-ին, չունենալով տարբեր զինատեսակներ, հաղթել են թշնամուն, քանի որ ռազմական գործողությունները վարել են գիտակ մարդիկ:

– 2016-ին հաղթե՞լ ենք. 2016-ին կանգնեցրել ենք թշնամուն շնորհիվ հայ զինվորի քաջության: 2016-ին Ադրբեջանը փորձ էր անում, այսպես ասած, հասկանալու՝ ինչ պետք է անի հետագայում:

2016-ին Ադրբեջանի թիկունքին չկար Թուրքիան, չկային հազարավոր ահաբեկիչներ, 2016-ին Ադրբեջանի թիկունքին չկար Պակիստանը:

Խոսել առանց փաստերի, հենց այնպես դուրս տալ, ուղղակի անբարո է, 2016-ը նույնացնել այսօրվա հետ, առնվազն սրիկայություն է, որովհետև 2016-ին Ադրբեջանը այդքան զինված չէր:

Թող իրենք վերցնեն, ուսումնասիրեն, թե Ադրբեջանը ինչ մեծ քանակությամբ ավելացրեց ու հզորացրեց իր զինապահեստը, ինչ հսկայական գործ կատարվեց Թուրքիայի կողմից՝ հավաքագրելով հազարավոր ահաբեկիչների: 

– Գիտե՞ք, նա ասում է, որ 2018-24 թվականների զինված ուժերի զարգացման պլան են ունեցել ապրիլյանի տված դասերից հետո ու նախատեսում էին զինատեսակներն ավելացնել, այդ թվում՝ գնել մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ: Բայց նոր իշխանությունները փոխել են զարգացման այդ պլանը:

– Ոչ մի բան էլ չեն փոխել, ոչ մի բան: Բացարձակ: Ընդհակառակը, հարցն այն է, որ Հայաստանը հենց 2018-ից հետո շատ ավելի մեծ թափով սկսեց բանակի նորացումը և սկսեց իսկապես կարգավորել զինված ուժերը, արդյունքում բանակը սկսեց նորմալ հագնվել, սկսեց կուշտ ուտել ու կամաց-կամաց դառնում էր այն զինվորը, որը կարող էր պաշտպանել հայրենիքը:

Թուրքիայի ծրագիրն էր հարձակումը սկսել հենց այս պահին, երբ կորոնավիրուսի համավարակ է, իսկ իրենց ուժերն էլ միավորված էին: Ադրբեջանը ինքն իրենով, նույնիսկ այդ քանակությամբ զենքով էլի ոչինչ չէր կարող անել հայ զինվորի դեմ:

Պետք է բոլոր հանգամանքները հաշվի առնել, և Սերժ Սարգսյանը սրիկայաբար խեղաթյուրում է ամեն ինչ և բոլորը ներկայացնում է ի շահ իրեն՝ մոռանալով, որ իր, իր եղբայրների, իր նմանների պատճառով է բանակը թալանվել:

Աղքատ երկրում հարուստ լինելը անբարոյականություն է, հարուստ երկրում աղքատ լինելը՝ անճարակություն:

Հիմա մենք այնքան անբարոներ ունենք, որ միայն իրենց հարստության մասին են մտածում: 94 թվականից հետո Հայաստանը գցել են թմբիրի մեջ, միլիոններ են թալանել, դղյակներ կառուցել Հայաստանում, Արցախում, ստեղծել օլիգարխիկ դաս ու վայելել աղքատների հաշվին:

– Պարո՛ն Ասլանյան, ձեր իշխանությանը մեղադրում են անկազմակերպ ռազմական գործողություն վարելու, պատշաճ մոբիլիզացիա չկազմակերպելու համար: 

– Այո՛, անկազմակերպ է եղել, որովհետև դավաճաններ են եղել: Այո՛, դիտավորյալ ստեղծել են մի պայման, որ մենք անպայման պարտվենք:

Մեզ ասում են՝ ժողովուրդը տեղյակ չէր՝ ինչ է կատարվում ճակատում: Տեղյակ կլիներ, եթե մի փոքր տրամաբաներ: Օրինակ՝ Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ թշնամին Շուշիի մատույցներին մոտ է, գտնվում է 5-6 կմ հեռու:

Մի՞թե դա զգուշացում չէ, որ դրությունը ծանր է, կամ Փաշինյանն ասում էր՝ մարդիկ են պետք, օգնություն է պետք: Խնդրում էին օգնել, մի՞թե խելամիտ մարդուն հասու չէր՝ ի՛նչ է տեղի ունենում:

Ցավոք, այդ օրերին ես վիրավոր պառկած էի հիվանդանոցում, գրեթե անգիտակից: Ես հետո նայել եմ կադրերը, հասկանում էի՝ ինչ է կատարվել:

Մենք եթե բոլոր հայտարարություններին ուշադիր լինեինք, կհասկանայինք, որ ճակատում իրավիճակը ծանր է:

– Այդ ծանր վիճակը չի ներկայացվել, մարդկանց անընդհատ մատուցվել է տեղեկություն, որ հաղթում ենք, ինչն էլ հետո դժգոհություն առաջացրեց հանրության շրջանում:

– Ճիշտ է, հանրությանը ուղղակի չի ներկայացվել, քանի որ պատերազմի ժամանակ չի կարելի ասել ամբողջ ճշմարտությունը, ինչը էլ ավելի կավելացներ խուճապային վիճակը:

Բոլորը պետք է հասկանան, որ պատերազմի պայմաններում չի կարելի ասել այն, ինչ խաղաղ պայմաններում է ասվում:

Եվ հակառակը: Գիտեք ինչքան ցավ է, այո՛, ամեն ինչ բարձիթողի է եղել, արվել է ամեն ինչ, որ պարտություններ լինեին:

Այսօր որ կանգնում են, ինչ-որ հարցազրույցներ են տալիս, Մովսես Հակոբյան է, ինչ է… Մի հատ հարցրեք՝ ինչ դղյակներ է կառուցել բանակի հաշվին: 

– Իսկ դուք գիտեի՞ք, որ Սերժ Սարգսյանը, ինչպես ինքն ասաց, «ոչմիթիզական» չէ:

– Ես գիտեի, որ բանակցությունների ընթացքում մշտապես նախապատրաստվել են տարածքները վերադարձնելուն: Ժողովրդին խաբել են, որ տարածքները չեն վերադարձվի, բայց իրենք բանակցել են հակառակը: 

– Բայց այդ տարածքներում ներդրումներ են կատարվել, ՀԷԿ-եր են կառուցվել:

– Գիտեմ, այդ ներդրումներն արել են այնքանով, որ ժամանակի մեջ շահույթներ ստանան: Վերջացավ գնաց: Օրինակ՝ ճանապարհ են կառուցել, փող են կերել, ՀԷԿ են կառուցել, և քանի հնարավոր է, փող են ստացել: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am