Պաշտպանության նախարարությունն արժանացել է հայ իրավապաշտպանների քննադատությանը համացանցում հայտնված հայտնի տեսանյութի վերաբերյալ ՊՆ հայտարարությունից հետո: Սեպտեմբերի 22-ին ՊՆ-ը հաղորդագրություն էր տարածել, որում հրապարակել է թե տեսանյութում բռնություն կատարող սպայի և թե բռնության ենթարկված երկու զինծառայողների տվյալները:
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը «ոչ նորմալ» է համարում այն, որ ՊՆ-ը հրապարակել է տուժողների անունները:
«Դա վիրավորում է մարդու արժանապատվությունը, իմ կարծիքով` պաշտպանության նախարարությունը նման բան չպիտի աներ: Ավելին` կարծում եմ դա ոչ միայն քննադատության, այլ նույնիսկ քրեական պատասխանատվության հարց է»,- «Մեդիալաբին» ասում է Դանիելյանը` առաջարկելով քրեական պատասխանատվության կանչել այն անձանց, ովքեր հրապարակել են տուժող զինծառայողների անունները:
Համացանցում գրեթե երկու շաբաթ առաջ հրապարակված տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության շրջանում: Գրեթե հինգ րոպե տևողությամբ տեսանյութում կիսամերկ սպան ծաղրում և բռնություն է գործադրում երկու ժամկետային զինծառայողների նկատմամբ` քաշելով նրանց ականջները, ապտակելով դեմքին, ջուր լցնելով նրանց գլխին:
Ըստ ՊՆ հաղորդագրության` այս տարվա հուլիսին N զորամասի տարածքում տեղի ունեցածի գլխավոր «հերոսը» մայոր է:
«Նույն զորամասի զինծառայող, մայոր Սասուն Միքայելի Գալստյանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ ծեծի և ծաղրուծանակի է ենթարկել զորամասի ժամկետային զինծառայողներ, սերժանտ Գարիկ Նորայրի Հարությունյանին և շարքային Բակուր Ռոբերտի Եղիկյանին: Գարիկ Նորայրի Հարությունյանը և Բակուր Ռոբերտի Եղիկյանը քրեական գործով ճանաչվել են որպես տուժողներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ»,- գրված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Ըստ ՊՆ հաղորդագրության` Սասուն Միքայելի Գալստյանին սեպտեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր.-ի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Առգրավվել է բջջային հեռախոսը, որով տեսանկարահանվել են նշված գործողությունները: Կատարվում են տեսանկարահանող զինծառայողի, նրա հոր և եղբոր հարցաքննություններ:
Տեղի ունեցած աղմկահարույց դեպքի վերաբերյալ քաղաքական ուժերից հայտարարությամբ հանդես գալով` միայն ՀԱԿ-ը պահանջել է իշխանություններից հրապարակավ ու պաշտոնապես երաշխավորել երկու զինվորների անձեռնմխելիությունը.
«Իշխանությունը պարտավոր է հրապարակավ ու պաշտոնապես երաշխավորել տեսանյութի հեղինակի և տարածողների ազատությունը, անվտանգությունն ու անձեռնմխելիությունը, քանի որ նրանք իրացրել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված` տեղեկություններ հայթայթելու, ստանալու և տարածելու իրենց իրավունքը և անպարտ են: ՊՆ-ն պետք է ներողություն խնդրի` նախապես նրանց հասցեին հնչեցրած սպառնալիքների համար»,- նշված է սեպտեմբերի 22-ին տարածած ՀԱԿ-ի հայտարարության մեջ:
ՊՆ «գործողությունները»` հատկապես տուժողների անունները հրապարակային դարձնելը, արդեն իսկ հայտնվել են իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «Մեդիալաբի» հետ զրույցում հայտարարեց, որ նման տվյալներ հրապարակելուց առաջ ՊՆ-ն նախ պետք է ստանար տուժողների թույլտվությունը:
«Կարծում եմ, որ տուժողներին պետք է հարցնեին, նախքան նրանց անունները հրապարակելը, բայց մյուս կողմից էլ` եթե գործընթաց է գնում, ապա նրանց վաղ թե ուշ, միևնույն է` ճանաչելու էին»,- «Մեդիալաբին» ասաց օմբուդսմանը:
Քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Վարդան Հարությունյանը ևս «Մեդիալաբին» ասում է, որ իրավական տեսանկյունից կարելի է նորմալ համարել տուժած անձանց անունների հրապարակումը, քանի որ արդեն կա հարուցված քրեական գործ, սակայն ամեն դեպքում «վտանգավոր» է համարում:
«Մյուս կողմից` հատկապես Հայաստանի պայմաններում, իհարկե, այդ փաստը տեսանյութի երիտասարդների համար վտանգավոր է, քանի որ դա նվաստացնում է նրանց արժանապատվությունը: Դա նրանց համար հերթական նվաստացում կլինի»,- «Մեդիալաբին» ասում է Հարությունյանը:
Սակայն իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ասում է, որ «մինչև նախաքննության ավարտը, զուտ բարոյականության տեսանկյունից ճիշտ չէր տուժած անձանց անունների հրապարակումը»:
Ըստ Սաքունցի` բռնություն կատարած անձի անունը պարտավոր էին հրապարակել մինչև նախաքննության ավարտը, սակայն տուժողների պարագայում նախաքննության մարմինը պետք է առաջնորդվեր մարդու բարի համբավը կարևորելու տեսանկյունից, քանի որ այդ երիտասարդները ոչ թե բռնություն գործողներ են, այլ` տուժողներ:
Իրավապաշտպանի տարակուսանքն է հարուցել նաև սպային առաջադրված մեղադրանքի որակավորումը. Նա մեղմ է համարում բռնություն կատարած սպային Քր. օր.-ի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով մեղադրելը, այն դեպքում, երբ կա Քր. օր.-ի 119` Խոշտանգում, հոդվածը և նույն` 375-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը:
Արթուր Սաքունցի մատնանշած 2-րդ և 3-րդ մասերը հետևյալն են. 2. Նույն արարքները, որոնք անզգուշությամբ ծանր հետևանքներ են առաջացրել, պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով, և 3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ` յոթից տասներեք տարի ժամկետով: Իսկ Ղարաբաղում, ինչպես հայտնի է, ռազմական դրություն է հայտարարված:
«Այսինքն` նախաքննության մարմնի կանխակալ վերաբերմունքն ակնհայտ է, ինչը ոչ կոմպետենտության մասին է խոսում»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:
Սակայն իր հերթին ՊՆ-ը նորմալ է համարում գործով անուններ հրապարակելը:
«Նրանք ճանաչվել են որպես տուժող: Եթե մենք նրանց անունները չհրապարակեինք, հիմա էլ հակառակ հարցադրումը կանեին, թե ինչո´ւ չենք հրապարակում,- «Մեդիալաբին» ասում է ՀՀ ՊՆ մամլո ծառայության ներկայացուցիչ Մուշեղ Աղեկյանը: – Քննչական ծառայությունը նման որոշում է կայացրել, և մենք հրապարակել ենք նրանց անունները»:
Քրիստինե Խանումյան
© Medialab.am